Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐՈՎ ԲԱՆԱԿԸ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՍԻՐԵԼ»

Փետրվար 05,2011 00:00

\"\"Սա պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պատգամավոր,  գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի կարծիքն է:

Ազգային ժողովի Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում մի շարք օրինագծեր քննարկվեցին, որոնք անմիջականորեն առնչվում էին բանակի խնդիրներին։ Օրինագծերի մի մասի հեղինակը դաշնակցական պատգամավոր Արթուր Աղաբեկյանն է, որն իր հեղինակած «Զինծառայողների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելով՝ հայտարարեց, թե սա խիստ կարեւոր նախագիծ է բանակին եւ զինծառայողների ընտանիքներին առնչվող մի շարք խնդիրների կարգավորման համար: Արթուր Աղաբեկյանը նախ հիշեցրեց, որ համապատասխան օրենքով, իհարկե, հարցին ինչ-որ չափով լուծում տրված է, եւ հատկապես. «Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար աշխատած տարիներին օրենքում այս կետը բացվեց, եւ հասարակությունը տեղեկացավ, որ զինված ուժերում ծառայողների ընտանիքի անդամը կարող է օգտվել անվճար բուժծառայությունից: Եվ սկսվեց մի մեծ հոսք, գերատեսչական նշանակության առողջապահական հիմնարկները ուղղակի չէին կարող այսպիսի մեծ թվաքանակի սպասարկումն ապահովել, եւ առայսօր այդ խնդիրը անընդհատ կա: Ստեղծել են մի այնպիսի վիճակ, որ ծնողը ուղղակի չկարողանա օգտվել անվճար ծառայությունից, քանի որ մի անվերջանալի շղթա է ստեղծվել՝ նախ պետք է զինծառայողը դիմի հրամանատարին, հրամանատարը պետք է միջնորդի բանակի բուժգծով վարչության պետին, սա պետք է որոշում կայացնի կամ դիմի նախարարին, եւ այսպես շարունակ, մի խոսքով՝ մի մեծ օղակ, որը ուղղակի չի բխում զինված ուժերի նկատմամբ այսօրվա վարվող ուշադրության քաղաքականությունից»:
Պարոն Աղաբեկյանը իր առաջարկած փոփոխություններով փորձում է հեշտացնել խնդիրը. «Մի քանի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մենք բաժակաճառերով չենք կարող բանակը սիրել կամ բանակը կառուցել:
Հստակ մոտեցում եմ առաջարկել, եւ այդ մոտեցումը հետեւյալն է՝ զինծառայողների ընտանիքի անդամներն անվճար օգտվում են քաղաքացիական, առողջապահական հիմնարկներում, սրանց բացակայության դեպքում՝ գերատեսչական նշանակության առողջապահական հիմնարկներում հետագա փոխհատուցման կարգով սպասարկում ստանալու իրավունքից: Այսինքն՝ եթե զինծառայողի ընտանիքի անդամը ապրում է Ախուրյանի շրջանում, իսկ իր զավակը ծառայում է մեկ այլ պաշտպանական շրջանում, ընդհանրապես պետք չի, որպեսզի ծառայող զավակը դիմի իր հրամանատարին, ասի՝ մաման հիվանդ է, ինչո՞վ կարող եք օգտակար լինել: Ընդամենը զինկոմիսարիատը մի տեղեկանք է տալիս, որ տվյալ ծնողի զավակը ծառայում է զինված ուժերում, եւ ծնողը օգտվում է անվճար բուժօգնությունից: Եվ զինկոմիսարիատի կնիքով փաստաթուղթը բավարար պետք է լինի, որպեսզի զինվորի ծնողը անվճար օգտվի բուժօգնությունից: Ավելին ասեմ, իմ կարծիքով, այն օրը, երբ ծնողը իր որդուն ճանապարհում է ծառայության, զինված ուժեր, նույն օրը զինկոմիսարիատը ծնողին պետք է տա տեղեկանք, եւ այդ տեղեկանքը ուժի մեջ կլինի այնքան ժամանակ, որքան նրա զավակը ծառայում է զինված ուժերում: Այսպես պետք է սիրենք մեր բանակը, այսպես պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում 18 տարեկան դարձնել որդուն, տալ հայրենիքին եւ նստել տանը ու սպասել, թե երբ որդին կվերադառնա»: Պարոն Աղաբեկյանի ներկայացմամբ, իր այս առաջարկը ընդունելի է պաշտպանության նախարարության կողմից եւ քննադատության չի արժանացել, առողջապահության նախարարությունը ընդհանրապես կարծիք չի հայտնել, իսկ այ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բացասական կարծիք է հայտնել: Ի դեպ, օրինագիծը շրջանառության մեջ է 2009-ի ապրիլից, եւ չի բացառվում, որ կառավարության բացասական եզրակացությունը փոխված լինի, եւ այս հարցերը պարզելու նպատակով օրինագծի հեղինակն առաջարկեց իր օրինագիծը հետաձգել եւս 30 օրով՝ մինչեւ կստանա համապատասխան կարծիքը: Պարոն Աղաբեկյանը ասաց, թե ինքը անցած տարիների ընթացքում այս օրինագծի շուրջ շոու չի սարքել. «Ես 2009-ի ապրիլ ամսից լռում եմ, շոու չեմ արել, լրագրողներին տեղյակ չեմ պահել, այս մոտեցումների վերաբերյալ բանավեճերի չեմ հրավիրել ոչ ՊՆ, ոչ սոցապնախարարության ներկայացուցիչներին»:
Օրինագիծը 30 օրով հետաձգելով՝ հեղինակը հույս ունի, որ հարցը կառավարությունում կկարգավորվի, եւ որոշումը կլինի ի նպաստ այս փոփոխությունների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել