Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամեն ընտրությունից առաջ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն վիճում են

Փետրվար 05,2011 00:00

\"\"Բայց ընտրությունից հետո նրանք կազմում են կոալիցիա

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի գործիչների միջեւ խորհրդարանական ընտրություններից առաջ բառային փոխհրաձգությունները կարծես արդեն ունեն ավանդույթի վերածվելու միտում: Այս առումով բնավ աննախադեպ չէ առժամանակ դադարած վերջին բանավեճը, երբ ՀՀԿ-ի գործիչները թափանցիկ ակնարկներ էին անում ԲՀԿ-ի հասցեին, թե՝ «Հանրապետական կուսակցությունը չի մտնում քաղաքական այն ուժերի ցանկի մեջ, որոնք ծնվել են ինչ-որ մեկի նախագծերի իրականացման արդյունքում» կամ, երբ ԲՀԿ պատգամավորի խորհրդին ի պատասխան՝ դիմել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ, հակադարձում էին «Թո՛ղ դիմեն նրանք, ովքեր դրա սովորությունն ունեն»:
Հիշեցնենք խորհրդարանական նախորդ ընտրություններից առաջ նման կսմիթների մեկ այլ օրինակ: 2006 թվականի հուլիսի 21-ին «Փաստարկ» ակումբում տված ասուլիսում Արմեն Աշոտյանը, որն այն ժամանակ դեռ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությունը համեմատեց այն ֆիրմաների գործունեության հետ, որոնք քաղաքում պաստառներ են փակցնում իրենց ներկայության մասին՝ «Շուտով» կարգախոսով: «Առհասարակ, կարծես թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բրենդի համար իրականացվում են քաղաքական մարքեթինգային հաշվարկված քայլեր,- ասել էր նա ու հավելել:- Քաղաքական մարքեթինգի տեսանկյունից կարծես թե իրականացվում է նույն PR քայլը»: Նշել էր նաեւ, թե անհասկանալի է՝ այդ կուսակցությունն ի՞նչ ձեւով, ի՞նչ թիմով է իր հավակնություններն իրականացնելու: Արմեն Աշոտյանը կարծիք էր հայտնել, թե վաղաժամ է «Բարգավաճ Հայաստանը» համարել ՀՀԿ մրցակից:
Դարձյալ հիշեցնենք, որ ԲՀԿ-ն այն ժամանակ Աշոտյանի այս խոսքերն ընկալեց որպես վիրավորանք: Ու երբ հուլիսի վերջին ԲՀԿ-ն մի հավաք էր կազմակերպել Սունդուկյանի անվան թատրոնում՝ Գագիկ Ծառուկյանն ի պատասխան իրենց հասցեին հնչած հայտարարությունների՝ ասել է, թե քաղաքականությունը դիվանագիտություն է՝ իրենք հիմա համբերում են, էլի են համբերելու: Սակայն ինչպես նշել էր պրն Ծառուկյանը՝ կգա ժամանակը, ու իրենք կտան բոլորի պատասխանը:
Այո, իրոք պատասխանը տվեցին, երբ ընտրություններից հետո կոալիցիա կազմեցին ՀՀԿ-ի հետ:
Կարծում ենք՝ առանձնապես խորաթափանց վերլուծաբան պետք չէ լինել՝ կանխատեսելու համար, որ այս անգամ եւս հազիվ թե իրականությունը տարբեր լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել