Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԺԱԹ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԸ ԴԵՌ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է

Փետրվար 05,2011 00:00

\"\"Առայժմ ֆուրշեթ եւ այցելություններ՝ նկարիչների արվեստանոցներ

39 տարի առաջ ճանաչված արվեստաբան Հենրիկ Իգիթյանը հիմնադրեց Ժամանակակից արվեստի թանգարանը (ԺԱԹ): Նրա այդ քայլը հեղափոխություն էր այն ժամանակների համար: Մշակույթի այդ օջախը տեսակով առաջինն էր ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլեւ ողջ սոցիալիստական ճամբարում: Հիմա ամեն ինչ այլ է, աշխարհում ժամանակակից արվեստ ներկայացնող թանգարանները այլ քաղաքականություն են որդեգրել, այլ տրամաբանություն ու փիլիսոփայություն ունեն, իսկ հայաստանյան թանգարանը մնացել է՝ ինչպես 40 տարի առաջ: Այն այլեւս ընկալվում է ընդամենը որպես Հենրիկ Իգիթյանի հավաքածու: Թանգարանի շենքային խնդիրներին ու ոդիսականին, ինչպես նաեւ դրանց հետ կապված դատական գործողություններին «Առավոտը» տարիներ առաջ անդրադարձել է: Այնպես որ, այս հոդվածում կանդրադառնանք թանգարանի ներկա վիճակին եւ նոր տնօրեն Նունե Ավետիսյանին, որը նշանակվել է 3 ամիս առաջ: Հանդիպելով տիկին Ավետիսյանին, հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նոր քայլեր է ձեռնարկելու՝ թանգարանը եւ հայ ժամանակակից նկարիչներին հավուր պատշաճի ներկայացնելու համար: Մեր զրուցակիցը, ով երկար ժամանակ բացակայել է Հայաստանից, նշեց, որ որպես նորանշանակ տնօրեն, առայժմ թանգարանի խնդիրների ու նկարիչների հետ ծանոթության փուլում է: Ն. Ավետիսյանը ասում է՝ հիմնական նկարիչներին ու ԺԱԹ սյուներին գիտի դեռ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում եւ Գեղարվեստի ակադեմիայում (Էդ. Իսաբեկյանի արվեստանոց) ուսանելու տարիներից, ում էլ չգիտի՝ որոշել է ծանոթանալ:
«Հիմա գնում եմ արվեստանոցները, նկարիչների այսօրվա գործունեությանն եմ ծանոթանում: Ոմանց գիտեմ, որովհետեւ միասին սովորել ենք ակադեմիայում… Այցելել եմ Մարինա Դիլանյանին, Թենիին, Գափոյին, Գագիկ Ղազանչյանին, Արմեն Գեւորգյանին, Արարատ Սարգսյանին, շատերին… Այնքան գործեր ունեն, որ օրվա մեջ երկու արվեստանոցից ավելի չես կարող գնալ: Իրենց կողմից հետաքրքիր առաջարկներ եմ լսում, որպեսզի ծրագրերը կազմելիս նկատի ունենամ: Մեր նկարիչները շատ լավն են, ուզում եմ, որ իրենց ամբողջ աշխարհում իմանան: Հրատապ են թանգարանի կայքի ստեղծման, շենքի վերանորոգման, ջեռուցման հարցերը»,- մանրամասնում է նորանշանակ տնօրենը: Իհարկե, զարմանալի է, որ թանգարանի ղեկավար է նշանակվել մարդ, որը դեռ նոր պետք է ծանոթանա «դաշտին»: Նա նաեւ ոչինչ փոխել չի կամենում թանգարանի հետ կապված՝ ասում է. «Հենրիկ Սուրենիչն արդեն ամեն ինչ արել է, նկարիչներն իրենցով բերում են ժամանակակից արվեստի շունչը»:
Տիկին Ավետիսյանը նաեւ պատմեց, որ նկարիչներն իրեն լավ են ընդունել, ինքն էլ նրանց համար ֆուրշեթ-ծանոթություն է կազմակերպել: Ի դեպ, այդ հանդիպման լուսանկարները տեղադրված են համացանցում՝ ԺԱԹ-ում քեֆի սեղան է փռված, պատերին էլ փայլփլուն բաներ են փակցված ու շաբլոն տոնածառ կա, մինչդեռ Ժամանակակից արվեստ ներկայացնող թանգարանի տոնածառը լրիվ այլ պետք է լիներ, պատերն էլ հաստատ փայլերով չպետք է «պճնվեին»: «Եկան բոլորը՝ Հակոբ Հակոբյանն էր ներկա, Ռոբերտ Էլիբեկյանը… ու այդպես եղավ մեր առաջին ծանոթությունը նկարիչների հետ»,- ժպտում է նորանշանակ տնօրենը: Նա անընդհատ շեշտում էր, որ չնայած միառժամանակ Հայաստանում չի եղել, բայց մշակույթից չի կտրվել, որովհետեւ ԱՄՆ-ում աշակերտներ է ունեցել ու մի քանի ցուցահանդես: Վերջիններիս մասին համացանցից ոչ մի տեղեկատվություն այդպես էլ չկարողացանք գտնել, ամեն դեպքում տիկին Նունեին որպես նկարիչ այստեղ չեն ճանաչում, չհաշված այն, որ ժամանակին գծանկար է դասավանդել Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Նա ասում է, որ լիքը բարի ցանկություններ ունի՝ ժամանակակից արվեստը բոլոր ճյուղերով ներկայացնել Հայաստանում, մեր ունեցածն էլ՝ «դրսում»: Առաջիկայում՝ գերմանացի ճարտարապետ Մենդելսոնի, ապա սանկտպետերբուրգցի հայ նկարչի ցուցահանդեսն է բացվելու ԺԱԹ-ում: Մնացածը, ըստ մեր զրուցակցի՝ հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել