Այս կարծիքին է «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պաշտոնապես հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից Արմեն Հարությունյանի հրաժարականի դիմումը. «Նկատի ունենալով մրցույթի արդյունքում Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու հանգամանքը եւ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ մասի՝ Ձեզ եմ ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից իմ հրաժարականի մասին դիմումը»: Ըստ վկայակոչված օրենսդրական դրույթի՝ եթե Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի հրապարակումից հետո 3 օրվա ընթացքում հետ չի վերցնում դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:
Ամենալավատեսական սցենարի դեպքում Մարդու իրավունքների նոր պաշտպանին ԱԺ-ն կընտրի փետրվարի 10-ին: Սակայն առավել հավանական է, որ ընտրությունը կայանա խորհրդարանական հաջորդ՝ փետրվարի 28-ից մարտի 3-ի քառօրյայում: Իսկ մինչ այդ Հայաստանում չի լինի Մարդու իրավունքների պաշտպան՝ նրա լիազորությունները որեւէ մեկին չեն փոխանցվել: Մեր հարցերին, թե ինչպես է գնահատում այս փաստը՝ արդյոք այն անդրադարձ կունենա՞ մարդկանց պաշտպանվածության վրա, թե՞ ոչ՝ «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը այսպես արձագանքեց. «Ենթադրելի է, թե փետրվարի 1-ից, ինչ նա հրաժարական ներկայացրեց, մինչ այժմ քաղաքացիների որքա՜ն դիմում-բողոքներ են կուտակվել: Բայց հարցին այլ տեսանկյունից եմ ցանկանում անդրադառնալ: Ե՛վ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ ընդհանրապես՝ յուրաքանչյուր պետությունում մարդու իրավունքների պաշտպանը կարեւոր ինստիտուտներից մեկն է: Պատահական չէ, որ այդ պաշտոնին նշանակվում են բարդ ընթացակարգով: Եվ հիմա պարզվում է, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է մրցույթի, հաղթել, դրա համար հրաժարական է տալիս: Իսկ եթե չհաղթեր՝ շարունակելո՞ւ էր աշխատել որպես ՄԻՊ: Նախադեպ ունենք՝ Ալվինա Գյուլումյանի հետ կապված, որը ՍԴ դատավոր էր եւ էլի նշանակվել էր բարդ ընթացակարգով: Բայց որպես քաղաքացի, ինձ համա
ր հասկանալի էր, երբ նա գնաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելու Հայաստանը: Սակայն հասկանալի չէ, թե ինչպե՞ս է պատճառաբանվում, որ Արմեն Հարությունյանն աշխատելով Մարդու իրավունքների պաշտպան՝ մասնակցել է այլ աշխատանքի համար մրցույթի: Օրինակ, հասկանալի էր, որ Հայաստանի առաջին Մարդու իրավունքների պաշտպանը՝ Լարիսա Ալավերդյանը, դադարեց պաշտոնավարել, քանի որ աշխատանքի բերումով ընդհանուր հայտարարի չեկավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Դա ինչ-որ առումով ի շահ ժողովրդի էր, քանի որ ՄԻՊ-ը պետք է գտնվի իշխանության եւ ընդդիմության, հասարակության մեջտեղում: Եվ բնականաբար, միշտ պետք է լինի դժգոհություն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից: Մեկը պետք է ասի՝ դու շատ ես անում, մյուսը՝ քիչ ես անում: Եվ բնականաբար՝ դրանից օգտվում է հասարակությունը: Արդյոք պատվավոր ու պատասխանատու աշխատա՞նք չէ ՄԻՊ-ի գործը: Եվ ուրեմն՝ պե՞տք էր արդյոք ստեղծել նման վատ նախադեպ, որ վաղաժամկետ վայր դրվեին լիազորությունները՝ հանուն մեկ այլ աշխատանքի: Հետաքրքիր է, թե որեւէ այլ պետության մարդու իրավունքների գործող պաշտպան հայտ ներկայացրե՞լ էր մասնակցելու այդ մրցույթին»:
Նոր ՄԻՊ-ի կապակցությամբ նշենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն. «1. Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիuացող, վերջին 5 տարում ՀՀ մշտապեu բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: 2. Պաշտպանին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով՝ 6 տարի ժամկետով՝ ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-ի կողմից առաջադրված թեկնածուներից»: Խորհրդարանում 3/5 ունեցող ուժին մոտ կանգնած կայքերը իրարամերժ տեղեկություններ են հաղորդում նոր պաշտպանի մասին: Panorama.am-ի աղբյուրները երեկ հաղորդել էին, թե ամենահավանական թեկնածուն իրավաբան Կարեն Անդրեասյանն է, իսկ henaran.am-ն ավելի վաղ էր նշել, թե իրենց տեղեկություններով, Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանը կդառնա Շուշան Դոյդոյանը: