Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՂԶԻՆ ԿԻՍԵՑԻՆ, ԿՈՅՈՒՂԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԻՍԵԼ

Փետրվար 05,2011 00:00

Հույն-թուրքական հարաբերություններում, քաղաքական խնդիրներից բացի, կենցաղային հարցերն էլ են խեղդում

\"\"
Կոյուղին կիսելու հարցում համաձայնության չգալը նույնիսկ
ծաղրանկարների առիթ է հանդիսացել:

\"\"
Կիպրոսում ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջին ականը պայթեցրին:

\"\"
Մոզամբիկցի ականազերծողներն իրենց գործը Կիպրոսում ավարտեցին:

\"\"
Կիպրոսի Հանրապետության նախագահականի այգին իսկական դրախտ էր հիշեցնում: Նախագահի նստավայր այցելած լրագրողներս, բացի 3-4 աշխատակցից, որոնք ուղեկցում էին մեզ, ոչ մի անվտանգության աշխատակցի չհանդիպեցինք, նախագահականում ամեն ինչ պարզ էր, հասարակ, անգամ նախագահի անմիջապես պատուհանի տակ զբոսնող եւ այգում շրջող լրագրողներին ոչ ոք չէր մոտենում եւ զգուշացումներ չէր անում:

\"\"
Սա հույն-թուրքական սահմանակետն է, որտեղ ՄԱԿ-ի աշխատակիցները հաշված րոպեների ընթացքում քաղաքացիներին պարզեցված ընթացակարգով վիզա են տրամադրում՝ մի հատվածից մյուսն անցնելու համար:

Կիպրոսի լեռան հարթ լանջին, ուղիղ Նիկոսիայի դեմ-դիմաց, վիթխարի սպիտակ ֆոնի վրա դաջված է Թուրքիայի դրոշը: Թուրքական դրոշի գովազդը կիպրոսցիները ծանր են տանում, սակայն հատկապես օտարերկրացիների հետ զրույցներում՝ այդ հանգամանքի վերաբերյալ զուսպ են արտահայտվում: Առավել ծանր է Կիպրոսի թուրքական հատվածից հունական հատված արտագաղթած հույն փախստականների հոգեվիճակը: Շուրջ 36 տարի իրենց բնակավայրերը լքած փախստականներին, Կիպրոսի Հանրապետության կառավարության կողմից, ճիշտ է, հատկացվել են բնակարաններ, հողակտորներ, այդուհանդերձ, նրանք դառնությամբ եւ կարոտով են հիշում իրենց տունը: Ամեն վայրկյան հույն փախստականը կարող է հեռադիտակով նայել, օրինակ՝ թուրքական հատվածում գտնվող Ֆամագուստա քաղաքի կողմը եւ տեսնել իր տունը, այգին, սեփական տան պատշգամբը: Նրանք հույս ունեն, որ խնդիրը մի օր կլուծվի եւ իրենք կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը: Նշենք, որ 1974-ին հույն եւ թուրք կիպրոսցիների միջեւ ծագած կոնֆլիկտի հետեւանքով հազարավոր մարդիկ համարվում են անհայտ կորած: Նրանց հարազատները չգիտեն, թե որտեղ են գտնվում նրանք կամ նրանց մարմինները:
Այսօր կորածների հարցերով 2 կողմին էլ աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ը:
Բացի այդ, կազմակերպության խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվում է նաեւ պատերազմից հետո ի հայտ եկած չեզոք գոտին, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում է մի քանի հազար քառակուսի մետր տարածք եւ ամբողջովին փշալարերով պատված է, 2004 թվականից սկսած ՄԱԿ-ի միջոցներով ականազերծման աշխատանքներ են իրականացվում այդ տարածքներում: Հունվարի 17-22-ը «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ Կիպրոս այցելած լրագրողներս մասնակցեցինք չեզոք գոտին ականներից ազատելու աշխատանքներին: Այդ օրը ՄԱԿ-ի համար նշանավորվել էր ամենավերջին ականը հանելու փաստով: Վերջին գտած ականը պայթեցվեց հանդիսավոր պայմաններում:
Ականապատված տարածքները ականներից ազատելու աշխատանքները Մոզամբիկից եկած ականազերծողներն էին իրականացնում, որոնք լրագրողների համար, հենց չեզոք գոտում, կարելի է ասել, դասընթաց կազմակերպեցին եւ մանրամասն բացատրեցին, թե ինչպես են ականը հայտնաբերում եւ հանում: Մինչ օրս այդ տարածքից հանվել է 27 հազար ական:
Չնայած Կիպրոսի հարցի լուծման ուղղությամբ տարվող ՄԱԿ-ի ջանքերին, թուրք եւ հույն համայնքները միավորելու հարցում որեւէ համաձայնության չեն գալիս: Այս հարցը կիպրոսցիների համար չի սահմանափակվում միայն քաղաքական խնդրով. մի շարք կենցաղային հարցեր եւս կլուծվեն, եթե համայնքները միավորվեն:
Երկար տարիներ Կիպրոսի թուրքական հատվածի համար անլուծելի է մնում կոյուղու խնդիրը: Քանի որ այն ժամանակին եղել է ընդհանուր, այսօր տարանջատելը մեծ խնդիրներ է առաջացրել, այն դեպքում, երբ ոչ միայն կղզին է բաժանված 2 հատվածի, այլեւ հենց Նիկոսիա քաղաքը, որը ներկայումս համարվում է Կիպրոսի մայրաքաղաքը: Նիկոսիայի մի մասը գտնվում է սահմանից այն կողմ:
Լրագրողների հետ զրույցում թուրքական Նիկոսիայի նախկին քաղաքապետ Մուստաֆա Ակինին էլ ասաց, որ կոյուղու հարցը շա՜տ լուրջ խնդիրներ է առաջացրել իրենց համար: Նա գտնում էր, որ դժվար պահերին էլ կարելի է համագործակցել, պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել