Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 05,2011 00:00

Ձախողված բնակարանաշինությունից մինչեւ «քաղաքական» պատասխաններ

2008 թ. փետրվարի 1-ից «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո մեկնարկել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրը, որը արդեն քանի տարի  շեփորվում է:
Մամուլն էլ հեղեղված է այն տեղեկատվությամբ, թե նորակառույցներ այցելած դասախոսները ահավոր դժգոհ են եղել շինարարական աշխատանքների որակից (կարճ ու երկար դռներ, անորակ մանրահատակ, լուսամուտներ ու լուսամուտագոգեր, բնակարանի մակերեսից յուրացում՝ մոտ 2 քմ եւ այլն): Հիշեցնենք, որ բնակարան պետք է ստանային 315 դասախոս ու երիտասարդ գիտնական, սակայն «Օջախ» ռեստորանում «բնակարանամուտի» առթիվ կայանալիք արարողությունը հետաձգվել է մինչեւ մարտ՝ համապատասխան շտկումների համար։ Ծրագրի ղեկավարն էլ՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ նախկին պրոռեկտոր Արսեն Քարամյանն է, որը, ինչպես շրջանառվում է ԶԼՄ-ներում, ցանկանում է ԵՊՀ ռեկտոր դառնալ ու խոր հակասությունների մեջ է իր նախկին «շեֆի»՝ ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
ԶԼՄ-ներից մեկին պարոն Քարամյանն արդարացել  էր. «Մենք կառուցապատել ենք շուրջ 46 հազար քմ տարածք, 315 բնակարան, 216 ավտոկայանատեղի  եւ 17 հասարակական սպասարկման տարածք: Բնականաբար, այս ծավալների մեջ պետք է լինեին որոշակի թերացումներ…»: «Առավոտը» եւս փորձեց որոշ մեկնաբանություններ ստանալ պարոն Քարամյանից, սակայն նրա փոխարեն հեռախոսը վերցրեց տիկինը, քանի որ փոխնախարարը վատառողջ է եւ ստացիոնար բուժում է ստանում:
Ի դեպ, ԵՊՀ  www.ysu.am կայքում դեռ  2008թ. հնարավորություն էր ընձեռված հարցեր ուղղել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ի նախագահին՝ բնակարանաշինության չարչրկված ծրագրի վերաբերյալ: Քարամյանն էլ, նույն կայքում, պատասխանել է քիմիայի ֆակուլտետի դասախոս Հայկ Խաչատրյանի, Աննայի, Քրիստինա Հովհաննիսյանի եւ  այլոց հարցերին: Քարամյանը նույնիսկ հիասթափվել էր Աննայի հարցից ու պատասխանել. «Ցավում եմ, որ կարելի է մտածել, թե այս կարգի սոցիալական ծրագիրը կարող է որոշ անձանց համար դառնալ եկամտի աղբյուր»: Լիային, օրինակ, հետաքրքրել էր ռիսկը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում, Ա. Քարամյանն էլ նրան «տեղն էր դրել» իսկական ՀՀԿ-ականի պես. «Ձեզ պետք է հորդորեի, որ բնակարանի ձեռքբերման ռիսկերը չպայմանավորեիք ինչ-ինչ խոսակցություններով, որոնք, ըստ իս, նախագահ Սերժ Սարգսյանի արմատական ընդդիմախոսների լոկ ցանկությունների տիրույթից են: Ես էլ Ձեզ պես, խուսափելով հարցը քաղաքական տիրույթում դիտարկելուց, զուտ որպես ՀՀ քաղաքացի ու ընտրող, միարժեքորեն կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալու՝ դրա լուրջ, խորքային հիմքերի բացակայության պատճառով»:
Աշխենին հետեւյալ հարցն էր հուզել՝ որպես բնակարանների «վաճառող» հանդես է գալիս հասարակական կազմակերպությունը: Կանխիկ վճարման դեպքում «գնորդը» վճարում է հ/կ-ին: Հ/կ-ի լուծարման դեպքում ո՞վ է պատասխանատվություն վերցնում իր վրա՝ «գնորդն» ումի՞ց պետք է պահանջի բնակարանը կամ գումարը: Քարամյանը տեղեկացրել էր. «ԵՊՀ շրջանավարտների միավորումը» ներկայումս բանակցություններ է վարում մի շարք ապահովագրական ընկերությունների հետ, որի վերջնական արդյունքների մասին կտեղեկացվեք: Հարկ է նկատել, որ ցանկացած ապահովագրություն ենթադրում է գումարների վճարումներ ապահովագրական ընկերությանը, որը տվյալ դեպքում պետք է վճարի շահառուն, բացի այդ, Դուք եւս ազատ եք սեփական նախաձեռնությամբ ապահովագրել բնակարանի ձեռքբերման գործարքին սպառնացող ռիսկերը՝ համաձայն ապահովագրական շուկայում առկա հնարավորությունների:
Իսկ առհասարակ, պետք է նշեմ, որ «ԵՊՀ շրջանավարտների միավորմանը» չի սպառնում Ձեր կողմից մատնանշած հանգամանքը, մանավանդ որ, մինչ այժմ հոռետեսության առիթ Ձեզ չի տրվել…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել