Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ելույթ կունենան «Վենետիկի մենակատարները»

Փետրվար 04,2011 00:00

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ՀՀ-ում Իտալիայի դեսպանության հետ համատեղ նախաձեռնել են միջոցառում, որը, անկասկած, սպասված նվեր է հայ երաժշտասեր հասարակության համար: Միայն մեկ օր, փետրվարի 11-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա իտալական հանրահայտ «Վենետիկի մենակատարներ» նվագախմբի բացառիկ համերգը՝ աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Շիմոնեի գլխավորությամբ: Համերգի ընթացքում կհնչեն դասական երաժշտության գոհարներ հանդիսացող կատարումներ Վիվալդիի, Ալբինիոնիի, Տարտինիի, Ռոսինիի եւ այլոց ստեղծագործություններից:

Այս նվագախումբը, իր շուրջ կեսդարյա կենսագրության ընթացքում հասցրել է ողջ աշխարհով մեկ մեծ համբավ ձեռք բերել՝ ելույթներ ունենալով հանրահայտ բեմերում եւ միջազգային հեղինակավոր փառատոներում: Իր անփոխարինելի մաեստրոյի գլխավորությամբ նվագախումբը մասնակցել է աշխարհի շուրջ 80 երկրներում կայացած 5500-ից ավելի համերգների եւ երաժշտական փառատոների: Նվագախումբը հարուստ մշակութային գործունեություն է ծավալում՝ համագործակցելով մեր ժամանակների լավագույն երգիչների եւ մենակատարների հետ:

Հայ երաժշտասեր հասարակության համար նախատեսված այս բացառիկ համերգի կազմակերպումը հնարավոր է դարձել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մեծ աջակցության շնորհիվ: Նախաձեռնության հեղինակները լիահույս են, որ ապագայում եւս «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպանության համագործակցությունը շարունակական կլինի: Հիմնադրամից մեզ վստահեցրին, որ այս տարվա ընթացքում, ինչպես եւ նախորդներին, շարունակվելու են մշակութային, գիտակրթական եւ այլ բնույթի բարեգործական նախաձեռնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել