Բրիտանական խորհուրդն էլ է ուզում, որ Հայաստանում մարդիկ նախաձեռնող լինեն եւ մասնակցեն համայնքային խնդիրների լուծմանը:
«Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի նիգերիացի…
….եւ հայաստանցի մասնակիցները:
2010 թ. նոյեմբերին տեղեկացրել ենք, որ Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվելու է Active citizens («Ակտիվ քաղաքացիներ») ծրագիրը:
«Ակտիվ համայնքում, միասին աշխարհում» կարգախոսով Active citizens ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության եւ գլոբալ քաղաքացիության կայացմանը, երբ կձեւավորվի մի միջավայր, ուր մարդիկ կօգտագործեն իրենց ներուժն ու պատասխանատու կլինեն համայնքի զարգացման գործում՝ տեղական եւ միջազգային մակարդակով:
Active citizens ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին Միացյալ Թագավորությունում, աֆրիկյան ու ասիական 8 երկրում՝ Նիգերիա, Նեպալ, Քենիա, Բանգլադեշ, Պակիստան եւ այլն: 2010 թվականին Հյուսիսային, Կենտրոնական, Հարավարեւելյան Եվրոպայի 20 երկրներում, այդ թվում Հայաստանում սկսվեց «Ակտիվ քաղաքացիներ» ծրագիրը:
Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակի ծրագրերի պատասխանատու Լիլիթ Քալանթարյանի խոսքով, ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների ակտիվության աճին եւ մասնակցությանը համայնքային խնդիրների լուծման հարցերում, նախաձեռնություններով հանդես գալուն: Բրիտանական խորհրդի ուսումնասիրություններով, Հայաստանում ամենապասիվը Վայոց ձորի մարզն է, այստեղ երիտասարդության համար շատ քիչ ծրագրեր են իրականացվում: Հենց այս պատճառով էլ ընտրվել է Վայոց ձորի մարզը: «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել մոտ 60 վայոցձորցի երիտասարդ, որոնցից ընտրվել է 25-30-ը: Ուշագրավ է, որ հայտատուներից ընդամենը 3-ն է տղա, մնացածը՝ աղջիկներ: Ընտրված 30 երիտասարդներին ու աղջիկներին Բրիտանական խորհուրդը սովորեցրել է համայնքային զարգացման ծրագրեր մշակել՝ խրախուսելով կամավորականությունը, որը հետագայում կարող է վերաճել շահույթ հետապնդող գործունեության: Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերը: Ըստ Լիլիթ Քալանթարյանի, «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի մասնակիցները նույնիսկ թիմեր են կազմել եւ առաջարկում են երկու եւ ավելի գյուղի համար նախատեսված ծրագիր: Ֆինանսավորումը շատ մեծ չէ. ամեն հայտի համար՝ 1000-3000 ֆունտ ստերլինգ, կբավարարվի 4-5 հայտ: «Շատ հետաքրքրված է Վայոց ձորի մարզպետարանը, նաեւ գյուղապետարանները եւ խոստացել են աջակցել՝ սկսած դահլիճ տրամադրելուց: Իսկ մենք հայտատուներին սովորեցրել ենք նաեւ դրամահավաք կազմակերպել, գործարարին համոզել, որ համայնքային զարգացման ծրագրին ֆինանսապես աջակցի»,- ասաց Լիլիթ Քալանթարյանը:
2010 թվականի նոյեմբերին հայտարարվել է ծրագրի մեկնարկը եւ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել: Արդյունքները երեւալու են այս տարի: Փետրվարի 1-ին լրացել է հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: 25 մասնակիցները ներկայացրել են 11 հայտ, որից հինգը՝ խմբակային: Առաջարկները բազմազան են. խաղահրապարակի վերականգնում, աղբարկղերի տեղադրում ու բնակչության շրջանում համայնքը մաքուր պահելու քարոզարշավ, մարզի հուշարձանների մաքրում, գյուղի երաժշտական դպրոցի վիճակի բարելավում, պարի եւ սպորտի խմբակների վերականգնում եւ այլն:
Լիլիթ Քալանթարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 18-ին պարզ կլինի, թե Բրիտանական խորհրդի Հայաստանի գրասենյակը որ ծրագրերը կֆինանսավորի:
Վայոց ձորի մարզում ծրագիրը «փորձարկելուց» հետո, այն այլ մարզերում էլ կիրականացվի՝ արդեն վայոցձորցիների օգնությամբ եւ փորձի կիրառմամբ: Իսկ մինչ այդ, վայոցձորցիները կմեկնեն Մեծ Բրիտանիա՝ Բրեդֆորդ, տեղում ծանոթանալու ակտիվ երիտասարդների գործունեությանը, կամավորական ծրագրերի ծավալներին, երիտասարդներին աջակցության պետական ծրագրերին: Չի բացառվում, որ այս ամենի արդյունքում Վայոց ձորի եւ Բրեդֆորդի ջահելները համատեղ ծրագիր իրականացնեն:
Բրիտանական խորհրդի ծրագրերի պատասխանատուն հույս ունի, որ «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի արդյունքում Հայաստանի ակտիվ քաղաքացիների քանակը կավելանա:
Հ. Գ. Հիշեցնենք, որ նման մի ծրագիր էլ Հայաստանում իրականացնում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահագնի «Քաղաքացիական կրթության կենտրոնը»: «Քաղաքացի նախագիծ. համայնքային խնդիրների հետազոտում» ծրագիրը նախատեսված է բարձր դասարանների աշակերտների համար եւ նպատակն է դաստիարակել մարդ, որը կունենա քաղաքացիական հասարակությունում ապրելու հմտություններ, ունակություններ, գիտելիքներ, ակտիվ դիրքորոշում եւ ազնիվ վերաբերմունք: Այսօր այս նախաձեռնությանը միացել է ավելի քան 60 երկիր, մոտ երկու միլիոն ուսուցիչ եւ աշակերտ: Հայաստանը ծրագրին մասնակցում է 2008 թվականից («Առավոտ», 21.05.2010՝ «Քաղաքացի նախագիծ»):