Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ձյունը փրկություն է գյուղատնտեսության համար

Փետրվար 04,2011 00:00

Արմավիրի մարզը չի կիսի Լոռու եւ Տավուշի  անձյուն ճակատագիրը

Հունվարի 29-ին «Մարզերում աշնանացան չմնաց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մասնավորաբար Տավուշում եւ Լոռիում աշնանացանից գյուղացիները վաղուց հույսները կտրել են: Մի կողմից անբարենպաստ եղանակը՝ ձյան բացակայությունը, մյուս կողմից էլ կրծողները գյուղացու աշխատանքը ջուրն են գցել: Մարզպետարանի պաշտոնյաները ասել էին, որ քիչ թե շատ նորմալ էր վիճակը այս մարզերի բարձրադիր գոտիներում: Ուշացած ձյունը դժվար թե օգտակար լինի:

Ձյուն չկար նաեւ Արարատյան դաշտավայրում՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում: Վերջին օրերի ձյունն ու անձրեւը, պարզվում է, այս մարզերում ուշացած չէին:

Ձյան առատ տեղումներից ուրախացել են հիմնականում երեխաներն ու հողագործները: Եթե առաջինների դեպքում դա հնարավորություն է ձմեռային խաղեր կազմակերպելու, ապա երկրորդների պարագայում՝ ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար:

Հողագործ Լեւոն Թովմասյանը մտահոգված էր տեղումների պակասից: 1,5 հեկտար ցորեն է ցանել եւ այլեւս հույս չուներ, որ բերք կստանա: Մի կողմից չորային կլիման, մյուս կողմից՝ հացահատիկի դաշտերի վրա ագռավների գրոհը առատ բերքի հույս չէին թողնում, բերքի ստացման տխուր հեռանկար էին կանխատեսում: «Լավ է՝ ձյունն եկավ: Սա իսկական փրկություն է հողագործներիս համար: Հիմա արդեն հողն իրեն անհրաժեշտ խոնավությունը կկուտակի, ինչը ուժ կտա հատկին՝ ծլելու: Բացի այդ, ձյան ծածկոցի տակ չեն երեւա արդեն թեթեւակի բարձրացած, դեղինին տվող ծիլերը, որոնք ագռավները խժռում էին: Իսկ երբ ձյունը հալչի, դրանք արդեն կանաչած կլինեն. կանաչ ծիլերին ագռավները վրա չեն տալիս»,- նկատեց մեր զրուցակիցը:

Եթե փետրվարն էլ ձմռան նախորդ ամիսների նման չոր լիներ, գյուղատնտեսները չէին բացառում, որ տարին երաշտային լիներ: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ հողում եղած խոնավության պակասից գյուղատնտեսությունը, հաստատ, վնաս կկրեր: «Լավ է՝ այդ վտանգն անցավ: Ամսի 3-ին տեղումները կդադարեն, կգրանցվի 13-15 աստիճան ցուրտ: Սա նորմալ ջերմաստիճան է գյուղատնտեսության համար. որեւէ պտղատու այգի կամ հատիկային կուլտուրա չի տուժի: Ամենացուրտ գիշերը կգրանցվի փետրվարի 4-ին, բայց դա էլ վտանգ չի ներկայացնի: 2002-2003թթ. փորձը ցույց է տվել, որ սնդիկի սյան 30 աստիճան ցածր դեպքում էլ Արարատյան դաշտավայրում հողին պահ տված սերմը չի ցրտահարվում»,- ասաց գյուղմասնագետը: Նաեւ տեղեկացրեց, որ Արմավիրի մարզում այս տարի ավելի քան 4000 հեկտար աշնանացան ցորեն է ցանվել, հույս ունեն, որ նորմալ բերք կստանան:

Տեղումերի առատությունը բարենպաստ է նաեւ ոռոգման սեզոնը առանց խնդիրների կազմակերպելու համար՝ ջրամբարները կլցվեն ջրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել