Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առավոտին» ու news.am-ին դատում են նույն բանի համար

Փետրվար 05,2011 00:00

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ հերթական հայցերն էին քննվում անկախ լրատվամիջոցի դեմ: Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունել մի հայց, որն ապշեցնում է իր անգրագիտությամբ եւ օրենքի խախտումներով:
Այսպես, երեկ տեղի է ունեցել news.am լրատվական գործակալության դեմ ներկայացված դատական հայցով նախնական նիստը: Սակայն այն շատ արագ ավարտվել է, քանի որ դատավոր Էդիկ Ավետիսյանը ստիպված է եղել իր իսկ համառ հուշումներից հետո ժամանակ տրամադրել հայցվորին՝ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին, շտկելու հայցի ակնհայտ անգրագիտությունը: Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, որ 2010թ. նոյեմբերի 23-ին այդ կայքը հոդված է հրապարակել ՀՀ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի մասին, որում վերջինս հենց իր խոսքում մեղադրել էր բժշկական կենտրոնին՝ իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ՝ էժանագին սարք տեղադրելու մեջ: Կենտրոնն էլ որոշել էր, որ կայքը «լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին», եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով: Հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտի» դեմ, ինչը մեծ սայթաքում է:
«Առավոտի» հետ հեռախոսազրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանը փոխանցեց, որ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում հրապարակման համար, քանի որ տարածել է անձի կատարած հայտարարությունը, իսկ դա չի կարող որակվել որպես ընկերության կողմից «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի դեմ կատարված ոտնձգություն»: Նա նաեւ փաստեց, որ հայցվոր կողմը թույլ է տվել նաեւ այլ դատավարական սխալներ, որոնք պատասխանող կողմը մարտավարական նպատակներով կհրապարակի դատաքննության ընթացքում:
Ի դեպ, այդ դատարանում երեկ ավելի վաղ պիտի մեկնարկեր նաեւ «Առավոտի» «դատը», նույն՝ Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի կողմից նույն խնդրի առնչությամբ նաեւ մեր թերթում հրապարակված հոդվածի վերաբերյալ: Ընդ որում, հայցը նույնաբովանդակ է՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջ՝ «Առավոտի» կողմից, իբր, կենտրոնի նկատմամբ «պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի դեմ կատարված ոտնձգության» համար: «Առավոտի» գործով դատական նիստը երեկ, սակայն, չկայացավ, քանի որ օրաթերթի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Մեջլումյանը նախապես դատավորին հայտնել էր դատական այդ նիստին իր հարգելի բացակայության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել