Օրեր առաջ հայկական լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր հրապարակել, որի համաձայն, իբրեւ թե, ռուսական իշխանությունները տնտեսական շահութաբեր գործարք են առաջարկել ՀՀ իշխանություններին, որի փոխարեն մեր ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 26-ին Երեւանում կպարտվի ռուսներին: Այս հրապարակումը բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ընդ որում, ոչ այնքան Հայաստանում, որքան հենց Ռուսաստանում: Այն ռուսական լրատվամիջոցների Top թեմաներից մեկն էր. շատ ու շատ ֆուտբոլային չինովնիկներ տեղեկությունը որակեցին որպես վիրավորանք, հերյուրանք, պրովոկացիա, իսկ ահա լրատվամիջոցները հիշում էին մերոնց հաղթանակը սլովակների նկատմամբ ու նկատում, որ, ըստ երեւույթին, կաշառքից բացի ռուսական կողմն այլ վստահություն չունի:
Երեկ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում հանդես եկավ նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Մեր ֆուտբոլային գերատեսչության ղեկավարը միանգամից նշեց, որ որեւէ պայմանավորվածության մասին խոսք լինել չի կարող ու տեղեկությունը տարածող՝ «իր արեւին հայրենասեր» լրագրողը, դասալիքը փորձել է մեր երկիրը, մեր ֆեդերացիան հնարավորինս խայտառակել ու վարկաբեկել: «Դա արվում է մի պարզ պատճառով: Բոլորս գիտենք, որ վերջին շրջանում մեր հավաքականը լավ հանդես եկավ ու վերջին 20 տարիներին երբեւէ չենք ունեցել այսքան համախմբված թիմ: ՀՖՖ-ին՝ Հայաստանի նախագահի աջակցությամբ, հաջողվեց ստեղծել մի հավաքական, որի վրա կարելի է հույս դնել: Առաջին անգամ մենք հնարավորություն ունենք մասնակցել Եվրո 2012-ին»,- փաստեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ամեն ինչ արվում է՝ հատկապես Ռուսաստանի դեմ խաղին ընդառաջ, հավաքականն ուժեղացնելու համար, ոչ թե խաղեր «ծախելով»: Ռուսաստանն էլ ունի բավական ուժեղ հավաքական, որը «ծախված խաղի» կարիք չունի: Իսկ նմանատիպ հոդվածներն անմիջապես հայտնվում են ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի ուշադրության կենտրոնում, եւ այդ կառույցները սկսում են ծառայողական քննություն անցկացնել:
ՀՖՖ նախագահը նաեւ նկատեց, որ այսօրինակ հոդվածները լուրջ հոգեբանական ճնշում կարող են գործել հավաքականի տղաների վրա, ինչը աններելի է: «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ի՜նչ եք արել ինձ ու հավաքականի տղաների հետ։ Դա մարմնավաճառությո՜ւն է կոչվում։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչում եք ինձ մեղադրում»,- բորբոքվեց Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանը հիշեց նաեւ մեկ այլ պարբերականի հրապարակում, ըստ որի՝ ինքը զենքի ու թմրադեղերի վաճառքով է զբաղվում: Ու ցավով արձանագրեց, որ այդպիսով վարկաբեկում են Հայաստանի անունը միջազգային բանակցություններում։ «Պետք է այնքան խելամիտ լինել, որ երկրի իմիջին չխփել։ Դուք կարող եք ինձ չսիրել, բայց… Ո՞վ լուրջ կընդունի նարկոտրաֆիկով զբաղվող մարդուն»,- հարցով դիմեց Հայրապետյանը՝ անձամբ իր եւ, հետեւաբար, Հայաստանի ու հայկական ֆուտբոլի դեմ արված այս արշավի թիկունքում տեսնելով ընդդիմությանը: «Լեւոն Տեր-Պետրոսյանական ոհմակի հերթական խարդավանքն է»,- որակեց ֆեդերացիայի ղեկավարը ու հայտարարեց, որ անձամբ ՀՀ նախագահը հենց իր առջեւ խնդիր է դրել՝ հաղթել Ռուսաստանի հավաքականին: «Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն առաջին նախագահն է, ով աջակցում է ֆուտբոլին: Եթե նա չլիներ, ես վաղուց հրաժարական կտայի: Եվ հանրապետության նախագահն իմ առջեւ խնդիր է դրել՝ անպայման հաղթել Ռուսաստանի հավաքականին»,- եզրափակեց Հայրապետյանը: