Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԱՆԿԱՐԺԵՔ, ԲԱՅՑ ԿԱՐԵՎՈՐ ԾՐԱԳԻՐ

Փետրվար 05,2011 00:00

\"\"Վերակառուցումից եւ արդիականացումից հետո Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում կլուծվեն ոչ միայն արտադրական,  այլեւ բնապահպանական խնդիրները

2010 թվականը Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները ավարտեցին բավականին լավ ցուցանիշներով՝ համեմատած նախորդ, ճգնաժամային 2009-ի հետ: Այս մասին են վկայում նաեւ 2010 թ. ՀՀ առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում նրանց կողմից վճարված հարկերը (տե՛ս «Հանքարդյունաբերությունը ոտքի է կանգնում», 03.02.11, «Առավոտ»):
Հարկերի մուծման գրեթե կրկնակի աճ է գրանցել նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԱՊՄԿ), որը պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբին:
Եթե 2009-ին ԱՊՄԿ-ն խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել էր 83-րդ տեղը՝ մուծելով 723 593 մլն դրամ, ապա 2010-ի կտրվածքով մուծել է մոտ 1 մլրդ 717 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 42-րդ տեղը:
 Այս կապակցությամբ «Առավոտին» որոշակի տեղեկություններ տրամադրեց Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Սերգեյ Պոլովինկինը: Նկատելով, որ ԱՊՄԿ-ի արտադրական հզորությունները 2009-ի տվյալների հետ համեմատելը կոռեկտ չի լինի, քանի որ այդ ժամանակ արտադրությունը ուղղակի կանգ էր առել ճգնաժամի պատճառով, նա տեղեկացրեց, որ 2010-ի սկզբից գործարանը կատարել է իր առջեւ դրված պլանները. «Ողջ տարվա ընթացքում մեր հիմնական արտադրական ցուցանիշները գոհացուցիչ էին: Ճիշտ է, պլանի լուրջ գերակատարում չեղավ, բայց ինչ պլանավորել էինք՝ իրականացրինք։ Խոսքը վերաբերում է եւ լեռնային աշխատանքներին, եւ հանքաքարի արդյունահանմանը, վերամշակմանը, եւ մետաղի կորզմանը: Բոլոր ցուցանիշներով հաջողություն ենք գրանցել: 2010 թվականին արդյունահանվել է 3.02 մլն տոննա հանքաքար, որն ամբողջությամբ մշակվել է: Թողարկել ենք 28 600 տոննա պղնձի խտանյութ: Մոլիբդենի գծով թերակատարում է եղել օբյեկտիվ պատճառներով. անկեղծ ասենք, որ մոլիբդենը մեզ մոտ քիչ է, ընդամենը 530 տոննա ենք թողարկել: Նախորդ տարում կատարել ենք 2.2 մլն խորանարդ մետր մակաբացման աշխատանքներ, որը շատ լուրջ աճ է, քանի որ 2009-ի պլաններով (եթե տարին արտադրական լիներ) մենք պետք է ընդամենը 1.8 մլն խմ մակաբացման աշխատանքներ իրականացնեինք, սակայն պլանավորվածից մոտ 1.3 մլն խմ-ով ավելի ենք մակաբացել։ 2011-ին պլանավորվում է մակաբացման աշխատանքների աճ, մտադիր ենք 2.5 մլն խմ հորատել, քանի որ մտադիր ենք 2011-ից ավելացնել նաեւ արդյունահանումը, որի համար նախ պետք է բացել հանքը…»:
Անդրադառնալով այս տարվա ծրագրերին՝ պարոն Պոլովինկինը հատկապես կարեւորեց ֆաբրիկայի վերազինման աշխատանքները. «2012թ. փետրվարին ֆաբրիկան արդեն պետք է շահագործման հանձնվի, այնպես որ՝ այս տարին շատ լարված է լինելու: Արդյունաբերական այն աճը, որ նախատեսում ենք 2012-ի համար, կապված է լինելու հենց ֆաբրիկայի արդիականացման հետ: Պետք է ասեմ, որ լեռնային աշխատանքները շատ իներտ են, եւ որպեսզի 2012-ին մենք կարողանանք 3.5 մլն տոննա հանքանյութ արդյունահանել,  այսօրվանից սկսում ենք մակաբացման աշխատանքներ անել… Ինչ վերաբերում է ֆաբրիկային, ապա այն արդեն իսկ կառուցվում է, եւ դեկտեմբերից սկսած շինարարական աշխատանքներին զուգահեռ՝ ակտիվորեն ընթանում են նաեւ տեխնիկական փորձաքննությունը, տեխնիկական վերահսկողությունն ու նախագծի հեղինակային վերահսկողությունը: Վերակառուցումը ոչ միայն լեռնահարստացման ֆաբրիկայի շահագործման նոր ցիկլ է, որը ներսում է ընթանում (որը, չեմ թաքցնի, շատ վատ վիճակում էր՝ պետք է վերականգնել մետաղական կառուցվածքը, բետոնե ծածկը, մնացած ամեն ինչը), այլեւ հիմա ամեն բան արվում է այնպես, որ հետագայում ավելի լավ հիմքեր ունենանք աշխատելու»:
Հիշեցնենք, որ դեռ 2009թ. հունիսին կառավարության որոշմամբ ԱՊՄԿ-ին տրամադրվեց 14 մլն դոլար բյուջետային վարկ, եւ, ըստ պարոն Պոլովինկինի, այդ գումարը լիովին արդեն իրացված է. «Այդ վարկը գրեթե ամբողջովին իրացված է, բայց հիմնականում՝ ոչ վերակառուցման աշխատանքների համար: Մեծ մասամբ ծախսվել է ձեռնարկության արդիականացման ուղղությամբ՝ նոր «Բելազներ» ենք գնել, նոր թրթուրավոր տեխնիկա, այլ սարքավորումներ… Դեռ 2009-ի դեկտեմբերից, խստորեն հետեւելով պլանին, վերադարձնում ենք պետությունից ստացած վարկը: Վերակառուցումն ու արդիականացումն ամբողջովին մեզ վրա կնստի ընդհանուր առմամբ $22-24 մլն, բայց դա նախնական, նախագծային արժեքն է, այս պահին ես հստակ թիվ չեմ կարող ասել, քանի որ օրըստօրե ամեն բան թանկանում է՝ մետաղը, բետոնը, դիզելային վառելիքը, սարքավորումները… Եվ չեմ կարող ասել, թե ավարտի պահին որքան ծախսված կլինի։ Այսօրվա դրությամբ արդեն իսկ $12 մլն իրացրել ենք: Վերակառուցումը կատարվում է վարկերի միջոցով, նաեւ՝ մեր սեփական միջոցներով, բայց պիտի նշեմ, որ մենք նաեւ ակտիվորեն վերադարձնում ենք վարկերը»:
Պարոն Պոլովինկինը շեշտեց, որ ֆաբրիկայի նորացումն ու արդիականացումը ոչ միայն կնպաստի արտադրական աճին, այլեւ հիմնովին կլուծի բնապահպանական բոլոր խնդիրները. «Նոր ֆաբրիկայում հնարավորություն կունենանք ավելի շատ հանքանյութ մշակելու եւ ավելի շատ մետաղ կորզելու: Բացի այդ, կկարողանանք ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսել, ավելի քիչ ռեագետներ, օժանդակ նյութեր ծախսել: Արդիականացման նպատակներից է ոչ միայն այն, որ հանքանյութից մետաղի կորզումը ավելանա, այլեւ նվազի արտադրության ինքնարժեքը։ Այդ ամենի շնորհիվ լրջորեն կնվազի նաեւ ֆաբրիկայի վթարայնության աստիճանը: Եվ վերջապես, մեր նպատակն է հասնել նրան, որ վերականգնվի ֆաբրիկայի աշխատանքի փակ ցիկլը: Եթե ամեն ինչ ծրագրվածի պես ընթանա, ապա մենք կհասնենք դրան, իսկ դա նշանակում է, որ այն, ինչի համար մեզ հիմա քննադատում են բնապահպանները, ուղղակի կվերանա: Այսինքն՝ կլինի ոչ թե մաքրում, այլ լիակատար փակ ցիկլ: Դրա համար, իհարկե, մեծ գումարներ են պետք, մեծ աշխատանք, որովհետեւ պետք է կառուցել ավազաններ, հզոր պոմպեր, մաքրիչ սարքավորումներ, որպեսզի նույն ջուրն անընդհատ մաքրվի եւ ետ վերադարձվի ֆաբրիկա: Այնպես որ, այս ծրագրի ավարտին մենք բոլոր էկոլոգիական խնդիրները կլուծենք եւ միայն այդ նպատակի համար նախատեսել ենք ավելի քան $3 մլն»:
Բնապահպանական խնդիրներից սահուն անցում կատարելով սոցիալականին՝ ԱՊՄԿ-ի գլխավոր տնօրենից հետաքրքրվեցինք, թե քանի աշխատող ունի ներկայումս իր ղեկավարած կոմբինատը, որքան է միջին աշխատավարձը եւ այլն. «Ներկայումս կոմբինատում աշխատում է 900 մարդ: Ֆաբրիկայի վերագործարկումից հետո հուսով եմ, որ այդ թիվը չի նվազի, թեեւ չեմ կարծում, որ կավելանա: Ինձ ճիշտ հասկացեք՝ նոր սարքավորումներն ավելի արդյունավետ եւ ավտոմատացված են լինելու, եւ նոր աշխատողների կարիք հաստատ չենք ունենա: Սակայն մենք ամեն ինչ կանենք, որ մարդկանց չկրճատենք: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա միայն կասեմ, որ մեր արտադրության աշխատողները հանրապետության մակարդակով բավականին բարձր եւ կայուն աշխատավարձ են ստանում: Բայց ես չեմ ուզում հրապարակել այդ թիվը: Ասեմ, որ Ագարակ քաղաքում չկա որեւէ ընտանիք, որը մեր գործարանի հետ որեւէ ձեւով չառնչվի»:
Տեղեկացված լինելով, որ ԱՊՄԿ-ն նաեւ մեծ սոցիալական պատասխանատվություն է կրում Ագարակ քաղաքի նկատմամբ, պարոն Պոլովինկինից փորձեցինք կորզել, թե որքան ներդրում է անում կոմբինատը քաղաքում: Դժկամությամբ բարձրաձայնելով կատարած աշխատանքների մասին՝ Ագարակի պատվավոր քաղաքացի հռչակված Սերգեյ Պոլովինկինը ընդամենը մի քանի թիվ ասաց. «Մենք քաղաքապետարանի հետ պայմանագիր ունենք եւ քաղաքի բյուջեի դեֆիցիտն ենք մեր միջոցներով փակում: Գիտեք, չեմ ուզում շատ խոսել այդ մասին, բայց գրեթե չկա մի ոլորտ, որին մենք չմասնակցենք՝ դպրոցի վերանորոգումից սկսած, քաղաքային հիվանդանոցի ֆինանսավորումով եւ քաղաքի լուսավորության վճարներով վերջացրած… 2010թ. սոցիալական ծրագրերի բյուջեն կազմել է $200 000, իսկ 2011-ի համար պաշտոնապես նախատեսել ենք $150 հազարի չափով օժանդակություն քաղաքին, բայց կարծում եմ, ի վերջո, ոչ պակաս, քան $200 հազար հաստատ կծախսենք: Գիտեք, այնպես չի, որ քաղաքի բյուջեի օժանդակությունը արեցինք, ու վերջացավ: Դրանից հետո էլ ռեզերվային ֆոնդի գումարներից տարբեր կարիքների համար ծախսում ենք… Դա նորմալ է, դա ճիշտ է, դա պարտադիր չէ ամեն անգամ փողհարել, դա մեր կորպորատիվ սոցիալական պարտավորությունն է, որը մենք անում ենք, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր նորմալ ձեռնարկություն հենց այդպես էլ պետք է վարվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել