Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅՑԸ ՄԵՐԺԵՑ, ՀԱԿԸՆԴԴԵՄԸ՝ ԲԱՎԱՐԱՐԵՑ

Փետրվար 04,2011 00:00

\"\" \"\"

Փետրվարի 2-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը՝ Նոյեմբերյան) դատավոր Արման Կուրեխյանը հրապարակեց տարածքային վեճի վերաբերյալ վճիռ: Դատարանը մերժեց գործարքը վավեր ճանաչելու պահանջով Սամվել Գիշյանի հայցը եւ բավարարեց գույքը ապօրինի տիրապետումից ազատելու պահանջով քաղաքապետարանի հակընդդեմ հայցը: Հիշեցնենք, որ 2000թ. Նոյեմբերյանի քաղաքապետարանը՝ նախկին քաղաքապետ Սերյոժա Ամիրաղյանի գլխավորությամբ, պայմանագիր է կնքել Սամվել Գիշյանի հետ, որով նրան նախկին շուկային եւ քաղաքային մարզադաշտին կից 20 տարով վարձակալությամբ տարածք է հատկացվել, այդտեղ հասարակական զուգարան կառուցելու թույլտվություն տվել: Այդ պայմանագիրը, սակայն, նոտարական վավերացում չի ստացել: Ներկայիս քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն էլ 2010 թվականի նոյեմբերի 10-ին ծանուցում է ուղարկել Սամվել Գիշյանին, որով հայտնել է, որ վերջինս համայնքին պատկանող տարածքում ինքնակամ շինություններ եւ բազմամյա տնկարկներ (պտղատու ծառեր) է հիմնել:

Քաղաքապետը նրան խորհուրդ է տվել 10 օրվա ընթացքում քանդել ինքնակամ շինությունները: Ու հարցը հասել է դատարան: («Առավոտ», 18.11.2010՝ «Ճանապարհային վեճ», 21.01.2011՝ «Նոյեմբերյանը Մոսկվա չէ» եւ այլն):

Դատարանը Սամվել Գիշյանին պարտավորեցրեց քաղաքապետարանին վերադարձնել քաղաքի նախկին շուկայի հարակից 1800 քառակուսի մետր տարածքը: Սամվել Գիշյանը «Առավոտի» թղթակցի հետ զրույցում դժգոհեց, թե դատարանը անտեսել է օրենսդրական որոշ դրույթներ, նաեւ՝ այն փաստը, որ վիճահարույց հողի հարցում Նոյեմբերյանի քաղաքապետարանը 10 տարի անգործության է մատնված եղել: Սամվել Գիշյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մինչեւ Նոյեմբերյանի քաղաքապետի 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 258-Ա որոշումը (որով 2000թ.-ին Սամվել Գիշյանի հետ կնքված վարձակալության պայմանագիրը չեղյալ է համարվել), քաղաքապետարանը վիճելի տարածքի համար անշարժ գույքի կադաստրի Նոյեմբերյանի տարածքային ստորաբաժանումից ստացել է համայնքային սեփականության 3 վկայական: Մինչդեռ, նրա վկայությամբ, անշարժ գույքի սեփականության վկայականներ տրվում են միայն ազատ տարածքների համար: Սամվել Գիշյանը հայտնեց, որ բողոքարկելու է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել