Լրահոս
Օրվա լրահոսը

Հումորային պայքար…

Փետրվար 04,2011 00:00

\"\"

Մոտ կես տարի առաջ, Հայաստանում տարիներ շարունակ մեծ հռչակ վայելած «32 ատամ» ակումբի անդամների միջեւ բաժանում տեղի ունեցավ:

Տղաները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մեկի մեջ մտնում էին նախագծի պրոդյուսերները՝ Կարենն ու Վահագնը, որոնք մնացին «Արմենիա» հեռուստաընկերությունում, իսկ մյուս խմբի տղաները, որոնք որոշ վերապահումներ ունեին «Արմենիայի» ու նրա գործելաոճի նկատմամբ, շատ արագ տեղափոխվեցին «Շանթ» հեռուստաընկերություն, վերամկրտվեցին «Vitamin» անունով ու վերսկսեցին իրենց գրեթե չընդհատված ճանապարհը:

Փաստորեն, այնպես ստացվեց, որ իբրեւ բաժանման արդյունք, կողմերը կիսելով իրենց ունեցվածքը, մեկը պահպանեց «32 ատամ» անունը, իսկ մյուսը՝ ամեն ինչ, բացի անունը:

Բայց չէ՞ որ անունը չէր այդ փառքն ու ժողովրդի համակրանքն ապահովողը:

«32 ատամի» հաջողությունը հիմնված էր անդամներից ամեն մեկի յուրահատուկ տաղանդի եւ ինքնատիպության վրա: Նրանցից յուրաքանչյուրը ամբողջացնում էր մյուսին, եւ բոլորը նպաստում էին նախագծի զարգացմանը:

Այդ էր պատճառը, որ «Շանթ» տեղափոխվածները ընդհանրապես չտուժեցին ու նույն թափով առաջ շարժվեցին:

Պատճառներից մեկն էլ այն էր, որ «Շանթը» կարողացավ այնքան հեռատես լինել, որ անսահմանափակ հնարավորություններ ընձեռեց «Vitamin»-ի տղաներին՝ օգտվելով նրանց հանճարեղ մտքերից ու ծրագրերից: Բացի հումորային հաղորդումներից, նրանք ստանձնեցին նաեւ այլ դերեր՝ ժյուրիի անդամ, հաղորդավար, պրոդյուսեր, նախագծի մտահղացող ու հեղինակ եւ այլն, ու այդ բոլոր ոլորտներում փայլուն հաջողություններ ձեռք բերեցին:

«Vitamin»-ի յուրահատկությունն այն էր, որ այստեղ հանդիսատեսին ծիծաղեցնելը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց: Քննարկվող թեմաներն ու երեւույթները լուսարձակի տակ են առնվում ծիծաղ պարգեւելու միջոցով եւ իրենց վրա են հրավիրում հանդիսատեսի կամ հեռուստադիտողի ուշադրությունն ու դատողությունը:

Վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությունը հայտարարեց, որ շուտով նորից եթեր դուրս կգա «32 ատամ» ակումբը: Ինչքանո՞վ կարելի է ընդունել այդ «նորից»-ը, եթե նկատի ունենանք, որ այնտեղ չկան Արամ MP3-ն, Գարիկը, Վաչեն, Արմուշը, Տիկոն, Չարենցը, որոնք «32 ատամի» հիմնաքարերն էին ու հանդիսանում էին այդ անվան պահապան սյուները, որոնք քանդվեցին ու վերակառուցվեցին մի այլ վայրում ու մի ուրիշ անվան տակ:

Արդյոք շուտով եթեր սփռվելիք «32 ատամը» կկարողանա՞ չլինել «նորից», եւ դառնալ «նոր», որպեսզի չկրկնօրինակի նախապես գոյություն ունեցող որեւէ հումորային նախագիծ եւ ունենա իր ասելիքն ու բերելիք նորամուծությունը, ու չկորցնի իր անվան նախկին փայլն ու արժանանա կրկնակի քննադատության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել