Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՏՅՈՄ ՅՈՒԺՆԻԻՆ» ՄԵՂՍԱԳՐՎԱԾ 6 ԴՐՎԱԳԻՑ

Փետրվար 05,2011 00:00

\"\"
Տյոմի ֆանատների շարքը գնալով ավելանում է:

\"\"
Ոստիկանը միշտ զգաստ վիճակում է:

\"\"
Սպասասրահում, չգիտես ինչու, պատին փակցրած է դատարանի ահա այս հատակագիծը: Սա այն դեպքում, երբ այս դատարանը քչերից է, որի մուտքը մետաղաորսիչ սարքով չի հսկվում: Իսկ քաղաքացիների ելումուտն էլ ազատ է:

Երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Ա. Խաչատրյանը հրաժարվեց Արտավազդ Առաքելյանի դեմ հարուցված քրեական գործով նրան մեղսագրված 6 դրվագից: Դրանք վերաբերում էին բանկերից փոխանցված խոշոր չափի՝ 528 000, 530 000, 527 000, 583 900, 789 840, 527 000 դրամ արժողության բջջային հեռախոսների, սառնարանի գումարներին տիրանալուն: Արտավազդ Առաքելյանը, ինչպես այս գործով մեղադրյալ Սերյոժա Ամիրխանյանը, մարել էին տուժողների պարտքերը: Ս. Ամիրխանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սարգսյանը դատարանին ներկայացրեց վկա Օֆելյա Սարգսյանի, տուժող Նվարդ Խաչատրյանի վարկային պարտավորությունները մարված լինելու մասին կտրոնները: Դրանք վերաբերում էին, համապատասխանաբար, 126 000 եւ 345 000 դրամի պարտավորության կատարմանը: Տեղեկացանք, որ տուժող Աննա Պարսամյանի 482 000 դրամ գումարը նույնպես մարվել էր:
Արտավազդ Առաքելյանի նկատմամբ քրեական հետապնդումը կշարունակվի խարդախության դրվագով միայն:
Արտավազդ Առաքելյանը հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով, նրան ճանաչում են «Վերվարածներն ընտանիքում», «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից, որոնց գլխավոր դերակատարներից էր: Նա զբաղվել է թայբոքսինգ եւ պաուերլիֆտինգ մարզաձեւերով:
Երեկ դատարան էին ներկայացել սերիալների հերոսի իրական ֆանատները, որոնք հետագայում հրաժարվեցին իրենց հետ դատարան բերված Տյոմի նկարները նիստերի դահլիճում պարզելու մտադրությունից:
Անցյալ տարվա փետրվարից ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ա. Առաքելյանի պաշտպանությունը ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահան Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Արտավազդի հետ նույն գործով մեղադրվում են «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը, Արտակ եւ Արթուր Թադեւոսյանները (վերջինս նույնպես «Որոգայթ» հեռուստասերիալի դերակատարներից է), բջջային հեռախոսների խանութների սեփականատեր Վահե Մաղաքյանը, Գոհար Վարդանյանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «Ա. Առաքելյանը մեղադրվում է նրանում, որ ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու դիտավորությամբ, նախապես համաձայնության գալով տարբեր անձանց հետ, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ վարկեր ստանալու նպատակով կատարել է դիտավորյալ հանցագործություններ»:
Ա. Առաքելյանը իրեն մեղավոր է ճանաչել մասնակի: Նա համաձայն չէ «նախնական համաձայնության գալով», «հետագայում վարկը չմարելու նպատակով» եւ այդ կարգի ձեւակերպումների հետ:
Մինչ մեղադրանքից հրաժարվելը, Ա. Առաքելյանին սպառնում էր 4-8 տարվա ազատազրկում, իսկ հիմա՝ 2-6 տարվա:
Փաստաբան Լիպարիտ Սարգսյանը միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել