Լրահոս
Օրվա լրահոսը

Միջին դիրքերում

Փետրվար 04,2011 00:00

\"\"Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Moscow Open» փառատոնի կանանց պայքարին մասնակցող Հայաստանի միակ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հինգերորդ տուրում ոչ-ոքի խաղաց տանտիրուհիներից Մարիա Ֆոմինիխի հետ եւ 2,5 միավորով տասը մասնակիցների մեջ շարունակում է զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը:

Կրկին անհաջողության մատնվեց եւ 1,0 միավորով վերջին տեղում հայտնվեց Ռուսաստանը ներկայացնող Կարինա Համբարձումովան, որն այս անգամ պարտվեց առաջատարներից մեկին՝ Բաթույագ Մոնգոնտուլին: Հինգ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4,0-ական միավոր վաստակած մոնղոլուհին եւ ռուսաստանցի Վալենտինա Գունինան:

Երեկ՝ վեցերորդ տուրում, Լիլիթը սեւերով խաղում էր կանանց գրոսմայստեր Օլգա Գիրիայի, իսկ Կարինան՝ չինացի գրոսմայստեր Ժաո Սյուի հետ:

Ուսանող տղաների մրցաշարում Պանզա քաղաքը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանի հաղթարշավը կանգնեցրեց գրոսմայստեր Ալեքսանդր Խարիտոնովը, որը հայ շախմատիստի հետ պայքարում մեկ միավոր վաստակեց եւ նույնպես հաղթանակ տարած գրոսմայստեր Իվան Պոպովի հետ միասին վաստակած միավորներով (4,0) հավասարվեց նրան: Երեկ կայացած վեցերորդ տուրում Նահապետյանը սպիտակներով հանդիպում էր գրոսմայստեր Պավել Պանկրատովի հետ:

Փառատոնի շրջանակներում անցկացվող օփենում հայաստանցի երեք շախմատիստներ՝ միջազգային վարպետներ Գոռ եւ Հայկ Հայրապետյանները, ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Սուրեն Պողոսյանը, «Armchess.am»-ի տեղեկացմամբ, չորս տուրից հետո իրենց անվան դիմաց գրանցել էին 3,5-ական միավոր եւ ընդամենը կես քայլ էին ետ մնում հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 12 առաջատարներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել