Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայջրմուղկոյուղին» ձգձգո՞ւմ է

Փետրվար 04,2011 00:00

Անցած երկու տարում մենք բազմիցս ենք անդրադարձել Սյունիքի մարզկենտրոն Կապանի ջրամատակարարման վիճակին: Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսավորմամբ՝ «Ռազմավարական դատավարության» ծրագրի շրջանակներում 2 հայց էր ներկայացրել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության դեմ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Հայջրմուղկոյուղու» դեմ՝ Կապանի տարածաշրջանի բաժանորդների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների խախտման եւ դրա հետեւանքով տարածաշրջանում առաջացած բնապահպանական խնդիրների առաջացման պահանջներով: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ ընկերությունը չի կատարում կեղտաջրերի հեռացումն ու մաքրումը՝ պայմանագրով նախատեսված քանակին ու որակին համապատասխան, որի հետեւանքով էլ Կապանի միջով հոսող Ողջի գետը եւ շրջակա միջավայրը աղտոտվում են: Փետրվարի 2-ին արդեն 2-րդ անգամ դատական նիստը հետաձգվեց: Ըստ հասարակական կազմակերպության պատասխանատուների՝ «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչները միտումնավոր են ձգձգում պրոցեսը:

«Առաջին նիստի ժամանակ «Հայջրմուղկոյուղու» ներկայացուցիչը պնդեց, որ աշխատանքներ են տարվում՝ կեղտաջրերը քաղաքի միջով հոսող Ողջի գետը չլցվելու ուղղությամբ, եւ ժամանակ խնդրեց, որ փաստաթղթերով հիմնավորի ասածը: Բայց դա չի բխում մեր պահանջից, մենք այլ բան ենք պահանջում, իրենք այլ բան են անում: Մեր պահանջը հստակ էր, որպեսզի կեղտաջրերը չլցվեն գետը, իսկ իրենց ասածից այնպես է ստացվում, որ քաղաքի ծայրամասային՝ Գործարանների փողոցում է լցվելու գետը, ոչ թե քաղաքի կենտրոնական հատվածներում: Փետրվարի 2-ին էլ «Հայջրմուղկոյուղու» Հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետը նշեց, որ տեղացած ձյան պատճառով իրենց ներկայացուցիչը Սիսիանից չի կարող ներկայանալ եւ խնդրեց հետաձգել նիստը: Նիստն այժմ էլ հետաձգեցին մինչեւ փետրվարի 17-ը»,- տեղեկացնում է հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:

Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը հավաստիացնում էր, որ անկախ տեղումներից՝ միջպետական ճանապարհը այս շաբաթ միշտ էլ բաց է եղել եւ երթեւեկելի, միայն որոշ հատվածներ են դժվարանցանելի:

«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղից «Առավոտին» ասացին այն, ինչ ասել էին դատարանում. իրենց ներկայացուցիչը՝ իրավաբանական բաժնի պետը դատարան չի ներկայացել անբարենպաստ եղանակների եւ ճանապարհների դժվարանցանելի եւ ոչ անվտանգ լինելու պատճառով:

Կապանի ջրի խնդրով վարչական դատարանում ՀՀ բնապահպանության նախարարության դեմ ներկայացված հայցով վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարության անգործության փաստը:

Բնապահպանական կազմակերպությունը Ողջի գետի աղտոտման համար մեղադրում է նաեւ նախարարությանը: Վարչական դատարանում առաջին դատական նիստը նշանակվել է փետրվարի 24-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել