Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Արտակ Սարգսյանից տեղեկացանք, որ 2010թ. Տավուշի մարզում 3,3 միլիարդ դրամի ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվել: Անցյալ տարի Համաշխարհային բանկի 392 միլիոն դրամով «Իջեւանի ՃՇՇ» ընկերությունը հիմնանորոգել է Աչաջուր-Մակարավանք՝ 3,676 կմ, իսկ 653 միլիոն դրամով էլ միջպետական ճանապարհ- Լուսահովիտ՝ 5,536 կմ ճանապարհները: Պետբյուջեի 701 միլիոն դրամ ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ընկերությունը հիմնանորոգել է Նորաշեն-Մովսես՝ 8,8 կմ ճանապարհը: Անցյալ տարի Դիլիջան համայնքի 404 միլիոն դրամ ներդրումով փողոցների նորոգման աշխատանքներ են իրականացվել քաղաքի Սայաթ-Նովայի եւ Ուսանողական փողոցներում, Անդրանիկի թաղամաս տանող ճանապարհին, Գորկի-Մյասնիկյան փողոցների միացման հատվածում: Գերմանական տեխնիկական համագործակցության ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի եւ համայնքների ներդրումներով վերականգնվել է Դիլիջանի Հակոբջանյան փողոցի հենապատը, Աղավնավանքի Վերին եւ Ներքին թաղամասերը կապող կամուրջը: Անցյալ տարի պետբյուջեի միջոցներով բնածին, տարերային աղետներից տուժած ճանապարհների վերականգնման ծրագրով աշխատանքներ են կատարվել Դիլիջան քաղաքում, Հաղարծին գյուղում, վերականգնվել է միջպետական ճանապարհի` Հովք գյուղի մատույցներում սողանքից փլուզված հատվածը, կառուցվել սողանքի գոտին շրջանցող ճանապարհ, նորոգման աշխատանքներ են արվել Դիլիջանի ավտոմոբիլային թունելի մուտքի մոտ, Գոշ տանող ճանապարհը մաքրվել է թափված քարերից, նորոգվել է Հաղարծնի վանական համալիրի ճանապարհը: 2010-ին մարզի ճանապարհների ձմեռային եւ ընթացիկ պահպանության աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 546 միլիոն դրամ:
Այս տարի պետբյուջեի միջոցներով կնորոգվի Վարագավանք տանող 1,5 կմ ճանապարհը, իսկ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ փուլերով կնորոգվի Բերդ-Արծվաբերդ-Այգեձոր-Չինարի 32,5 կմ ճանապարհը: