ՌԱՀՀ կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը, անդրադառնալով Եգիպտոսում, իսկ ավելի վաղ՝ Թունիսում ծավալվող իրադարձություններին, «Ազատություն» ռ/կ-ին համոզմունք էր հայտնել, թե դրանք անպայման իրենց ազդեցությունն են ունենալու հարավկովկասյան տարածաշրջանի վրա: «Առկա են բազմաթիվ նմանություններ: «Արաբական» հեղաշրջումների պարագայում հսկայական դերակատարություն է ունեցել բնակչության լայն զանգվածների մեծ դժգոհությունը իշխող ռեժիմներից՝ պայմանավորված բնակչության հիմնական քաղաքական եւ տնտեսական պահանջմունքների հետեւողական անտեսմամբ: Նույն իրականությունն առկա է նաեւ Հայաստանում»,- կարծիք էր հայտնել Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ Եգիպտոսի եւ Թունիսի ժողովուրդները «տասնամյակներ տեւած դժգոհությունից հետո վերջապես արթնացել են, մինչդեռ Հայաստանում բնակչությունը թեեւ ծայրահեղ բեւեռացված է, սակայն մինչ այժմ հեղափոխության ճանապարհով գնալու որեւէ նշան ցույց չի տվել»:
Կարդացեք