Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ՕՐՈՒՄ՝ 205 ԿԱՆՉ

Փետրվար 04,2011 00:00

Սառույցից եւ սառցակալած փողոցներից միակ փրկությունը, ըստ վանաձորցիների, արեւն է

Թեեւ արդեն 2 օր ձյուն չի գալիս, սակայն Վանաձորի փողոցների մերկասառույցն ու ձյունը բազում խոչընդոտներ են ստեղծում հետիոտների ու վարորդների համար: Ճանապարհների անանցանելի վիճակից դժգոհում է Վանաձորի Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի շտապօգնության բաժանմունքի վարիչ Արշակ Վարդանյանը. «Քաղաքի մի շարք փողոցներ առանց ձյան էլ դժվար հաղթահարելի են, հիմա՝ առավել եւս, նույնիսկ սրտաբանական եւ ինֆեկցիոն հիվանդանոցների ճանապարհներն են սառցակալած»: Բժիշկ Արշակյանը զարմանում է. որքա՞ն կարելի է հիվանդին պատգարակով, ոտքով մինչեւ հիվանդանոց հասցնել, չէ որ այնտեղ զառիթափ է: Նույն՝ անանցանելի վիճակն է Վանաձորի մի շարք այլ փողոցներում: Հունվարի 28-փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում 1-03 ծառայությունն ստացել է 205 կանչ, միջինը՝ օրական 50 կանչ, օրեր են եղել՝ մինչեւ 60 կանչ:

Բուժհաստատությունից տեղեկացանք, որ ձյան պատճառով հիվանդանոց դիմողների թվի կտրուկ փոփոխություն չի գրանցվել, նույնիսկ կոտրվածքների քանակն է նույնը մնացել: Բոլոր բուժհաստատությունները՝ 5 համաբուժարանները պնդում են, որ ձյան պատճառով կոտրվածքներով քաղաքացիներ չեն դիմել, վանաձորցիները փողոցում ընկնելու արդյունքում բազմաթիվ վնասվածքներ են ստանում ու բուժօգնության չեն դիմում: «Դեռ ներս չմտած՝ ահագին փող են ուզելու: Երկու անգամ ընկել եմ, դե՝ սալջարդ է, կոտրված չկա, բայց մինչեւ երեկ գլուխս պտտվում էր, երեւի ուղեղի ցնցում էի ստացել»,- ասում է Ներսիսյան փողոցում սայթաքած Արեւհատ Մինասյանը: Սարի թաղի 17-ամյա բնակչուհի Արեւիկը արդեն 1 շաբաթ տատի տանն է հյուրընկալվում. «Ոչ ոտքով գնալ է լինում, ոչ տրանսպորտով, վախենում եմ, որ էդ փողոցը տեսնում եմ»: Քաղաքում անանցանելի են բարձրադիր թաղամասերի փողոցները՝ Կամոյի, Հակոբյան, Սասունցիների, Սարի թաղի, Ներսիսյան խճուղին եւ մայրուղիներից վերեւ բարձրացող բոլոր փողոցները: Կարծես ճանապարհների անանցանելիությունը քիչ էր, մի կողմից էլ թափառող շներն են պատճառ դառնում քաղաքացիների սահել-սայթաքելուն:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից կրկին հավաստիացնում են, որ անանցանելի ճանապարհներ չկան, իսկ աղ շարունակում են շաղ տալ: Քաղաքի կենտրոնական փողոցներում տեսանելի է շաղ տված աղը: Սակայն հալված ձյունը չեն մաքրում, այն ցերեկային ժամերին արեւից ցեխանման մի բան է դառնում, իսկ գիշերը՝ սառչում: Աղից հալված ձյունը, ըստ «Սանմաքրում» ԲԲԸ-ի, առավոտյան եւ գիշերային ժամերին դեռ սառած է լինում, իսկ ցերեկային ժամերին խանգարում է երթեւեկությանը:

Փետրվարի 2-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտը մինչեւ կեսօր գրանցել է նյութական վնասով 4 վթար՝ 2-ը՝ Վանաձորում, 1-ական՝ Ստեփանավանում եւ Տաշիրում: Բոլորն էլ սառցակալած ճանապարհների պատճառով: Ասում են, իրականում Վանաձորում սառած ճանապարհների պատճառով վթարների թիվ շատ է եղել, սակայն չեն արձանագրվել: «Երեք օր է՝ սառույցի պատճառով ավտոն ստեղ-ընդեղ խփելով քշում եմ, երեկ էլ ամբողջ հուշարձանի փողոցը սղղալով իջա, խաչմերուկից ներքեւ մի «ԶԻԼ»-ի խփեցի: Իմ աշխատածն ինչ է, որ ավտո սարքեմ»,- ասում է «Լյուքս» տաքսի ծառայության վարորդը: «Բա սա մաքրա՞ծ փողոց է, քանի օր է ռիսկի հաշվին ենք քշում, հիմա էլ բախտները բերեց՝ արեւ դուրս եկավ ու ձյունն ու սառույցը կհալեն»,- նրա խոսքը շարունակում է թիվ 1 երթուղային տաքսու վարորդը:

Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցն ու Երեւանյան խճուղին մաքրվել են ձյունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել