Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թողտվություն՝ ՀՀ գիտության բնագավառում

Փետրվար 05,2011 00:00

«Բաց նամակ»՝ ՀՀ քաղաքացիներին

Ես ժամանակին «բաց նամակով» ՀՀ նախագահին եւ վարչապետին հայտնել եմ, որ ՀՀ գիտության ոլորտում կազմավորվել եւ գործում է կլանային խմբավորում ու խնդրել եմ նրանց հանձնարարականը՝ ուսումնասիրելու այդ փաստը եւ ի նպաստ ՀՀ գիտությանը՝ այն հիմնավորելու («Առավոտ», 05.03.2010թ.):
Մոտ երեք ամիս իմ «բաց նամակում» նշված փաստերը «տրորելուց» հետո, ի զարմանս ինձ, տրվեց բանավոր վախվորած պատասխան թե՛ նախագահի եւ թե՛ վարչապետի աշխատակազմերի վերահսկողական ծառայությունների կողմից, որտեղ ասվում է, որ իրենք ոչինչ ասել չեն կարող, կարճ՝ չեն կարող ստուգել եւ հայտնաբերել ճշմարտությունը: Ինչ վստահության կամ պետականության մասին է խոսքը, երբ մի փոքրիկ ինստիտուտի տնօրենի վրա էլ չեն կարողանում, կամ վախվորած են նրա «թիկունքից»:
Խոսքս ՀՀ ԳԱԱ համակարգում գտնվող Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրինության մասին է, որը թեեւ ՊՈԱԿ-ի տնօրինություն է, բայց գործում է մասնավոր հիմունքներով իրեն հարմարեցված գործելակերպով:
Թեեւ Մարքսի ժամանակներն անցել են, բայց նրա հայտնած օրինաչափությունից այս դեպքում շատ տեղին է օգտվել. մի ուրվական է շրջում ՀՀ գիտության բնագավառում՝ ճշմարտության եւ օրինապահության ուրվականը, որին հալածելու համար կլանային պայքարի են ելել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, ՀՀ գիտպետկոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը՝ իրենց «շքախմբերով», ու նշված ինստիտուտի տնօրինությունը՝ տնօրեն Ա. Հախումյանի գլխավորությամբ:
Նշված պարոնայք թեեւ ակադեմիկոսներ, դոկտորներ ու գիտական աշխարհի մարդիկ են, սակայն իրենց գործողություններով պետական օրենքների, կարգուկանոնի, աշխատանքային օրենսդրության խախտումների, գիտական աշխատանքների կազմալուծման կամ կազմաքանդման վարպետներ են: Այլ կերպ չես անվանի այն, որ արդեն շուրջ երկու տարի է, ինչ ՀՀ ԳԱԱ-ի ՌՖԷԻ N3 լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Կ. Կարապետյանի բազմաթիվ դիմում-բողոքներին տարատեսակ, գործող օրենսդրությանը խիստ չհամապատասխանող պատասխաններ են տրվել, ու բացարձակ ասում են, որ բակլան իրենցն է՝ ինչպես ուզեն, կցանեն: Բայց զարմանալին այն է, որ դրա նկատմամբ վախվորած են պետական ամենաբարձր պաշտոնյաները, հսկայական վերահսկողական ապարատը կուչ է եկել ինչ-որ օրինախախտների, ամեն րոպե ճշմարտությունը ոտնահարողների ու հայկական պետությունը օտարների աչքերում վարկաբեկողների առաջ: Պետք է համախմբվել ոչ թե կեղծիքի, ստի ու կլանականության շուրջ, այլ դրանց ի հակառակ, անկախ նրանից՝ հորդորը լսվում է գիտական կամ պետական խոշոր այրերի կողմից, կրտսեր գիտաշխատողի կամ իրավաբանի:
Մեծամտությունը կործանարար է եւ փարավոնային մտածողության, եւ պետական չինովնիկության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել