Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Անցած գիշեր Կահիրեի կենտրոնական, Թահրիր հրապարակում ծագած բախումների ընթացքում առնվազն 5 մարդ է զոհվել, մոտ 800-ը վիրավորվել է: Այս մասին Եգիպտոսի պետական հեռուստատեսության եթերում հաղորդել է երկրի առողջապահության նախարարը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Զոհերի մասին տեղեկությունները տարածվել են երեկ վաղ առավոտյան, այն բանից հետո, երբ նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները հրազենի կիրառմամբ կրկին գրոհել են Թահրիր հրապարակը, բայց հերթական անգամ ստիպված են եղել նահանջել:

\"\"Առավոտյան ընդհարումներից անմիջապես հետո Թահրիր հրապարակի մերձակա փողոցներում տեղակայված բանակային ստորաբաժանումները ստիպված են եղել յուրատեսակ բուֆերային գոտի ստեղծել՝ միմյանցից տարանջատելով Մուբարաքի եւ ընդդիմության կողմնակիցներին: Դա իրականացվել է զրահատեխնիկայի միջոցով: Ընդ որում, բանակայինները ստիպված են եղել Թահրիր հրապարակ տանող մայրուղիները ռեժիմի կողմնակիցներից մաքրել չորս տանկերի միջոցով:

Վերջին երկու օրերի իրադարձությունները լուրջ դժգոհություն առաջացրին Արեւմուտքում, նախ եւ առաջ՝ Վաշինգտոնում: Ընդամենը մի քանի ժամում կտրուկ կերպով փոխվեց ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունների տոնայնությունը: Եթե երկուշաբթի օրը նախագահ Օբաման գերադասում էր զերծ մնալ կտրուկ ձեւակերպումներից՝ պարզապես կոչ անելով Եգիպտոսի իշխանություններին եւ ընդդիմությանը ընդհանուր հայտարարի գալ, ապա Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսի՝ մի քանի ժամ առաջ հնչեցրած հայտարարությունը անհամեմատ ավելի կոշտ էր:

«Նախագահն ու գործող վարչակազմը խստորեն դատապարտում են Կահիրեի փողոցներում ծագած բռնության դաժան եւ խորը ափսոսանք առաջացնող դեպքերը: Ակնհայտ է, որ եթե այս դեպքերից որեւէ մեկի ետեւում նշմարվում է կառավարության դերակատարությունը, ապա դրան անմիջապես պետք է վերջ տրվի»,- հայտարարել է Գիբսը: Մինչդեռ պաշտոնական Կահիրեն կտրականապես հերքում է բախումներում իշխանությունների դերակատարության մասին մեղադրանքները: Եգիպտոսի կառավարության խոսնակը հայտարարել է, թե նախագահ Մուբարաքի եւ իշխող վարչակազմի համար չորեքշաբթի օրը կատարվածը եւս խիստ անակնկալ էր:

Ընդդիմության կողմնակիցները, մինչդեռ, պնդում են, որ, այսպես կոչված, նախագահամետ ցուցարարներն իրականում կա՛մ ոստիկանության աշխատակիցներ էին, կա՛մ էլ իշխող Ազգային ժողովրդավարական կուսակցության աջակիցներ:

Երկրի նորանշանակ վարչապետ Ահմեդ Շաֆիքն էլ հինգշաբթի օրը դիմել է երկրի ընդդիմությանը՝ երկխոսություն սկսելու կոչով: BBC-ի մատուցմամբ, նա ներողություն է խնդրել ընդդիմության եւ Մուբարաքի կողմնակիցների միջեւ տեղի ունեցած բախումների համար՝ դրանք անվանելով «ճակատագրական սխալ» եւ խոստացել, որ այդ դեպքերի առնչությամբ հետաքննություն կանցկացվի: Երկրի առաջատար ընդդիմադիր ուժերը, սակայն, այդ թվում նաեւ Մոհամեդ Էլ-Բարադեյն ու «Մահմեդական եղբայրություն» կազմակերպությունը, մերժել են կառավարության առաջարկը:

«Մենք չենք ցանկանում հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ: Մեզ համար բանակցությունների միակ թեման Մուբարաքի հրաժարականն է»,- Reuters-ին փոխանցել է Էլ-Բարադեյը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել