Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթը հավերժ է՝ գաղափարով»

Փետրվար 04,2011 00:00

Ղարաբաղը շուտով Ազգային պատկերասրահ կունենա

Արցախում կբացվի ազգային պատկերասրահ: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց նախաձեռնող բարերար, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը: Բաքվում ծնված, շուրջ 10 տարի Թուրքմենստանում գլխավոր երկրաբան աշխատած, ապա Ռուսաստան տեղափոխված մեր հայրենակիցը պատրաստվում է նկարների իր ողջ հավաքածուն նվիրել Ստեփանակերտում բացվելիք պատկերասրահին:

Գ. Գաբրիելյանցը նշեց, որ պատկերասրահ ստեղծելու միտքը ընկերների հետ զրույցներից է հղացվել. «Եթե մի երկիր (նկատի ունի Ադրբեջանը) անընդհատ զենքի մրցավազքի մեջ է եւ լրատվամիջոցներով պատերազմի քարոզչությամբ է զբաղվում, իսկ մյուս երկիրը հիմնում է պատկերասրահ, պարզ է, որ մարդիկ, որոնք նման կերպ են ներկայանում, ոչ թե մեկ օր, այլ միշտ հաղթող լինելու համար են դա անում, որովհետեւ մշակույթը հավերժ է գաղափարով: Չպետք է հայտարարել՝ կրթությամբ զբաղվելու համար դեռ ժամանակ կլինի, հիմա պատերազմին պետք է պատրաստվել, վաղը՝ տնտեսությամբ զբաղվել եւ այլն: Այդպես չի լինում, եթե ուզում ենք հասնել երկրի ներդաշնակ զարգացմանը, ամեն ինչ պետք է զուգահեռ լինի»: Նա նշում է, որ աշխարհի բոլոր մայրաքաղաքներն ունեն ազգային պատկերասրահներ եւ կարծում է, որ Ղարաբաղն էլ իրավունք ունի ունենալ արվեստի նման կենտրոն: Ղարաբաղյան պատկերասրահի հավաքածուի բոլոր աշխատանքները նվիրաբերություն են: Այս հանգամանքը, ըստ բարերարի, այլ արժեք կունենա. «Սովորական մարդիկ, որ կգան պատկերասրահ, աշխատանքներից կհասկանան, որ ինչ-որ մեկը ցանկացել է բարություն անել, իսկ նկարիչը տալիս է այն, ինչն իր համար ամենաթանկն է: Տեսել եմ շատ հեղինակների, որ նկար տալուց ձեռքերը դողում են»:

Ստեփանակերտի ազգային պատկերասրահում կներկայացվեն նկարներ ոչ միայն հայ նկարիչների՝ Սարյանի, Մինասի, Ռուբեն Ղեւոնդյանի, Սարգիս Մուրադյանի, Փարավոն Միրզոյանի գործերից, այլեւ աշխատանքներ՝ Մոնղոլիայից, Մեքսիկայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Դաղստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից: «Կուզեի, որ այնտեղ շատ երեխաներ, դպրոցականներ այցելեին, նրանք այդ նկարների միջոցով կճանաչեին այդ երկրները»,- ասում է Գ. Գաբրիելյանցը: Նա հայտնեց, որ պատկերասրահի հստակ վայրը դեռեւս հայտնի չէ, հարցը քննարկվել է ԼՂՀ նախագահի հետ: Կան մի քանի առաջարկներ, հնարավորներից մեկն էլ պատկերասրահը քաղաքի կենտրոնի նորակառույցում տեղակայելն է:

Ակադեմիկոսը անկեղծանում է, որ թեեւ նկարչությունն իր կյանքում գլխավոր տեղ չի զբաղեցնում, բայց հիմնական նախասիրություններից է, իսկ Լեռնային Ղարաբաղ այցելել է՝ երկրաբանությամբ զբաղվելու եւ օգտակար հանածոներով հետաքրքրված լինելու համար: Նա հայտնեց, որ կազմել են Լեռնային Ղարաբաղի օգտակար հանածոների կատալոգ եւ հայտնաբերել են 183 տեսակի օգտակար հանածոներ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ նավթ չի՞ հայտնաբերվել: Նա այսպես պատասխանեց. «Պետք էլ չի, որ լինի: Նավթը պատերազմ է՝ ողջ աշխարհում: Նավթի ամբողջ պատմությունը կապված է պատերազմների պատմության հետ»: Պարոն Գաբրիելյանցն իր ամբողջ կյանքում նաեւ զանազան վայրերից հանքաքարեր է հավաքել: Շուրջ 200 տարբեր քարերից բաղկացած իր անձնական հավաքածուն եւս պատրաստվում է նվիրել Ղարաբաղին: Նա նշեց, որ Կարակումի անապատում աշխատելիս ավազների մեջ մեծ խաչի տեսքով հանքաքար է գտել, որը 10 միլիոն տարվա պատմություն ունի. «Առաջարկեցին այն տալ Էջմիածնի թանգարանին: Եթե կաթողիկոսը ցանկանա այն ունենալ թանգարանում, կնվիրեմ, եթե ոչ՝ կտանեմ Ղարաբաղ»:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն այն 100 աշխատանքները, որոնք Հայաստանի կողմից կնվիրվեն Ստեփանակերտի նորաստեղծ պատկերասրահին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել