Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիվանդ դատապարտյալին՝ փակ ռեժի՞մ

Փետրվար 05,2011 00:00

13, 7 տարվա ազատազրկման դատապարտված, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի 40-ամյա կալանավոր Ահարոն Հակոբյանի մայրը՝ Նելլի Հակոբյանը դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ԴՀ ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանին:
«Արթիկի գաղութից իմ որդուն, վատառողջ լինելու պատճառով, տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիվանդասենյակ տեղափոխելու փոխարեն նրան պահում եք հիվանդանոցի տարածքում գտնվող մի սենյակում, որն ահավոր խոնավ է եւ ցուրտ, անկողինն այնքան խոնավ է, ասես, ջրից նոր հանած լինի: Երբ իմացա պայմանների մասին, հայտնեցի Ձեր աշխատակցին, որն ասաց, որ շենքը նոր է հանձնվել եւ դեռ լիարժեք չի չորացել: Ասացիք, չենք տեղափոխում հիվանդանոց, որովհետեւ հրամայված է Ահարոնին պահել փակ ռեժիմի տակ: Փակ ռեժիմ ասվածն ի՞նչ է նշանակում: Հիվանդ կալանավորին բուժե՞լ, թե՞ սպանել: Ահարոնին այդպես էլ չեք տեղափոխում հիվանդանոց, պահում եք մեկուսացված, անմարդկային պայմաններում: Իսկ Դուք չգիտե՞ք, որ այդ խոնավ պայմաններում նա ձեռք կբերի թոքերի բորբոքում եւ կհիվանդանա երիկամների նեֆրիտով»,- գրում է ԴՀ ՔԿՀ պետին Ն.Հակոբյանը:
Մոր կարծիքով՝ հիվանդ դատապարտյալին այդ պայմաններում պահելը նշանակում է նրան դատապարտել սպանության: Հետեւաբար, նա հարցնում է. «Չեմ հասկանում, դատապարտյալների հիվանդանոցը հիվանդանո՞ց է, թե՞ համակենտրոնացման ճամբար»:
Ն.Հակոբյանը շեշտում է, որ դատապարտյալն ունի արժանապատվություն, ինքնասիրություն, եւ իր պատիժը կրող ազատությունից զրկվածին չի կարելի վերաբերվել ստրուկի պես:
«Տեսնելով ձեր վերաբերմունքը՝ մենք հրաժարվում ենք Ձեր բուժօգնությունից»,- գրում է մայրը, հորդորելով, որ վերաբերվեն իր որդուն եւ նրա բախտընկերներին՝ որպես մարդու, այլ ոչ թե՝ ստրուկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել