«Կենգուրու-2011»-ը արդեն մեկնարկել է
«Կենգուրուի» հաղթողներ Է. Մինասյանն ու Ա. Գրիգորյանը:
Մարտի 17-ին Հայաստանում կանցկացվի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը: Ինչպես տեղեկացնում է «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանը. «Արդեն երրորդ անգամ ենք պաշտոնապես անցկացնում մրցույթ-խաղը: Ամեն անգամ համոզվում ենք, որ հայ երեխաների համար կրթությունը հետաքրքրությունների շարքում ամենեւին վերջին տեղում չէ եւ որ մեր դպրոցականները ամեն տարի սիրով եւ ոգեւորությամբ են համալրում ամենազանգվածային «Կենգուրու» կոչվող մանկական շարժման շարքերը»:
«Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթը կազմված է տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից եւ անցկացվում է 3-11-րդ դասարանցիների շրջանում: Շ. Կարապետյանը փաստում է, որ մասնակցության առումով ոչ մի պարտադրանք կամ առաջադիմությանը կարեւորություն՝ չկա. «Կարեւոր է միայն երեխայի ցանկությունը, ու ոչ թե նրա բացառիկ գերազանցիկ լինելը կամ բարձր արդյունքներ ցուցաբերելը մաթեմատիկա առարկայից՝ կիսամյակի ընթացքում»:
Մեր զրուցակիցը շեշտում է նաեւ, որ մրցույթը դպրոցների կամ երեխաների միջեւ չէ, այլ՝ «Երեխան մրցում է ինքն իր հետ, ստուգելով իր գիտելիքները, քանի որ յուրաքանչյուր մասնակից այս մրցույթին ինքնաբերաբար համարվում է հաղթող եւ ստանում մրցանակ հիմնադրամի կողմից: «Կենգուրուն» նպատակ ունի համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ՝ այն առավել գրավիչ ու սիրելի դարձնելով երեխաների համար: Մրցույթի ավարտից հետո յուրաքանչյուր դպրոց ստանում է իր աշակերտների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն: Բոլոր մասնակից դպրոցներին եւ աշակերտներին տրվում են մասնակցության հավաստագրեր, բոլոր երեխաներն ստանում են հուշանվերներ, լավագույնները՝ պատվոգրեր ու մրցանակներ: Իսկ հաղթողներին սպասվում են արժեքավոր նվերներ, ընդհուպ եվրոպական երկրներում կազմակերպվող միջազգային ամառային ճամբարի ուղեգիր»: Ծրագրերի ղեկավարը հավելեց, որ բացառիկ հաղթող աշակերտին հեշտ չեն ընտրում, «Այբ» հիմնադրամի կողմից մաթեմատիկայի մասնագետ է այցելում՝ առանց զգուշացնելու եւ զրույցի միջոցով ստուգում՝ երեխա՞ն է լուծել խնդիրները, թե՞ նրան օգնել են:
Զրուցեցինք նաեւ 2009 եւ 2010 թթ. բացառիկ հաղթողների հետ, որոնք մասնակցել էին եվրոպական 10-օրյա ճամբարների: Գեղարքունիքի Մարտունու շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Էռնա Պետրոսյանը Հայաստանում անցկացվող առաջին «Կենգուրուի» բացառիկ հաղթողն է: Նա մասնակցել է Ռումինիայում անցկացվող «կենգուրուականների» ամառային 8-օրյա ճամբարին: Նրա փոխանցմամբ, մրցույթին մասնակցել է ոչ թե նրա համար, որ մաթեմատիկայից բարձր ցուցանիշներ ուներ, այլ՝ ցանկացած մրցույթ, որը կապված է տրամաբանելու, ինտելեկտի հետ, իրեն հետաքրքրում է. «Կենգուրուի» մասին մաթեմատիկայի ուսուցչուհուցս իմացա, չէի պատկերացնում, թե Ռումինիա մեկնելու հնարավորություն կունենամ: Մրցանակը կամ ճամբար մեկնելը ինձ չմեծամտացրեց դասարանցիներիս շրջանում, կուզենայի նրանցից մեկն էլ հաղթեր, միասին մեկնեինք: Ճամբարում շատ բան սովորեցի, դրանցի հետո էլ ավելի մտերմացա դասարանցիներիս եւ ընկերներիս հետ: Ռումինիայում մասնակցել ենք տարբեր մրցույթների, որտեղ մեր՝ հայերի թիմը բարձր հորիզոնականներ էր զբաղեցնում»: Էռնան նշեց նաեւ, որ մասնագիտությունը շարունակելու է մաթեմատիկական գծով: Նույն ոլորտն է ընտրել նաեւ 2010 թ. «Կենգուրու» մրցույթի հաղթող, Արարատի մարզի Վանաշեն գյուղի միակ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Աբրահամ Գրիգորյանը: «Կենգուրուի» երկրորդ հայ մրցանակակիրն էլ որպես հաղթող մասնակցել է Բուլղարիայում կայացած 10-օրյա ճամբարին: Աբրահամի խոսքով. «Անցյալ տարի բացառիկ հաղթող չկար եւ մեզ տրվեց լրացուցիչ փուլի հնարավորություն, արդյունքում ես եւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 8-րդ դասարանցի Էդգար Մինասյանը ճանաչվեցինք բացառիկ հաղթող եւ մեկնեցինք Բուլղարիա: Ճամբարը շատ բան փոխեց իմ կյանքում, այնտեղ մասնակցեցինք տարբեր մրցույթների: Հետաքրքիր է հանդիպել միանգամից այդքան շատ՝ տարբեր ազգի մեր հասակակիցների, ընկերանալ, ստուգել միմյանց գիտելիքները»:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՆ հովանու ներքո, 2011-ի հայտներն արդեն ընդունվում են, վերջնաժամկետը փետրվարի 18-ն է: