Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐՆ ԷԼ ԵՆ ՏԽՐԵԼ

Փետրվար 05,2011 00:00

Այն բանից հետո, երբ միջնորդ հանդիսացող հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների՝ Ստամբուլում տեղակայված գրասենյակները երկու անգամ բարձրացրին իրենց ծառայության գները, Երեւանի եւ Ստամբուլի միջեւ այլեւս չի իրականացվում առեւտուր: Այս մասին է գրում թուրքական Hurriyet Daily News պարբերականը, որին մեջբերել է tert.am-ը «Երկու շաբաթ առաջ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ իրականացվող առեւտուրն ամբողջությամբ դադարեցվել է: Իսկ այս ցավոտ իրավիճակի համար պատասխանատվություն է կրում Աքսարայի «Էմնիյեթ» ավտոկայարանում տեղակայված ոլորտում մոնոպոլ դիրքեր ունեցող «Կառլեն կարգո» հայաստանյան բեռնափոխադրող միջնորդ ընկերությունը, որը ապրանքի տեղափոխման 1 կգ-ի դիմաց գանձվող գումարը 4 դոլարից հասցրել է 8-ի»,– գրում է Hurriyet Daily News–ը՝ նշելով, որ բեռնափոխադրող այդ ընկերությունը հրաժարվել է պատասխանել իրեն ուղղած հարցերին: Նշվում է, որ խոշոր միջնորդ բեռնափոխադրող են համարվում նաեւ «Ազատ», «Չինար», «Քայա» ընկերությունները: Պարբերականը նշում է, որ ստեղծված իրավիճակի պատճառով անհանգստացած են նաեւ թուրք առեւտրականները, որոնց պնդմամբ՝ իրենք ամբողջությամբ կախված են հայ առեւտրականներից: «Ավտոկայարանի ներկայացուցիչների տրամադրած տեղեկությունների համաձայն՝ անցած տարի առեւտուր անելու նպատակով Ստամբուլ է ժամանել 1 միլիոն հայաստանցի: Շաբաթական մոտ 50 բեռնատարներ Վրաստանով 17 տոննա բեռ են տեղափոխում Հայաստան: Եվ եթե ստեղծված իրավիճակը մի քանի շաբաթ էլ շարունակվի, 20 թուրքական ուղեւորափոխադրող ընկերություններ կանգնելու են սնանկության վտանգի առջեւ»,- գրում է թուրքական պարբերականը՝ ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ: «Եթե չլինեն հայերը, մեր խանութները կփակվեն: Մեծապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով»,– Hurriyet Daily News–ի հետ զրույցում ասել է թուրք առեւտրական Մուստաֆա Քամիլօղլուն: Նշենք, որ անցած ամիս հայ առեւտրականները մաքսատուրքի բարձրացման պատճառաբանությամբ բողոքի ակցիաներ էին կազմակերպել Երեւանում: ՀՀ մաքսային պետական կոմիտեն պաշտոնապես պարզաբանել է, որ մաքսատուրքի բարձրացում չի եղել, պարզապես միջնորդ կազմակերպություններն են բարձրացրել իրենց ծառայության գները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել