Ինչպե՞ս չեզոքացնել Չավուշօղլուի նախաձեռնությունից եկող հնարավոր վտանգները՝ ըստ տարբեր դաշտերում գործող քաղաքական գործիչների:
Հայաստանյան քաղաքական դաշտին դեռեւս հանգիստ չի տալիս ԵԽԽՎ բյուրոյի որոշումը՝ ԼՂՀ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովը ստեղծվել էր 2005 թվականին: Դրա աշխատանքները ղեկավարում էր լորդ Ռասել Ջոնսթոնը: Վերջինիս մահից հետո ընթացք չտրվեց ենթահանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացմանը՝ մինչեւ որ եվրոպական քաղաքական ասպարեզում իր դերակատարումը ստանձնեց ազգությամբ թուրք պատգամավոր Մեւլութ Չավուշօղլուն: Ի դեպ, ենթահանձնաժողովի կարճատեւ գործունեությունն էլ բավականին հարաբերական էր. կանոնակարգով պահանջվող որեւէ գործառույթ այդ հանձնաժողովն այդպես էլ չիրականացրեց: Ենթահանձնաժողովի շրջանակներում կայացած բոլոր շփումները Ռասել Ջոնսթոնի անձնական նախաձեռնությունների արդյունք էին: 2005-ին այս ենթահանձնաժողովի ստեղծումը նույնպես փոթորկեց հայաստանյան քաղաքական դաշտը, եւ այդ շրջանում հնչած բոլոր գնահատականներում պարսավանքի ենթարկվեցին ԱԺ այդ ժամանակվա ղեկավարությունը՝ ի դեմս խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ իր ղեկավարով, թերացման ու լուրջ բացթողման համար: Այդ ենթահանձնաժողովի գործունեությամբ, ըստ էության, երկրորդ միջազգային ատյանին հնարավորություն է ընձեռվում ԼՂՀ հարցով զբաղվելու:
Դեռեւս 1998-ին՝ Խոսրով Հարությունյանի նախագահության տարիներին, ՀՀ Ազգային ժողովը հանդես էր եկել առաջարկությամբ՝ ԵԽԽՎ-ի քաղաքական պոտենցիալն ու հեղինակությունն օգտագործել տարածաշրջանի երկրների միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորման նպատակով միջխորհրդարանական համագործակցության օրակարգ ձեւավորելու համար: 1999-ի մարտի 16-ին արդեն Ստրասբուրգում այդ առաջարկության արդյունքում հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները՝ ԵԽԽՎ նախագահ Ռասել Ջոնսթոնի ղեկավարությամբ: Արդյունքում ստորագրվեց մեմորանդում՝ երեք երկրների խորհրդարանական համագործակցության վերաբերյալ: Առանցքում մեկ խնդիր էր. օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության հնարավոր արսենալը՝ նպաստել անընդհատ եւ ամենատարբեր մակարդակներում շփումների ապահովմանը, ԵԽԽՎ հովանու տակ նպաստել փոխադարձ վստահության ձեւավորմանը: Ասենք, համանուն կուսակցությունները, խորհրդարանական հանձնաժողովները եւ այլն պարբերաբար հանդիպումներ պետք է ունենային Բաքվում, Երեւանում, Թբիլիսիում՝ այդպիսով ձեւավորելով քաղաքական օրակարգ, եւ քննարկումների արդյունքում փորձեին գտնել բոլորին միավորող առաջնահերթությունները: Այսինքն՝ Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ, ԵԽԽՎ-ն թերեւս պետք է ապահովեր կոնֆլիկտների հանգուցալուծման ամենակարեւոր կետը՝ փոխվստահությունը:
Հետագա իշխանափոխությունների արդյունքում այս նախագիծն անտեսվեց, մինչդեռ նախաձեռնության հեղինակ Խոսրով Հարությունյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այն զարգացնելու դեպքում այսօր նույն կոտրած տաշտակի առջեւ չէինք կանգնի: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանն առաջարկում է օգտագործել պատեհ պահը եւ վերակենդանացնել նաեւ վերոնշյալ մեմորանդումը: Նա համոզված է, որ ԵԽԽՎ-ում այս նախաձեռնությունն աջակցություն կգտնի եւ ընդհանուր առմամբ դրական անդրադարձ կունենա:
«Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ, քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանն էլ զարմանքվ արձանագրում է, թե եվրոպական կառույցները որքան «պահպանողական» են որոշ հարցերի նկատմամբ, եւ վերակենդանացած ենթահանձնաժողովի աշխատանքներից դրական ակնկալիք չունի: Նա եւս արձանագրում է իր տեսանկյունից մի էական փաստ. «Գործի հաջողությունը եւ հայկական շահի հաջողությունը կախված է ոչ թե արտաքին կառույցներում ինչ-ինչ գործընթացներից, այլ հայոց պետության վիճակից»: Նա էլ առաջարկում է՝ սթափվել, գիտակցել, որ յուրաքանչյուր հայ քաղաքացի պարտավոր է իր ներդրմամբ կերտել այս երկրի ապագան, պաշտպանել իր իրավունքը, արժանապատվություն դրսեւորել ոչ միայն ներընտանեկան, ընկերային, այլեւ քաղաքացիական կյանքում, այդ դեպքում մենք շատ արագ Հայաստանում կունենանք որակական եւ համակարգային իշխանափոխություն: Այդ ժամանակ, ենթադրաբար, կփոխվեն արտաքին քաղաքական մոտեցումները, եւ միջազգային կառույցներն էլ շատ ավելի զգուշավոր եւ մեզ համար ընդունելի քաղաքականություն կվարեն: «Այսօր ինձ, մեղմ ասած, շատ քիչ է հետաքրքրում՝ ԵԽԽՎ-ում արդյոք ե՞ւս մի հերթական հակահայկական փաստաթուղթ կընդունվի, եթե իմ երկրի ուժը քայքայող գլխավոր դերակատարները հենց իմ երկրի ղեկավարներն են: Այնքան ժամանակ, որքան նախագահական աթոռին բազմած է Սերժ Սարգսյանի պես ՀՀ ռազմավարական շահերին անհամապատասխանող մեկը, այս կարգի բաները որեւէ միջազգային ատյանում շատ երկրորդական են: Դրա համար պետք չէ շատ ժամանակ տրամադրել ու վերլուծել, թե ինչ են անում դրսում: Մենք պետք է մեր անելիքը շատ հստակ պատկերացնենք ներսում»,- գտնում է «Առավոտի» զրուցակիցը: Իսկ այս առումով նկատում է. «Որքան էլ ինձ համար Լեւոն Տեր-Պետրոսյանը անընդունելի կերպար է եւ Սերժ Սարգսյանին հավասարազոր՝ 2008-ին կար քաղաքացիական պոռթկում՝ երկրում օրինականություն հաստատելու: Ես ցավում եմ, որ ապաշնորհ եւ կեղծ առաջնորդի ջանքերով մարդիկ շատ արագ հիասթափվել են… այսօր դարձյալ համարյա ամբողջապես լճացած իրավիճակ ունենք»: Ամեն դեպքում, մեր զրուցակիցը լավատես է, բայց ստիպված է փաստել, որ քաղաքական դաշտում նոր որակների գերիշխանություն հաստատելը բավականին դժվար է. «Հները՝ թե իշխանամետ ուժերը, թե ընդդիմությունը, ամեն գնով պայքարում են ոչ այնքան միմյանց դեմ, որքան իսկապես այլընտրանքի ձեւավորման»:
Ի դեպ, արաբական աշխարհի հեղափոխական շղթայից նա ոգեւորվելու առիթներ չի տեսնում, մինչդեռ հայաստանյան քաղաքական դաշտում նման միտումներ նկատվում են. «Ստացվում է, որ անգամ արաբական բռնապետություններում հնարավոր է պոռթկում, իսկ մեր ազգը մեկ անգամ փորձել է, եւ ըստ երեւույթին տարիներ պետք է անցնեն, մինչեւ նոր կրիտիկական զանգված հավաքվի: Պարզապես ես չէի կամենա, որ մենք արաբական հեղափոխությունների պոչում հայտնվեինք: Մենք մեր ճանապարհը պետք է ունենանք, մենք ուրույն եւ լուրջ քաղաքակրթական անցյալ ունեցող ժողովուրդ ենք եւ ինքնուրույն ու լուրջ գործելու ներուժն ունենք՝ անկախ դրսի կոնյունկտուրայից ու իրավիճակից»: Նա ոգեւորված չէ արաբական հեղափոխությունների ընդհանուր ելքով էլ: Մի կողմից՝ քաջ գիտակցելով այնտեղ առկա բռնապետությունների որակը, այնուհանդերձ, նկատում է, որ դրանք որոշակի կայունություն էին ապահովում: Իսկ իրավիճակի լուրջ ապակայունացումն արաբական աշխարհի կարեւորագույն երկրներում չի բացառում թեկուզ կարճաժամկետ հատվածում իսլամամետ ուժերի հզորացմանը եւ ընդհանուր իրավիճակի ծայրահեղացմանը: Միաժամանակ, եթե դա է արաբական երկրների ժողովուրդների պահանջարկը՝ մենք պետք է դրա հետ հաշտվենք: