Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՍՈՒՄ» ԵՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Ադանայի Հայոց առաջնորդությունը «թափանցիկ» է աշխատել

2010թ. վերջին հաղորդագրություն տարածվեց հալեպահայ բարերարներ Աշխեն եւ Պետրոս Բերբերյանների՝ Մատենադարանին պատմագիտական արժեք ներկայացնող արխիվային փաստաթղթերի նվիրատվության մասին: Արդեն ավարտվել են դրանց «բուժման» եւ վերականգնման աշխատանքները: Առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար «Առավոտը» հանդիպեց Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի գիտաշխատող Անահիտ Աստոյանի հետ, որը զբաղվում է հիշյալ վավերագրերի գիտական մշակմամբ:

Մեր զրուցակիցը նախ համառոտ ներկայացրեց փաստաթղթերի հավաքածուն՝ Ադանայի Հայոց առաջնորդությանն առնչվող վավերագրեր, նամակներ, հեռագրեր, հուշագրեր, տեղակագրեր եւ այլն: Դրանք ներկայացնում են 1905թ. մարտից մինչեւ 1915թ. ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածը՝ Ադանայի նահանգի հայության կյանքն իր դրսեւորումներով: «Ադանայի Հայոց առաջնորդության ենթակայության տակ գործող կրոնական, քաղաքական եւ գավառական ժողովների, թաղային ու տնտեսական խորհուրդների, ինչպես նաեւ տարբեր հանձնախմբերի գործունեությունը ներկայացնող վավերագրերում նիստերի արձանագրություններ են, տեղեկագրեր եւ այլն, որ ներկայացնում են ադանահայության հասարակական, քաղաքական, տնտեսական, կրթամշակութային կյանքը,- նշեց Ա. Աստոյանը ու հավելեց,- ինչպես հայտնի է, եղեռնի հետեւանքով ոչնչացվել են, կողոպտվել եւ ավերվել ավելի քան 2000 եկեղեցի ու վանք՝ իրենց կալվածքներով ու կահկարասիով, կրոնական հնություններով, ձեռագիր մագաղաթներով… Անհնարին է տալ բարեպաշտ ժողովրդի կողմից հայկական վանքերին ու եկեղեցիներին նվիրաբերած նյութական հարստության ու այստեղ դարերով կուտակված, պահպանված հայկական մշակութային գանձերի կորստի չափը, դրանց գիտական, պատմական եւ գեղարվեստական արժեքը, քանի որ դրանց մասին տեղեկությունները կորսված են: Այդ առումով արժեքավոր վավերագրեր են Ադանայի Վերին թաղի Չորք-Մարզպանի Սուրբ Աստվածածին եկեղեցու եկեղեցապատկան կալվածքների շարժական ու անշարժ գույքի մասին տեղի թաղական խորհրդի պատրաստած տեղեկագրերը»: Ա. Աստոյանը շեշտեց նաեւ, որ Ադանայի Հայոց առաջնորդության ենթակայության ներքո գործող վարչական մարմինների աշխատանքները ներկայացնող վավերագրերն իրենց համակարգվածությամբ վկայում են պետական մարմինների գործունեություն հիշեցնող կառույցների մասին: Դիտարկմանը՝ թե Օսմանյան կայսրությունում գործել է «մինի» հայկական պետություն, գիտաշխատողը փաստեց, որ Օսմանյան իշխանությունների կողմից հիշատակվել է «պետություն՝ պետության մեջ» արտահայտությունը, ապա ավելացրեց. «Ադանայի Հայոց առաջնորդության ենթակայության տակ գործել են հոգեւոր վարչական մարմիններ Պոլսում, Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության հայաշատ վարերում, ինչը սարսափեցրել է օսմանյան իշխանություններին: Ի դեպ, նստաշրջան, ազգային ժողով եւ այլ տերմիններ գալիս են արեւմտահայերի վարչական գործունեության շրջանից եւ, որ ամենակարեւորն է, ազգային վարչական մարմինները ժողովրդին տարբեր հրատարակություններով (գիրք, տեղեկագիր եւ այլն) հաշվետու են եղել, մասնավորաբար՝ ֆինանսական գործունեության «մասով»:

Ի դեպ, Ադանայի Հայոց առաջնորդության թափանցիկ աշխատելաոճը լավ օրինակ կարող է լինել նաեւ մեր պետական մարմինների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել