«Կենդանի բոլոր էակներից միայն մարդուն է հատուկ ծիծաղը»:
Արիստոտել
Չկա մի մարդ, որը ողջ կյանքում սիրով չհիշի իր դպրոցական ուսուցչին կամ բուհի դասախոսին, ով իր խոսքը հաճախ համեմում էր հումորով եւ դասապրոցեսում միշտ ծիծաղ էր հնչում:
Ցանկացած մանկավարժ, եթե լավ յուրացնի ծիծաղի էությունը, կկարողանա այն արդյունավետ օգտագործել մանկան դաստիարակության գործում: Ծիծաղը, մտնելով դպրոց, ամենից առաջ կիշխի երեխաների ստեղծագործական երեւակայության վրա, կնպաստի ուսուցիչ-աշակերտ փոխհամագործակցությանը եւ կցրի դպրոցական միօրինակ եւ ձանձրալի առօրյան:
Մեծն Գյոթեն իրավացիորեն գտնում էր, որ ոչ մի բանում այնպես որոշակի չի երեւում մարդկանց բնավորությունը, որքան այն բանում, թե ինչն են նրանք ծիծաղելի համարում:
Ժողովրդի պատկերացմամբ, «ծիծաղը կորցնելը» նշանակում է դժբախտանալ, կորցնել հոգու համար շատ կարեւոր ու թանկ մի բան: Հեքիաթներում, ավանդույթներում միշտ էլ կարեւորվել է ծիծաղի դերը: Հիշենք հունական դիցաբանությունից պտղաբերության թագավոր Դեմետրային, որի աղջկան՝ Պերսեփոնային փախցրեց անդրշիրիմյան աշխարհի թագավորը: Վշտակորույս մայրը դադարեց ծիծաղելուց եւ երկիրը պատեց սգով, հողը դադարեց պտղաբերել… Բնությունը նորից կենդանացավ միայն այն ժամանակ, երբ հաջողվեց կրկին ծիծաղեցնել Դեմետրային:
Այստեղ ծիծաղը համարժեք է կյանքի խորհրդանիշին: Իսկ ժամանակակից մի հեքիաթում, որի հեղինակը Գեյմս Կրյուսն է, գլխավոր հերոս Թիմ Թալլերը վաճառում է իր ծիծաղը եւ ընդմիշտ կորցնում իր երջանկությունը:
Ի դեպ, ես իմ ուսանողներին խորհուրդ տվեցի լսել այդ հեքիաթի ռադիոբեմականացումը եւ գրել փոքրիկ շարադրություն. «Ի՞նչ կլիներ մարդու հետ, եթե նրանից իսպառ խլեին ծիծաղը» թեմայով: Ահա պատառիկներ նրանց շարադրանքից.
«Կարծում եմ, իրոք, սարսափելի մի բան կկատարվեր», «Աշխարհը կդառնար ավելի վատը», «Մարդը չէր կարող ապրել, վշտից կմեռներ», «Մարդիկ կդառնային չար, տխուր եւ անհետաքրքիր», «Կյանքը կդառնար տգեղ եւ դաժան…»:
Ֆ. Դոստոեւսկին գտնում էր, որ միայն երեխաներն են կարողանում ծիծաղել՝ ինչպես հարկն է: Հետեւաբար մանկավարժների խնդիրն է օգնել նրանց հնարավորության սահմաններում ավելի շատ ծիծաղելու: Այստեղ օգնության կգան դասապրոցեսում հնչող փոքրիկ անեկդոտները, հանելուկները, զվարճալի քառյակները, շուտասելուկները, չափազանցությունները, պատկերավոր ասույթները, բանաստեղծական հանգավորման մրցույթները եւ այլն: Ուսուցչի հումորով համեմված խոսքը զարդարում եւ հիշարժան է դարձնում ցանկացած դասաժամ: Որքան հաճախ հնչի մանկական ծիծաղը, այնքան ճիշտ կձեւավորվի նաեւ երեխաների հումորի զգացումը եւ հեշտ կընթանա դասապրոցեսը: Երեխան աշխարհը պետք է ճանաչի ծիծաղի միջոցով եւ ծիծաղի պրոցեսում: Նա չպետք է ժամանակից շուտ հասունանա, զրկվի մանկական անմիջականությունից եւ ծիծաղելու կարողությունից՝ իրեն միշտ լրջմիտ պահելով:
Հուսանք, որ առաջիկայում, կրթական վերջին բարեփոխումների այս մարաթոնում դպրոց մուտք գործող նոր դասագրքերը կօգնեն գտնելու ոչ անդարձ կորածը՝ մանկան ծիծաղը: