Ամենահետաքրքիրը դեռ առջեւում է
Մհեր Ազատյանը, Գրիգոր Խաչատրյանը եւ Աստղիկ Մելքոնյանը կներկայացնեն Հայաստանը 2011 թվականի Վենետիկի բիենալեում: Երեկ արվեստագետները այս առիթով հավաքվել էին «Ակումբում»:
Միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի հունիսի 4-ից մինչեւ նոյեմբերի 24-ը։ Երեք տարբեր սերնդի պատկանող այս հայ արվեստագետները բազմիցս ցուցադրվել են միջազգային խոշոր ցուցահանդեսներում, շահել են մրցանակներ՝ արժանանալով միջազգային մասնագիտական շրջանակների ուշադրությանը եւ բարձր գնահատականին։
Տաղավարի հայեցակարգային նախագիծը մշակել եւ արվեստագետներին հրավիրել են կուրատորներ Վարդան Ազատյանը, Արմինե Անտիկյանը, Ռուբեն Արեւշատյանը եւ Նազարեթ Կարոյանը։ Տաղավարի հանձնակատարն է «Նոր մշակութային քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վիկտոր Մնացականյանը։ Տաղավարը զետեղված կլինի Մուրադ-Ռաֆաելյան վարժարանի շենքում, Վենետիկի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից մեկը համարվող Պալլացիո Զենեբիոյում։
Մհեր Ազատյանը անկախ Հայաստանի արվեստագետների առաջին սերնդի ներկայացուցիչն է։ Նա իր էությամբ նաեւ հավաքորդ է, Աստղիկ Մելքոնյանը ներկայացնում է անկախ Հայաստանի ժամանակակից արվեստի երկրորդ սերունդը, որ ստեղծագործական ասպարեզ է իջել երկուհազարականներին։ Նրա ստեղծագործական պրակտիկայում մինչեւ վերջերս կենտրոնական տեղ էր գրավում բաց եւ փակ միջավայրերում առանձնության մեջ իրականացվող պերֆորմանսը, որը հանրային միջավայր էր հասնում լուսանկարչական ֆորմատով։ Վերջին շրջանում արվեստագետի մոտ սկսում է գերիշխել հետազոտական աշխատանքը, որի արդյունքները նյութականանում են դրան բնորոշ արտահայտչամիջոցի գծանկարչական պատկերի (դիագրամներ, սխեմաներ) տեսքով։ Գրիգոր Խաչատրյանը կոնցեպտուալ արվեստի տարատեսակ ձեւաչափերին (պերֆորմանս, տեքստ, լուսանկար) առաջինը (դեռ անցյալ դարի յոթանասունականներին) դիմած արվեստագետներից մեկն է Հայաստանում։ Իբրեւ ստեղծագործության նյութ նա օգտագործում է իր անձը, մարմինը եւ անունը։ Սրանց տարբերություններն էլ հենց որոշում են նրա գործերի ձեւաչափերը։ Այսպես, պերֆորմանսին դիմելիս, եթե նա իր մարմինն է օգտագործում, ապա տեքստը հայտնվում է այն ժամանակ, երբ նա սկսում է խաղարկել իր անունը։ Վենետիկի 54-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի իրականացմանը օժանդակում է ՀՀ մշակույթի նախարարությունը, այն ակնկալում է նաեւ մասնավոր բարերարների հովանավորումը։
Հ. Գ. Շուտով համացանց կվերբեռնվի Վենետիկի 54-րդ բիենալեի հայկական տաղավարը ներկայացնող կայքը հետեւյալ հասցեով՝ www.biennale.am: