Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՛Վ ՆՄԱՆ ԵՆ, Ե՛Վ ՏԱՐԲԵՐ

Փետրվար 05,2011 00:00

Ընդդիմությունը Եգիպտոսում եւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներում ե՛ւ նմանություններ, ե՛ւ տարբերություններ է տեսնում:

Իրավիճակը Եգիպտոսում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակում է լարված մնալ: Այդ երկրի մայրաքաղաք Կահիրեի գլխավոր՝ Թահրիր կամ Ազատության հրապարակում երեկ եգիպտացիները Մուբարաքի համար «հրաժեշտի ուրբաթ» էին կազմակերպել: Ուրբաթը մահմեդականների համար հատուկ աղոթքի օր է: Երեկ աղոթքից հետո Թահրիր հրապարակում հավաքված մարդիկ անմիջապես սկսել են վանկարկել նախագահ Մուբարաքի հրաժարականի կարգախոսը։ Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիքն արդեն հայտարարել է, թե ոստիկանությունը չպետք է խոչընդոտներ ստեղծի ուրբաթօրյա խաղաղ հանրահավաքների համար:
Հայաստանում էլ հասարակության ու քաղաքական շրջանակների, վերլուծաբանների ուշադրությունը բեւեռված է եգիպտոսյան զարգացումների վրա, որովհետեւ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում այդ երկրում, որոշակիորեն նման է 2008թ. հայաստանյան զարգացումներին, Հայաստանում խոսում են նաեւ այդ երկրում սկսված հեղափոխական ալիքի՝ նաեւ Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին:
Հիշյալ հարցերի մասին երեկ Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսել է նաեւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Նրա մատուցմամբ, Եգիպտոսում ծավալված հեղափոխական ալիքը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել Միջին Արեւելքում՝ Թուրքիայում, Պակիստանում, Աֆղանստանում, Իրանում՝ չբացառելով նաեւ, որ առաջիկայում կձեւավորվեն նոր երկրներ՝ նոր սահմաններով:
«Սա կատալիզատոր կլինի, եւ չի բացառվում, որ այսպիսի գործողություններից հետո ստեղծվի, ասենք, Ազատ Քուրդիստան: Սա շատ մեծ պրոցեսի սկիզբ է լինելու»,- նկատել է ԱԳ նախկին նախարարը:
Նա ընդգծել է «Հաց, ազատություն, արժանապատվություն» կարգախոսով բողոքի դուրս եկած եգիպտացիների կազմակերպվածության հանգամանքը՝ կարծիք հայտնելով, որ այդ շարժումը որեւէ կերպ «դրսից» ներմուծված համարել չի կարելի, ու նաեւ Եգիպտոսում ծավալվող իրադարձություններն էլ քաոսային որակելը խայծ է, որին փորձում է նախագահ Հոսնի Մուբարաքը:
Ալ. Արզումանյանը նկատել է նաեւ, թե եգիպտական հեղափոխության ալիքը վաղ թե ուշ կարող է հասնել նաեւ Հայաստան, ու հավելել, որ եթե Մուբարաքի նման բռնակալներին են վռնդում իրենց երկրից, «պուճուրիկ բռնապետիկներին» վռնդելը դժվար չէ: Զուգահեռներ տանելով եգիպտոսյան եւ հայաստանյան համաժողովրդական ընդվզումների միջեւ՝ նա որպես ընդհանրություն համարել է այն, որ երկու ժողովուրդներն էլ ինքնաբուխ են դուրս եկել պայքարի, նաեւ այն, որ երկու երկրներում էլ բողոքի ալիքը զսպելու համար իշխանությունների արձագանքն է նույն ձեռագրով եղել. «Եթե Հայաստանում մարտի 1-ին ժողովրդի մեջ էին ուղարկում սափրագլուխների, օլիգարխների թիկնապահների կամ սադրիչների, ապա Եգիպտոսում այդ ֆունկցիան կատարում էին ձիավորներն ու ուղտավորները: Այնտեղ նաեւ բանտերից ազատել են բռնավորներին, նախագահամետ ցուցարարների մոտ էլ հայտնաբերել գաղտնի ծառայության գործակալների վկայականներ: Ի տարբերություն Եգիպտոսի՝ Հայաստանը օգտագործեց նաեւ բանակը: Նույն մեթոդաբանությունն է, թեեւ Հայաստանում կարողացան այն ջարդել»:
Նա նաեւ փաստել է, որ Հայաստանում էլ կա հացի, ազատության եւ արժանապատվության խնդիր, ինչը մի օր հասունանալով՝ կարող է ցասման պատճառ դառնալ: Բոլոր դեպքերում, Արզումանյանի դիտարկմամբ՝ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր ազատության խնդիրը, ու, նրա ասելով, երբ ժողովրդի ցասումը հասնում է իր գագաթնակետին, առաջնորդի լինել-չլինելու խնդիրն այլեւս վերանում է, ու ժողովուրդն ինքնակազմակերպվում է:
Նույն հարցի առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ընդդիմադիր մեկ այլ գործիչ՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նկատեց, թե արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները շատ ընդհանրություններ ունեն, ու բացի սոցիալական խնդիրներից, այդ երկրներում համայնքային զգացումը ավելի գերիշխող է, քան անհատականը, եւ հենց այդ է պատճառը, որ մի երկրում սկսված հուզումները դոմինոյի էֆեկտ են ունենում եւ տարածվում են մյուս երկրներում: Համեմատելով Եգիպտոսում եւ Հայաստանում տիրող մթնոլորտը՝ ՀՀՇ վարչության նախագահն ասաց, թե այս երկու երկրներում դժգոհության պատճառները տարբեր են. «Հայաստանում քաղաքական գործոնը շատ ավելի գերիշխող է, քան սոցիալականը: Մենք ունենք քաղբանտարկյալների, «Մարտի 1»-ի զոհերի, ժողովրդավարության հետ կապված խնդիրներ: Մեզ մոտ ընդվզող զանգվածի մեջ գերիշխողը քաղաքական, գաղափարական, ժողովրդավարական արժեքներին դավանող զանգվածն է, սակայն չի բացառվում, որ Հայաստանում էլ սոցիալական վիճակի վատթարացմանը զուգահեռ սոցիալական ընդվզում լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել