Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ոստիկանության դեմ բողոքներն աճել են

Փետրվար 05,2011 00:00

\"\"Սակայն ըստ ՄԻՊ-ի զեկույցի՝ խոշտանգումների մասին բողոքների քննության ընթացքում «գրեթե անհնար է բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել»:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փետրվարի 1-ին հրաժարականի դիմում ուղարկելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ նույն օրն ԱԺ էր ուղարկել նաեւ իր զեկույցը՝ 2010 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտումների մասին:
Զեկույցում նշված է, որ ըստ հանրային մարմինների դեմ գրավոր դիմում-բողոքների՝ առաջին տեղում ՀՀ ոստիկանությունն է, որի դեմ ստացվել է 221 բողոք: Եվ առանձին այս մարմնին նվիրված ենթաբաժնում մանրամասնած է. «Նախորդ տարվա համեմատ 2010 թվականին ՀՀ ոստիկանության համակարգի դեմ ուղղված դիմում-բողոքների թվի զգալի աճ է նկատվել: Պետք է նշել, որ ընթացիկ տարում ՀՀ ոստիկանության աշխատակիցների գործողությունների (անգործության) ու որոշումների դեմ ուղղված դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են քաղաքացիներին ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ անհիմն բերման ենթարկելուն եւ անազատության մեջ պահելուն, այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցների կողմից դրսեւորած դաժան, անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին, հանցագործությունների մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չտալուն, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ ու սպառնալիքի ազդեցությամբ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելուն, քաղաքացու օրինական պահանջով անձնագիր չտրամադրելուն:
Պետք է նշել, որ խոշտանգումների մասին դիմում-բողոքների քննության ընթացքում գրեթե անհնար է բացահայտել, թե իրականում ինչ է կատարվել: Ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների, խոշտանգումների փաստերի մասին Պաշտպանի ուղարկած գրություններին Ոստիկանության կողմից, որպես կանոն, տրվել է պատասխան, որ բողոքներում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ հիմնավորված չեն: ՀՀ ոստիկանությունից ստացված պատասխանները հաճախ ունեցել են հետեւյալ հակիրճ եւ ոչ սպառիչ բովանդակությունը. «ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ գրությունում նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում» կամ՝ «ՀՀ ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքներ չեն հաստատվել»:
Ըստ զեկույցի՝ պրակտիկան ցույց է տալիս, որ բռնությունն ու խոշտանգումները կիրառվում են հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով: Նշված է, թե եղել են դեպքեր, երբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին, «որտեղ հայտնաբերել են կապտուկներով ու մարմնի վրա խոշտանգման հետքերով քաղաքացիներ: Բերման ենթարկվածների հետ Պաշտպանի ներկայացուցիչների առանձնազրույցի ընթացքում նրանք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել բաժնի աշխատակիցների կողմից, ինչի հետեւանքով ստացել են գլխի վնասվածք (վերք-քերծվածքի տեսքով), որը արձանագրվել ու լուսանկարվել է ՄԻՊ ներկայացուցիչների կողմից»: Սակայն այդ կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը միայն հայտնել է, որ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետախուզության գծով տեղակալին 05.11.2010թ.-ին հայտարարվել է «նկատողություն»:
Արձանագրված է նաեւ, որ ոստիկանություն բերման ենթարկվածների մատյանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ առանձին դեպքերում բերման ենթարկված քաղաքացիներից ոմանք մատյանում նշված չեն. «Եղել են նաեւ դեպքեր, երբ բերման ենթարկվածների մատյանում նշված է, որ նրանք բերման են ենթարկվել եւ ազատ են արձակվել, սակայն ՄԻՊ աշխատակիցների այցելության ժամանակ այդ անձինք դեռ Ոստիկանության բաժնում են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել