Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անկարայում պայթյունի զոհերի թիվն աճեց

Փետրվար 05,2011 00:00

Երեկ հայտնի դարձավ, որ Անկարայում փետրվարի 3-ին երկու պայթյուն է որոտացել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրորդը տեղի է ունեցել Միջին Արեւելքի արդյունաբերության եւ առեւտրի կենտրոնում (OSTIM): Առաջին պայթյունը հնչել էր փետրվարի 3-ի առավոտյան՝ Անկարայի արդյունաբերական թաղամասում գտնվող Mega Center-ի բաժիններից մեկում, որը զբաղվում է գեներատորների արտադրությամբ: Պայթյունի հետեւանքով զոհվել էր 7 հոգի, վիրավորվել՝ 38-ը: Նախնական տեղեկություններով, պայթյունի պատճառ կարող էր հանդիսացած լինել գազի արտահոսքը: Պայթյունից հետո դեպքի վայր էր ժամանել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նրա հեռանալուց 40 րոպե անց հնչել էր 2-րդ պայթյունը՝ գեներատորների արտադրության վայրից 1 կմ հեռավորության վրա գտնվող ավտոներկերի արտադրությամբ զբաղվող գործարանում: Որոշ տվյալների համաձայն, պայթել է հեղուկ գազ տեղափոխող մեքենա: News.am-ի մատուցմամբ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտնել է, թե 2-րդ պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորների թիվն անցնում է 15-ից:
Անկարայից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն, փետրվարի 4-ին Անկարայի փողոցներ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ՝ արհմիությունների անդամներ եւ աշխատավորներ, որոնք եկել են երկրի բոլոր ծայրերից: Ցուցարարներին միացել են նաեւ 60 պատգամավորներ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից:
Ցուցարարները փակել են քաղաքի կենտրոնական պողոտաները եւ փորձել են գրոհել պետական շինությունները՝ հակակառավարական կարգախոսներ հնչեցնելով: Ոստիկանությունը փակել է դեպի խորհրդարանի շենք տանող գլխավոր ճանապարհները, օգտագործել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները քարեր ու փայտեր են նետել ոստիկանների ուղղությամբ: ԶԼՄ-ների տվյալներով, ցուցարարների եւ ոստիկանների շարքերում կան վիրավորներ: Որոշ ցուցարարներ գլխից են վիրավոր:
Մարդկանց փողոց է դուրս բերել աշխատանքային օրենսդրության փոփոխությունները, որոնք կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Նոր օրինագիծը ենթադրում է նվազագույն աշխատավարձի կրճատում: Եթե օրինագիծը հաստատվի, գործատուն իրավունք կստանա 4 ամիս չվճարել ուսանողներին ու ստաժորներին: Բացի այդ, կարգելվի աշխատանքի ընդունել մարդկանց, ովքեր սոցիալական ապահովագրություն չունեն: Այս նախաձեռնությունը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Անկարայում, այլեւ Թուրքիայի այլ քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում: Թուրքիայի ՆԳ նախարար Բեշիր Աթալայը բողոքի ակցիաներն անօրինական է համարել: Նրա խոսքով, իշխանություններն արգելում են բողոքի ակցիաներ անցկացնել երկրի խորհրդարանի շենքի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել