Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նարեկացին՝ Հանրապետության հրապարակում

Փետրվար 05,2011 00:00

Առաջարկում է ոստիկանության գնդապետը եւ փորձում հիմնավորել

Հայաստանի Հանրապետության նախագահին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ գրողների միության վարչությանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին բաց նամակով դիմում է ոստիկանության գնդապետ, վետերան Հենրիկ Արաբյանը: Նա առաջարկում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում դնել Գրիգոր Նարեկացու արձանը՝ մեծ խաչի ներդաշնակմամբ:
«Դարերի ընթացքում կորցրածի վերադարձման երազանքը (ցավը, վրեժը) արտահայտվել է հանրապետության տարածքում դրված մեր նվիրյալների արձաններով։ Դրանք հիմնականում ձիավորներ են՝ մարտակարգի վրա նստած, ձեռքներին թուր ու սուր՝ հանած, կիսահանած եւ այլն: Թրով է նույնիսկ «Մայր Հայաստան» արձանը։ Դրանք արվել են ժամանակին, եւ բոլորն էլ իրենց տեղում են»,- կարծում է Հ. Արաբյանը։ Այնուհետեւ թվարկում է Երեւանում եւ ընդհանրապես Հայաստանում գտնվող արձանագործության գլուխգործոցները, ինչպես, օրինակ՝ Սասունցի Դավիթ, Վարդան Մամիկոնյան, Սարդարապատի հուշահամալիրի մուտք եւ արծիվներ, Ալեքսանդր Թամանյան, Կոմիտաս, Գրիգոր Նարեկացի, Արմեն Տիգրանյան, Դավիթ Անհաղթ. «Սրանք իրենց կատարելությամբ կարող են հավակնել Եվրոպայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ցանկացած քաղաքում, ցանկացած հրապարակում տեղադրվելու իրավունքին… Մաշտոց, Խորենացի, Նարեկացի, Գոշ, Շիրակացի, Րաֆֆի, Աբովյան, Թումանյան, Տերյան, Չարենց, Շիրազ, Համբարձումյան… առանց թրի ու սրի, իրենց հոգեւոր ժառանգությամբ հազարամյակներ պահել են մեր ժողովրդին եւ Երկիր Հայաստանը»։ Առաջարկության հեղինակի խոսքով, Աստված տառապած, տառապող, բիրտ համառությամբ ապրելու իրավունք նվաճած հային տվեց մուրճն ու գրիչը եւ մի ծանր Խաչ՝ արարման պարտադրանքով ու սրանից զատ մի սուրբ նվեր՝ Նարեկը։
«Նարեկացուն Երեւանի կենտրոնական հրապարակում կանգնեցնելը, մեր առաքելական սուրբ եկեղեցուն վայել բարձր խաչի ներդաշնակմամբ, անհրաժեշտ է նաեւ ժամանակի պահանջով հայ մարդուն պարտադրվող մտավոր կարողությունների նոր դրսեւորման պահանջների հրամայականով։ Խնդրի ճարտարապետական պատշաճ լուծումը, իմ կարծիքով, պետք է ներառի՝ Նարեկացու արձանը, չափերով ներդաշնակվելիք խաչի պարագան, տարվա մեջ, խիստ որոշակի առիթներով քաղաքացիների եւ զբոսաշրջիկների մոմավառության համար հարմարությունների ստեղծում, Համալիրին կից (կամ հարեւանությամբ), հանդիսությունների համար, մշտական տրիբունա ունենալու պարագան»,- առաջարկում է Հ. Արաբյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել