«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի ֆրանսիայի տեղական մարմնի ու Ռուսաստանի հայ գործարարների համատեղ ջանքերով լուծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի խմելու ջրի կանոնավոր մատակարարման խնդիրը՝ վերանորոգվել է 5 կմ ջրատարը, կառուցվել է ներքին ցանց: Անհատական մուտքագծերով ջուրը հասնում է տնտեսություններին: Ընթացքում է երեք ջրամբարի եւ խորքային հորի վերանորոգումը: Գյուղը խմելու ջուր ստանում էր երկու օրը մեկ եւ ընդամենը երկու ժամով: «Մենք շատ երկար ենք սպասել այն օրվան, երբ մեր տներում ջուր կլինի»,- հայտարարել է գյուղապետ Էդիկ Մարդյանը: Նորագյուղն Ասկերանի շրջանի ամենամեծ համայնքն է. հիմնվել է 1966 թվականին, ունի 1510 բնակիչ:
Գյուղն ունի բարեկարգ դպրոց, բուժկետ, բարենորոգ ճանապարհներ եւ գյուղացիները հավատում են, որ այսօր արդեն, ջրի առկայության պայմաններում՝ համայնքում տնտեսության ընդհանուր վիճակն էլ զգալիորեն կբարելավվի:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2010 թվականի հեռուստամարաթոնի խորագիրն էր՝ «Ջուրը կյանք է»: Հավաքվեց մոտ 20 միլիոն դոլար, որը ուղղվելու է Ղարաբաղի մի շարք գյուղերի ջրամատակարարման խնդիրների լուծմանը: