Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խանջյանի «խորհուրդը»

Փետրվար 05,2011 00:00

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան» սրահում «Հանդիպում արվեստին» ծրագրի շրջանակում օրերս կայացավ գեղանկարիչ Գրիգոր Խանջյանին նվիրված «Որմնանկարի խորհուրդը» խորագրով երեկո: Վարպետի անունը կրող սրահում, որտեղ տեղակայված է նրա եռամաս՝ «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց ճակատամարտը», «Հայաստանի վերածնունդը» որմնանկարը, խանջյանական արվեստի երկրպագուները դիտեցին 1998թ. նրա մասին պատմող ֆիլմ-հաղորդումը: «Պայմաններ ստեղծեք աշխատանքս շուտ վերջացնեմ, որ չմեռնեմ, այդ պայմանները չստեղծվեցին…»,- ֆիլմում քանիցս շեշտում է նկարիչը: Ավելի ուշ իր կարծիքն է հայտնում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին եւ հավելում, թե ինչպիսին պետք է լինի հանրապետության նախագահը. «Բացի խելոք, գործունյա լինելուց, պրեզիդենտը պետք է նաեւ ջիգյարով լինի, կատակի, խոսի ժողովրդի հետ, որովհետեւ ժողովուրդն է նրան ընտրողը: Նախագահին հարգել, նրա արժանապատվությունը պահել ու պահպանել՝ պարտավոր ես, որովհետեւ դրա մեջ է նաեւ ազգիդ, երկրիդ արժանապատվությունը… Ոմանք դա մոռանում են: Մեր ազգի մեջ բարին ցանկացողների, լավին ձգտողների թիվը շատ է պակասել…»: Հարցին՝ թե ի՞նչ է կյանքը, արվեստագետը պատասխանում է. «Տարիների իմաստնությամբ հասկացանք, որ ամենից առաջ կյանքը կարճ է, իսկական իմաստով՝ տառապանք, երջանիկ պահերի գումարը չնչին թիվ է կազմում, իսկ տխրության, ափսոսանքի, վշտի պահերն ավելին են: Ըստ երեւույթին, գոնե իմ վերջին տարիների ընթացքում ես ավելի շատ լաց եմ եղել, բայց դա կարեւոր չէ, որովհետեւ բերել եմ իմ խոսքը, այն, ինչ որ կարող էի…»:
Վարպետի մտերիմ ընկեր, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ջիմ Թորոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Արվեստը զգայական աշխարհի ոգին է: Խանջյանը ոչ միայն խորը, իմաստուն մարդ էր, այլեւ միշտ գիտեր՝ ինչ է ուզում եւ ոչինչ չէր կարող նրան շեղել այդ առանցքային մտածողությունից, աջուձախ չէր նայում՝ թե ժամանակը ինչ կսուլի, ինչ կասի… Մարդը, արվեստագետը նույնպես կարող է ունենալ թուլություններ, Գրիգորը միշտ հավատարիմ մնաց բարձր արվեստի ավանդույթներին, ազգային ոգուն»:
Արվեստաբան, խանջյանագետ Վարդիթեր Գամաղելյանի մեկնաբանմամբ. «Խանջյանի որմնանկարներում մեր հերոսապատումն է, ազգային խառնվածքի խտացումը, անցյալն ու ապագան, ներկայի պրիզմայում՝ այդ ամենի սինթեզը: Նա չի ունեցել ուսանող, բայց իր արվեստի տված դասերով այնքան բան է արել, որքան որեւէ դասախոս չի կարողանա ողջ կյանքի ընթացքում թողնել»:
Վարպետի որդին՝ Արա Խանջյանն էլ հիշեց. «Ժամանակին արվեստանոցում ցուրտ էր, իսկ նրա առողջական վիճակը՝ ոչ բավարար: Ասում էի՝ մի՛ շարունակի, պատասխանում էր՝ ուզում եմ, որ ինձանից հետո մի բան մնա, երեւի ինքը ճիշտ էր, բայց չհասցրեց ավարտել եւ եռապատկերը որոշ համալրումների ենթարկվեց նկարիչ Հենրիկ Մամյանի կողմից»: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքով՝ նկարչի որմնանկարները դիտելիս քրիստոնեության, մահվան հանդեպ կյանքի հաղթանակի զգացումով է համակվում: «Որմնանկարներում Հայաստանն է ու հայ ժողովուրդը: Իբրեւ պատգամ՝ մարդն իր հետ այդ աշխատանքներից պիտի տանի հայրենասիրություն ու եկեղեցասիրություն, որը պետք է հավատքի հզորացման, հայրենասիրության ամրապնդման ազդակ լինի»,- ասաց քահանան ու հավելեց, որ այսօր էլ հայ արդի արվեստի մեջ կան տաղանդաշատ նկարիչներ, պարզապես նրանք պետք է ներշնչվեն դասական, ակադեմիական ոճ ունեցող արվեստագետներից եւ ոչ թե առաջնորդվեն ժամանակի թելադրանքով նյութական շահից դրդված խոտան ստեղծեն, այլ անտեսեն նյութականն ու մնայուն արժեքներ թողնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել