Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 05,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնիններորդ

ՀԵՌԱԳՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Եվ Գագոն ասաց՝ «Գոքորի համար ամեն տեղ էլ ապահով ա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Օչեմչիրում Գրիգորին շատ են սիրում», եւ Վարդանը քմծիծաղով ասաց՝ «իրան ամեն տեղ էլ շատ են սիրում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ Երեւանում են շատ սիրում», եւ Գագոն ավելացրեց՝ «բայց իրան ամենից շատ պապան ա սիրում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «պապան բոլորիս էլ հավասար ա սիրում», եւ Վարդանն ասաց՝ «որ հավասար սիրեր, Գոքորն էլ մեզ հավասար ծաղիկ կծախեր», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գրիգորն էլ ա ծաղիկ ծախելուց սկսել», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գոքորի ծաղիկ ծախելն ինչ-որ չեմ հիշում», եւ Մեսրոպը Վարդանի ու Գագոյի վրա գոռաց՝ «գետինը չեք մտնո՞ւմ», եւ Վարդանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ պիտի գետինը մտնենք», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էս աղջիկը վաստակավոր ուսուցիչ ա, բայց ամառներն ինքն էլ ա մեկումեջ հետներդ ծաղիկ ծախում», եւ մայրս ծիծաղելով ասաց՝ «այ պապ, ես ի՞նչ վաստակավոր. ուրիշ տեղ որ ասես՝ խայտառակ կըլնենք», եւ Վարդանը ծիծաղելով մորս ասաց՝ «որ ամառները հետներս ծաղիկ չծախեիր, շուտվանից վաստակավոր դառած կըլնեիր», եւ Մեսրոպը թարս նայեց Վարդանին ու ասաց՝ «լավ ա գոնե՝ էդքանը հասկանում ես», եւ Գագոն մեծավարի ասաց՝ «որ ըսենց շարունակվի, Սեդան ոչ էլ վաստակավոր կդառնա», եւ Վարդանը Գագոյին հարցրեց՝ «ինչի՞ չպիտի դառնա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ իրա աշակերտներն արդեն բամբասում են», եւ Վարդանը հարցրեց՝ «ո՞ւմ աշակերտները», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Սեդայի», եւ Վարդանը հարցրեց՝ «ո՞ւմ են բամբասում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Սեդային», եւ մայրս ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ի՞նչ են ասում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «ասում են՝ Փարվանյանը ծաղիկ ա ծախում», եւ Վարդանը Գագոյին հարցրեց՝ «ո՞վ ա ըտենց բան ասել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սեդայի աշակերտները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «խաբարբզիկ չեմ, որ անուններով ասեմ», եւ մայրս ժպտալով ասաց՝ «դուք ամեն օր եք ծաղիկ ծախում, ես՝ մենակ ամառները, էն էլ՝ հազարից մեկ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «անցած ամառ էլ ես հետներս մի անգամ եկել», եւ մայրս ժպտալով ասաց՝ «ես ծաղիկ ծախելուց չեմ ամաչում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պապան ա ծաղիկ ծախելուց ամաչում», եւ Մեսրոպը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «արդեն էնքան ես մեծացել, որ իմ անունից էլ ե՞ս խոսում», եւ Վարդանը հորն ասաց՝ «իրա տարիքում ով էլ ծաղիկ ծախի՝ կմեծանա», եւ Գագոն ասաց՝ «էսքան վախտ պապան ոչ մի անգամ հետներս ծաղիկ ծախելու չի էկել», եւ մայրս վրդովված ասաց՝ «այսինքն, պահանջում եք, որ պապան համ էդ ծաղիկներն աճեցնի ու առավոտից իրիկուն խնամի, համ էլ անձա՞մբ վաճառի» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «մենք էլ ձեռքներս ծալած նստե՞նք», եւ Գագոն մորս հարցրեց՝ «կարող ա՞ էսքան վախտ ձեռքներս ծալած ենք նստել», եւ Մեսրոպը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «ասածդ ի՞նչ ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինձ խոսք չի հասնում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ես անչափահաս եմ», եւ Մեսրոպը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «որ անչափահաս ես, ինչի՞ ես ավելպակաս խոսում», եւ մայրս ժպտալով ասաց՝ «չի հասկանում՝ խոսում ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կմեծանա՝ կհասկանա», եւ Վարդանն ասաց՝ «պապան շատ մեծ ա, բայց ինքն էլ որոշ բաներ չի հասկանում», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «պապան ի՞նչ չի հասկանում», եւ Վարդանն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պապան չի հասկանում, որ անչափահասներին աշխատացնելու համար դատ ա հասնում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ծաղկավաճառությունն առանձնապես ծանր աշխատանք չի», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ծանրը ծանր չի, բայց դատ հասնում ա», եւ Գագոն փռթկացնելով ասաց՝ «պապան համ անչափահասներին ա աշխատացնում, համ էլ՝ ուսուցիչներին», եւ Վարդանը ժպտալով ավելացրեց՝ «վաստակավո՛ր ուսուցիչներին», եւ մայրս վրդովված ասաց՝ «էդ վաստակավորը բերանի ծամոն եք դարձրել» եւ մի քիչ էլ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «իմ տարիքի ուսուցիչներին վաստակավորի կոչում չեն շնորհում», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ժպտալով Գագոյին հարցրեց՝ «հասկացա՞ր», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը հասկացա», եւ Վարդանը հռհռալով ասաց՝ «ինչքան էլ քեզ կոտորես, մեկ ա՝ վաստակավոր ծաղկավաճառ չես դառնա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Վարդանին հարցրեց՝ «Կարաբալան վաստակավոր ա, չէ՞», եւ մայրս ասաց՝ «Կարաբալան ծաղիկ չի վաճառում. ինքն էդ ծաղիկները նվիրում ա մարդկանց», եւ Գագոն ասաց՝ «մեզնից ձրի վեկալում՝ ուրիշներին ձրի լավամարդ ա ըլնում», եւ Վարդանն ասաց՝ «իրա անունն ա հելել, որ ձրի ա բաժանում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մենք սիրենի փունջը մի մանեթով ենք ծախում, բայց ինքը իրեք մանեթով ա մարդկանց վրա նաղդում», եւ Գագոն ասաց՝ «մենք միշտ էլ իրան ձրի ենք ծաղիկ տվել», եւ Վարդանն ասաց՝ «ճարներս ինչ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ ձրի չտանք՝ աշխարհով մեկ խայտառակ կանի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մեզնից ձրի վեկալում, ուրիշների վրա ամենաքիչը իրեք մանեթով նաղդում ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «փաստորեն, Կարաբալան վաստակավոր ծաղկավաճառ ա», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «հա. շատ ուժեղ ա վաստակում», եւ մայրս Վարդանին ու Գագոյին հարցրեց՝ «Կարաբալային էլ ե՞ք նախանձում», եւ Մեսրոպը մորս ասաց՝ «ավելի լավ ա Կարաբալային նախանձեն, քան՝ իրանց մեծ ախպորը», եւ Գագոն Մեսրոպին հարցրեց՝ «մեծ ախպերն ո՞վ ա», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «վաստակավոր օչեմչիրցին» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ պատվավոր օչեմչիրցին», եւ մայրս ասաց՝ «Գրիգորին ամեն տեղ էլ հարգում են», եւ Գագոն նեղսրտած ասաց՝ «որ ինքն էլ մեր պես առավոտից իրիկուն ծաղիկ ծախեր, դժվար թե հարգեին», եւ մայրս ասաց՝ «Գրիգորը ժամանակին բոլորիցդ շատ ա ծաղիկ վաճառել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու մեծավարի ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ մայրս ծիծաղելով ասաց՝ «էն ժամանակ դու բարուրի մեջ էիր. ո՞նց պիտի հիշես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու գլուխը տմբտմբացնելով մեծավարի ասաց՝ «չգիտեի», եւ Մեսրոպն ասաց՝ «շատ բան չգիտեք», եւ մայրս ասաց՝ «առավոտները դասի էինք գնում, իրիկունները ծաղիկ էինք վաճառում», եւ Մեսրոպն ասաց՝ «համ էլ գերազանցիկ էին», եւ Գագոն Մեսրոպին հարցրեց՝ «գիտեմ, որ Սեդան գերազանցիկ ա էղել», եւ մայրս ասաց՝ «Գրիգորն էլ ա մինչեւ վեցերորդ դասարան գերազանց սովորել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ գերազանց ա սովորել, ինչի՞ ա էդ նամակներն ինձ կարդալ տալի», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ նամակներ», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «էդ օչեմչիրցի բոզերի նամակները», եւ Մեսրոպը տեղից կտրուկ վեր կացավ, որ Գագոյին խփի, բայց Վարդանն օդում հոր ձեռքը բռնեց, եւ Մեսրոպը գոռալով Գագոյին ասաց՝ «մեծերի ներկայությամբ էդ ի՞նչ ձեւով ես խոսում», եւ Գագոն միանգամայն հանգիստ պատասխանեց ու ասաց՝ «ծաղիկ ծախողի ձեւով» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս տան մեջ մեծն ու փոքրը շուտվանից են իրար խառնվել», եւ մայրս ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ասում ես՝ էդ աղջիկների ռուսերեն նամակները դու ես Գրիգորի համար կարդո՞ւմ», եւ Գագոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ աղջիկներ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չեմ ուզում քո ասած բառը կրկնեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու նորից հարցրեց՝ «էդ աղջիկները Գրիգորին ի՞նչ են գրում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ուսերը թոթվելով ասաց՝ «եսիմ», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «Գագոն ռուսերեն շատ վարժ կարդում ա, բայց կարդացածի իմաստը չի հասկանում», եւ մայրս ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «որ գոնե օրումեջ ծաղիկ ծախեի, երեւի ծերից ծեր դրանց գրածները հասկանայի», եւ Վարդանը խորամանկ ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ո՞ւմ գրածները», եւ Գագոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «չեմ ուզում մեծերի ներկայությամբ էդ բառը կրկնեմ», եւ մայրս ժպտալով ասաց՝ «հետաքրքիր ա՝ էդ աղջկերքը Գրիգորին ինչ են գրում», եւ Վարդանը կարմրելով ասաց՝ «սեր են բացատրվում», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «Գրիգորը քեզ էլ ա՞ էդ նամակները կարդալ տվել», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իրա շեսծյորկեն չեմ, որ իրա համար նամակ կարդամ», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «բա ի՞նչ գիտես, որ սեր են բացատրվում», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու կարմրելով ասաց՝ «մի վախտ որ Գոքորն էդ նամակները տրիմոյի մեջ էր պահում, մի քանի հատը կարդացել եմ», եւ մայրս ժպտալով Վարդանին ասաց՝ «ուրիշների նամակները չի կարելի կարդալ», եւ Վարդանը կարմրելով ասաց՝ «հիմի որ էդ նամակների տեղը փոխել ա, էլ չեմ կարդում», եւ Գագոն ժպտալով Վարդանին ասաց՝ «որ կարենաս գտնես՝ լավ էլ կկարդաս», եւ մայրս ժպտալով ասաց՝ «ուրիշների նամակները չի կարելի կարդալ», եւ Գագոն ժպտալով մորս ասաց՝ «էդ իրա՛ն պիտի ասես», եւ մայրս հարցրեց՝ «ո՞ւմ պիտի ասեմ», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Գոքորին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն ա ամեն անգամ զաստավիտ անում, որ էդ նամակները կարդամ», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «ասում ես՝ սեր ե՞ն բացատրվում», եւ Վարդանն ասաց՝ «արդեն մի քանի ամիս ա՝ էդ նամակները չեմ կարդում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինչ էդ նամակների տեղը փոխել ա, ոչ մի անգամ չեմ կարդացել», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «ես գիտեմ՝ հիմի էդ նամակները որտեղ ա պահում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց տեղը չեմ ասի», եւ Վարդանը Գագոյին ասաց՝ «որ տեղն ասես՝ մառոժնի կառնեմ», եւ Գագոն ասաց՝ «Գոքորին խոսք եմ տվել, որ ոչ մեկին չեմ ասի», եւ Վարդանը Գագոյին ասաց՝ «մի հատ մառոժնի կառնեմ, մի հատ էլ՝ հոլ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրան խոսք եմ տվել, որ ոչ մեկին չեմ ասի», եւ մայրս հարցրեց՝ «բա Գրիգորն էդ նամակներին չի պատասխանո՞ւմ», եւ Վարդանն ասաց՝ «ո՞նց կարա չպատասխանի», եւ Գագոն ասաց՝ «էդ պատասխան նամակները Դանիելի քուրն ա Գոքորի տեղակ գրում», եւ Վարդանն ասաց՝ «որ ուզում ես նամակ ստանաս, գոնե մեկումեջ էդ նամակներին պիտի պատասխանես», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «հեչ նամակ ստացած կա՞ս», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Վարդն ընդամենը մի անգամ ա Օչեմչիր գնացել, բայց ինքն էլ ա մի քանի անգամ նամակ ստացել», եւ Վարդանը Գագոյին սաստելով ասաց՝ «շատ գիտես՝ քիչ խոսա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «մի հատ Լյուդա կա՝ համ Գոքորին ա նամակ գրում, համ էլ՝ Վարդին», եւ մայրս ժպտալով Վարդանին հարցրեց՝ «էդ Լյուդան Միշայենց հարեւանի աղջիկը չի՞», եւ Գագոն Վարդանի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ մայրս ժպտալով ասաց՝ «շա՜տ յաման աղջիկ ա», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «էդ աղջիկը լրիվ խելառ ա», եւ մայրս հարցրեց՝ «ինչի՞ ա խելառ», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «նույն նկարը համ Գոքորին ա ուղարկել, համ էլ՝ Վարդին», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ նկար», եւ Գագոն փռթկացնելով ասաց՝ «իրա ֆոտոն», եւ Վարդանը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «շատ գիտես՝ քիչ խոսա», եւ մայրս ժպտալով ասաց՝ «եթե իմ ասած Լյուդան ա, շատ սիրունիկ աղջիկ ա», եւ Գագոն կարմրելով ասաց՝ «ֆոտոյի մեջ շատ սիրունիկ ա», եւ Մեսրոպը՝ որ ահագին ժամանակ լուռ էր, անսպասելի խոսեց ու ասաց՝ «մարդ կա՝ ֆոտոյով շատ սիրուն ա դուս գալի, բայց իրականում հեչ բան ա», եւ մայրս ասաց՝ «եթե իմ ասած Լյուդան ա, ինքը իրականում էլ ա շատ սիրուն», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռուսը մնում ա ռուս» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ բաները լուրջ ե՞ք խոսում», եւ Վարդանը հարցրեց՝ «ի՞նչ բաներ», եւ Մեսրոպն ասաց՝ «էդ նամակները որ ասում եք», եւ Վարդանը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ նամակներ», եւ Մեսրոպը բավական երկար մտածեց ու ասաց՝ «էդ բոզերի», եւ Վարդանը ժպտալով հորն ասաց՝ «չես էլ ամաչում՝ մեծ աղջկադ ներկայությամբ էդ տեսակ բառեր ես օգտագործում», եւ մայրս Վարդանին ասաց՝ «ձեր ասած բառն ա կրկնում», եւ Գագոն ժպտալով մորս ասաց՝ «մեծն ինքն ա. փոխանակ մենք իրա ասածները կրկնենք, ինքն ա՞ մեր ասածները կրկնում», եւ Վարդանը ժպտալով մորս ասաց՝ «փաստորեն, պապան մեր էս սաղ խոսակցությունը ծերից ծեր լսել ա», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չպիտի լսեր», եւ Գագոն ժպտալով մորս ասաց՝ «ուրիշ վախտ ասում ա՝ լսողությունս լրիվ փչացել ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ասում ա՝ աջ ականջս վաբշե շարքից դուս ա էկել», եւ Վարդանը ժպտալով Գագոյին հարցրեց՝ «բա ո՞նց ա քո ասած էդ բառը լսել», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ մայրս Վարդանին սաստելով ասաց՝ «կարող ա՞ էդ բառը նորից կրկնեք», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «մենակ պապան իրավունք ունի էդ բառը կրկնի», եւ Վարդանը ժպտալով հարցրեց՝ «ո՞ր բառը», եւ մայրս նախ Վարդանին թարս նայեց, հետո հայացքով Գագոյին սաստեց ու ոչինչ չասաց, եւ Վարդանը ժպտալով Գագոյին հարցրեց՝ «որ լսողությունը վատ ա, բա ո՞նց ա էդ բառը լսել», եւ Գագոն փռթկացնելով ասաց՝ «երեւի ձախ ականջով ա լսել», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «մենք էլ մտածում ենք չի լսում՝ արխային խոսում ենք», եւ Գագոն ժպտալով ցածրաձայն ասաց՝ «մենք էլ մտածում ենք չի լսում՝ բոզերի մասին արխային խոսում ենք», եւ մայրս թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «արդեն շատ եք լկտիանում», եւ Գագոն ժպտալով մորս ասաց՝ «որ իմանայինք լսում ա, վաբշե դրանց մասին չէինք խոսա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեզ էլ թվում էր՝ իրա ուշքն ու միտքը Գոքորն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դու մի ասա՝ մեր էս սաղ խոսակցությունն ուշադիր լսում ա», եւ Վարդանը փռթկացնելով ասաց՝ «ձախով» եւ հռհռալով ավելացրեց՝ «փաստորեն, մեր խոսակցության ամենակարեւոր տեղերը լսել ա», եւ մայրս Վարդանին սաստելով ասաց՝ «մի գոռա. էնպես եք գոռգոռում, որ հարեւաններն էլ ձեր էդ բառերը լսած կլինեն», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «որ պապան լսել ա, հարեւանները հաստատ լսած կըլնեն», եւ Գագոն ժպտալով մորս ասաց՝ «որ անչափահասներին ծաղիկ ծախելու եք ուղարկում, չեք մտածո՞ւմ, որ հարեւանները կտենան», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «քեզ անչափահասի պես չես պահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ որեւէ մեկը չի ստիպել, որ ծաղիկ ծախես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինձ էլ որեւէ մեկը չի ստիպել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որեւէ մեկը չի ստիպել, բայց պապան ստիպել ա», եւ Վարդանը միանգամայն լուրջ ասաց՝ «սաղին էլ կյանքն ա ստիպում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «պապային էլ ա կյանքը ստիպում», եւ Մեսրոպը Վարդանին ասաց՝ «լավ ա՝ գոնե էդքանը հասկանում ես», եւ Վարդանը ժպտալով նայեց հորն ու ասաց՝ «լավ էլ լսում ես, այ պապ», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ինչը որ իրան պետք ա՝ էդ ա լսում» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «ձախով», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Մեսրոպը նախ Գագոյին թարս նայեց, հետո մեզ հարցրեց՝ «ի՞նչ ասեց», եւ Վարդանը փռթկացնելով ասաց՝ «ինչը որ իրան ձեռնտու չի՝ չի լսում», եւ մենք նորից ծիծաղեցինք, եւ Մեսրոպը զարմացած մեզ էր նայում, եւ հիշում եմ, էդ օրը Վարդանն ու Գագոն էլի ահագին իրենց հոր հոգու հետ խաղացին, եւ բոլորս Գոքորի հեռագրին էինք անհամբեր սպասում, եւ, հիշում եմ, էդ օրը մայրս աշխատանքի չգնաց, եւ Մեսրոպն էլ ծաղիկներով չզբաղվեց, եւ ես, Վարդանն ու Գագոն էլ դպրոց չգնացինք, եւ մեզ ստիպող էլ չկար, որովհետեւ բոլորի ուշքն ու միտքը Գոքորն էր, եւ չնայած Վարդանն ու Գագոն շարունակում էին Մեսրոպի հոգու հետ խաղալ, եւ չնայած Մեսրոպը ձախով լավ էլ լսում էր նրանց բոլոր ասածները, այդուհանդերձ, առանձնապես չէր վրդովվում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ օրն իր ուշքն ու միտքը Գոքորն էր, այլեւ էն պատճառով, որ իրականում Մեսրոպն իսկապես իր բոլոր զավակներին հավասար էր սիրում, եւ բոլորին հավասար սիրելով՝ յուրաքանչյուրին յուրովի էր սիրում, եւ յուրաքանչյուրին յուրովի սիրելով՝ թողնում էր, որ իր հոգու հետ սրտների ուզածի չափ խաղան, եւ երբ էդ իրիկուն փոստատար Պետրոսը վերջապես Գոքորի հեռագիրը բերեց, Մեսրոպն ու բոլորս մեկից երջանկացանք, եւ չնայած առանց էդ հեռագրի էլ էինք ենթադրում, որ Գոքորի վերցրած ուղղությունն Օչիմչիրն է, այդուհանդերձ, Գոքորի ուղարկած ու Պետրոսի բերած էդ հեռագիրը մեր կյանքի ու հատկապես մեր էդ օրվա մեջ ահագին որոշակիություն մտցրեց, եւ երբ իրիկվա կողմ Պետրոսը Գոքորի հեռագիրը բերեց, Ֆրեդն ու հայրս էլ էին աշխատանքից վերադարձել, եւ Լիլոն ու Աիդան էլ էին արդեն միացել մեզ, եւ բոլորս միասին Գոքորի հերթական էքսպրոմտի ուղղությունն էինք փորձում գուշակել, եւ երբ Պետրոսն իրիկվա վեցի կողմերը Գոքորի հեռագիրը բերեց, բոլորը միանգամից խելոքացան ու սկսեցին խելոք-խելոք դատողություններ անել, եւ ամեն մեկն իր հերթին ասաց՝ «պարզ ա, որ պիտի Օչեմչիր գնար», որովհետեւ Գոքորի ուղարկած ու Պետրոսի բերած հեռագրի մեջ սեւով սպիտակի վրա գրված էր՝ պր ՏփՈՎփՌՐ պՎ պՐՍց ՔՈոՈՑՌՓ ՍՉպՐՈՊՈՐվՈՎ,- եւ երբ Վարդանը Գոքորի հեռագիրը կարդաց, եւ երբ Ֆրեդը Պետրոսի գրպանը մի բուռ կոպեկներ լցնելով՝ Պետրոսին ճամփեց, հայրս հեռագիրը Վարդանից վերցնելով ու մտքի մեջ մի քանի անգամ կարդալով ասաց՝ «Գիքորը ոչ թե Օչեմչիր ա գնացել, այլ՝ Լենինական», եւ մայրս հորս զարմացած հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ հայրս ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էս հեռագրի վրա Լենինականի փոստի կնիքն ա», եւ Վարդանը ծիծաղելով հորս ասաց՝ «ինքն ամեն անգամ էլ Լեննականից ա հեռագիր ուղարկում, Հակոբ ջան», եւ հայրս զարմացած հարցրեց՝ «Լենինականի՞ց խի ա ուղարկում», եւ Վարդանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «որպեսզի իրա սիրելի հայրիկը շատ չհուզվի», եւ Լիլոն ասաց՝ «մենք էլ պակաս չենք հուզվում», եւ Վարդանն իր «կՏսպՑ»-ին նայելով ասաց՝ «վաղն առավոտ Օչեմչիր կհասնի», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչն ա պարզ», եւ հայրս ասաց՝ «որ պոյեզը Լենինական մի քիչ երկար ա կանգնում, Գիքորը հասցնում ա մտնի փոստ ու հեռագիր տա», եւ Վարդանն ասաց՝ «Լեննականի փոշտի աղջիկն իրան ծանոթ ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «Գոքորն ամեն տեղ էլ սիրած ունի», եւ Լիլոն Գագոյին ասաց՝ «շատ ես ավելպակաս խոսում», եւ Մեսրոպը հոգոց հանելով ասաց՝ «սաղ մեղավորը ես եմ», եւ Լիլոն հարցրեց՝ «քո մեղքը ո՞րն ա, այ պապ», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «էրեկ որ իրան էրկու հազար մանեթ տված չըլնեի, ինքը հիմի կողքներս կըլներ», եւ Լիլոն ապշահար հարցրեց՝ «էրկու հազար խի՞ ես տվել», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասեց՝ պարտքեր ունեմ», եւ մայրս սարսափած հարցրեց՝ «էրկու հազա՞ր», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «պապան որ ասում ա էրկու հազար, ուրեմն՝ էրկու հարուր ա տվել», եւ Լիլոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «չգիտե՞ք, որ ինքը միշտ հին փողով ա խոսում», եւ Գագոն ծիծաղելով ասաց՝ «ինձի որ ամիսը մի անգամ մի մանեթ ա տալի, ամեն օր հարցնում ա՝ էն տասը մանեթն ի՞նչ արիր», եւ Մեսրոպն ասաց՝ «վաղն էլ Գիքորն ա էրկու հազարին մի մանեթ ասելու», եւ Վարդանը ժպտալով Մեսրոպին հարցրեց՝ «բա որ դու էրկու հարուրին էրկու հազար ես ասում, էդ լավ ա՞», եւ Լիլոն ասաց՝ «պապան էս թազա փողին չի վարժվում», եւ մայրս ասաց՝ «ոչ մեկս էլ չենք վարժվում», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «որ շատ ունենայինք, լավ էլ կվարժվեինք», եւ Լիլոն հարցրեց՝ «ի՞նչ շատ ունենայինք», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «էս թազա փողերից», եւ մայրս ասաց՝ «անցած ամսվա աշխատավարձս հինգ օրվա մեջ էնպես ծախսվեց՝ խաբար էլ չեղանք», եւ Գագոն մորս հարցրեց՝ «բա հիմի ի՞նչ եք անում», եւ մայրս ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Հակոբի աշխատավարձն ենք ծախսում», եւ Գագոն մորս հարցրեց՝ «Հակոբի աշխատավարձը քո աշխատավարձից շատ ա՞», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «չէ», եւ Գագոն ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց եք հերիքացնում», եւ մայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չգիտեմ», եւ Մեսրոպը Գագոյի վրա գոռաց՝ «հերիք ա ուրիշների կյանքի մեջ քիթդ խոթես», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ Սեդան ա ուրիշ, ոչ էլ՝ Հակոբը» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մեկը մեծ քուրս ա, մյուսը՝ փեսես», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իրանք առանձին ընտանիք են», եւ Գագոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «որ առանձին ընտանիք են, բա խի՞ ա Սեդան ամառները մեր հետ ծաղիկ ծախում», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը մեզ ա օգնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը մեզ ա օգնում, բայց իրան են բամբասում», եւ Լիլոն հարցրեց՝ «ո՞ւմ են բամբասում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «մեծ քրոջդ», եւ Լիլոն հարցրեց՝ «ի՞նչ են ասում», եւ Գագոն ասաց՝ «ասում են՝ դասատու ա, բայց ծաղիկ ա ծախում», եւ Վարդանը Գագոյին հարցրեց՝ «որ ըտենց են ասում, բա դո՞ւ ինչ ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմ մոտ ասեին, քիթուբերանները կջարդեի», եւ Վարդանը հարցրեց՝ «բա ո՞ւմ մոտ են ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ուրիշների», եւ մայրս ծիծաղելով ասաց՝ «Գագոյի մոտ ո՞վ ռիսկ կանի՝ իմ մասին վատ բան ասի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «քիթուբերանները կջարդեմ»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել