Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 05,2011 00:00

Չնայած արաբական աշխարհի հեղափոխական զարգացումներին՝ Հայաստանում շարունակվում է ՀՀ քաղաքացիների նվաստացումը: Իսկ հեղափոխությունը հետեւանք է նաեւ պարբերական նվաստացումների:
Չնայած անձնագրային քաղաքականության բարեփոխումների մասին ՀՀ իշխանությունների հավաստիացումներին՝ վիճակն այս ոլորտում առանձնապես չի փոխվել: Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների Շենգավիթի տարածքային բաժանմունքում առավոտից «բարեփոխումները» երեւում էին իրենց ողջ թշվառությամբ: Անձնագրիս փոխանակման եւ դստերս՝ 16 տարին լրանալու առիթով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար հիշյալ բաժանմունք մտանք առավոտյան ժամը 11-ին: Տարակուսած մարդկանց կուտակումներ, փակ դռներ եւ միջանցքում պատահաբար հայտնված մի աշխատակցուհի, որը քաղաքացիների պարզաբանումներին ի պատասխան՝ ցույց էր տալիս դիմացի փակ դուռը՝ այնտեղ հարցրեք: Այնտեղ, իհարկե, մարդ չկար: Մի կերպ տեղեկատվություն կորզեցինք, որ անձնագրավարները գնացել են սանիտարական ստուգման եւ կլինեն ընդմիջումից հետո: Նախորդ օրը զանգահարել, ճշտել էի աշխատանքային ժամերը, եւ ոչ ոք չէր ասել, որ սպասարկում չի լինելու: Ընդմիջումն ավարտվում էր ժամը 14:00-ին, սակայն 15:00-ին դարձյալ անձնագրավարները չկային: Անձնագրային բաժնի պետ Նաիրա Բարսեղյանը, ի պատասխան իմ դժգոհության, ցուցաբերելով պետական ծառայողին անվայել կեցվածք, նախ արհամարհանքով բղավեց՝ զանգեք թեժ գիծ, եւ ապա, որքան կբավարարեին ձայնային տվյալները, գոռաց՝ «Պիտի դռները փակեինք, գայիք, դռների մոտ կանգնեիք, նոր իմանայիք»:
Հստակ է, որ բյուրոկրատական այդօրինակ քաշքշուկների, արհեստական հերթերի, չկայացող բարեփոխումների հիմքն արատավոր է՝ զզվացնել մարդկանց այնքան, որ նրանք այդ ամենի միջով չանցնելու համար դիմեն այլ մեթոդների: Միջանցքում սպասող բազմաթիվ մարդիկ շարունակում էին շփոթված սպասել: «Ինչով ենք մեղավոր, որ այդպես են վարվում մեզ հետ»,- ի պատասխան հռետորական հարցիս, միջին տարիքի մի տղամարդ նկատեց՝ «ՀՀ քաղաքացի լինելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել