Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ղեկավար Աշոտ Գրիգորյանը եւ «Չեխսկի Դվոր», «Եվրաէներգո հոլդինգ» ընկերությունների ղեկավար, հայազգի Սենիկ Ջուլհակյանը հայտարարեցին, որ Սլովակիայի, Չեխիայի եւ Ավստրիայի գործարարները Հայաստանի Սյունիքի մարզում կկառուցեն 9, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ 15 փոքր ՀԷԿ: Բանախոսներն ասացին, որ իրենց հետ Հայաստան են եկել «Սաննա Սուաֆի» ընկերության ղեկավար Միլան Պոլակը, «Էյ Բի Բի-Սլովակիա» ընկերության տնօրեն Միրոսլավ Լայնսը:
Պոտենցիալ ներդրողները արդեն բանակցել են պետական կառույցների հետ: «Եվրաէներգո հոլդինգը» Սյունիքում կառուցվելիք փոքր ՀԷԿ-երի համար՝ առաջիկա 5-6 տարում կծախսի 15 միլիոն եվրո:
Ըստ բանախոսների, նախատեսվում է նաեւ թե Սյունիքում, թե Ղարաբաղում կառուցել էներգախնայող նախագծով բնակարաններ:
Սենիկ Ջուլհակյանը հայտնեց, որ ընկերությունը ներդրումների մի մասը մտադիր է իրականացնել սեփական միջոցների հաշվին, իսկ մյուս մասը՝ 10 տարի ժամկետով եւ տարեկան 5% տոկոսադրույքով, կտրամադրի Սլովակիայի Արտահանման-ներմուծման բանկը:
«Էյ Բի Բի-Սլովակիան» Հայաստանի եւ Ղարաբաղի շուկայում վաղուց ներկայացված է: Ընկերությունը հայկական երկու պետություններում շինարարական աշխատանքների հիմնական կապալառու է:
«Ներդրողներին ես ասում եմ՝ օգնեք Ղարաբաղին եւ շահեք: Շատ էժան գներով կվաճառվեն այդ բնակարանները, ինչի շնորհիվ մարդկանց հոսքը դեպի Արցախ կմեծանա: Մեր հյուրերը զարմացել են Արցախի քաղաքակրթության վրա: Երբ Սյունիքն անցանք եւ մտանք Արցախ, ավստրիացին ասաց՝ էս Եվրոպա մտա՞նք: Ասում է՝ ճանապարհները շատ մաքուր են, եվրոպացին դա նկատեց: Երբ հասանք Ստեփանակերտ, ինձ հանդիմանեցին, ասելով՝ ինչո՞ւ երեկ Գորիսում քնեցինք՝ այս հրաշքը թողած»,- պատմեց Աշոտ Գրիգորյանը:
Բանախոսները խոսեցին նաեւ ոչ տնտեսական թեմաներով: Աշոտ Գրիգորյանը առանց երկրների անուններ տալու հայտարարեց, որ փորձում են Եվրոպայում գտնվող թույլ օղակի միջոցով անցկացնել Ղարաբաղի անկախության առաջին բանաձեւը: