Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԴՈՒՔ ԴԵՌ ԿՏԵՍՆԵՔԸ»՝ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք

Փետրվար 04,2011 00:00

Նոր զարգացումներ քաղաքացի-դատավոր- կարգադրիչների գործով

\"\"Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Թովմասյանի եւ կարգադրիչների հետ բռնության գործով արդեն երկրորդ անգամ երկարացվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի կալանքի ժամկետը:

Աշոտ Հարությունյանն օրեր առաջ հացադուլը դադարեցրեց: Ըստ նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանի (լուսանկարում)՝ դա արել է իր խնդրանքով, քանի որ վերաքննիչ դատարանում լսվելու էր նրանց բողոքը: Նախորդ օրը վերաքննիչ դատարանը մերժեց քաղաքացու վերաքննիչ բողոքը:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանն ասում է. «Աշոտ Հարությունյանի հայրը 2 անգամ հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը, որ իր որդու նկատմամբ դատավոր Արման Թովմասյանը կատարել է խմբակային ծեծ, բացի դրանից՝ հայթայթել է կեղծ ապացույցներ եւ սուտ մատնություն կատարելով՝ իր որդուն մեղադրում է այնպիսի հանցագործության մեջ, որը նա չի կատարել»: Գլխավոր դատախազությունից հաղորդման հետ կապված ստացվել է հետեւյալ պատասխանը. «Նույն նամակն ուղարկվել է Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչին»: Այսինքն՝ դատախազը դատավորի դեմ քաղաքացու հաղորդումը (նաեւ ԶԼՄ-ներում տպագրվածը) ուղարկել է ստորադաս օղակի, ինչը, ըստ փաստաբանի, նշանակում է. «Դատախազն անուղղակի ցուցում է տալիս մարզի քննչականին, հասկացնելով, որ անհրաժեշտ չի հետաքննել այս գործը»: Այստեղ փաստաբանը միտում է տեսնում. «Եթե չնչին հավանականություն կա, որ դատավորն այդ գործողությունը կատարել է, դա նշանակում է, որ գործը կարող են քննել հատուկ քննչական ծառայության քննիչները»:

Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց, որ հաղորդման հետ կապված հատուկ քննչական ծառայությունն էլ, որը պարտավոր էր նախաքննություն իրականացնել, քանի որ խոսքը դատավորի մասին է, «ահով ու դողով վախեցավ, մեր գրությունն էլ ուղարկեց գլխավոր դատախազություն, որպեսզի այնտեղից ցուցում տան, թույլտվություն՝ ինքը զբաղվի՞, թե՞ չզբաղվի»: Փաստաբանի մեկնաբանմամբ, գլխավոր դատախազը նման դեպքերում թույլտվություն չի տալիս. «Աշոտ Հարությունյանի հոր հաղորդումն առանձին հաղորդում է, Աշոտ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը՝ այլ»: Այսինքն՝ հաղորդումների կապակցությամբ պատշաճ գործողություններ չեն ձեռնարկվել:

Աշոտ Հարությունյանի կալանքը նախորդ օրը երկարացվեց: Այս անգամ՝ 1 ամսով:

Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ ընթացած դատական նիստին քննիչը գոնե մեկ գրավոր փաստաթուղթ չի ներկայացրել: Հազվադեպ է լինում, երբ քննիչը միջնորդություն է անում, ու որեւէ փաստաթուղթ չի լինում գործում: Տ. Հայրապետյանը դրան հակառակ 6 երաշխավորագիր է ներկայացրել դատարան, մասնավորապես, երկու դրական բնութագիր՝ մարզպետից ու հիվանդանոցի տնօրենից, ուր աշխատում է Աշոտը, նաեւ Լոռու մարզի մտավորականներից, ՋԷԿ-ի տնօրինության գրությունը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գրությունը, որով հավաստվում է, թե ճանաչում են Աշոտ Հարությունյանին, եւ նա չի կարող խուսափել քննությունից, առաջարկում են գրավ կիրառել նրա նկատմամբ: Աշոտ Հարությունյանն ունի մի վկա՝ Նունե Պառավյանը, որն այդ գիշեր գտնվել է նրա մեքենայում, եւ որին չեն տեսել դատական կարգադրիչներն ու դատավորը, որոնք նստավայր «հրավիրելով» Աշոտին՝ տղայական ռազբորկա են սկսել նրա նկատմամբ: Նունե Պառավյանը երկու անգամ ցուցմունք է տվել եւ հայտնել, որ դատավորը կարգադրիչների հետ գետնել է, ծեծել է Աշոտին: «Ակնհայտ է, որ Աշոտին ապօրինի են պահում: Եվ դա էր պատճառը, որ նա հայտարարեց հացադուլ: Նրան հացադուլի ժամանակ պահում էին մենախցում՝ խիստ ռեժիմի պայմաններում: Տպավորությունն այնպիսին էր, թե Աշոտին պատժում էին կրկնակի: Վանաձորի քննչական բաժանմունքում քննիչ Դոլմազյանը նախաքննություն էր սկսել, եւ այդ ժամանակ մենք որեւէ տեղեկություն չենք ստացել: Հետագայում ստացանք մի գրություն, ըստ որի՝ Աշոտ Հարությունյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, եւ տրված է փորձագետի եզրակացությունը: Համաձայն փորձագետի եզրակացության, վնասվածքներից 2-ը պատճառվել էր գետնին ընկնելու, իսկ մնացածները՝ բութ գործիքի հետեւանքով: Քանի որ այդտեղ եղել են դատավորն ու կարգադրիչները, քննիչը հանգել էր եզրակացության, թե հարվածները հասցրել են կարգադրիչները: Այսինքն՝ կարգադրիչների գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ: Եվ քրեական գործ հարուցելու նախաքննությունը պետք է կատարեր այս դեպքում էլ ՀՔԾ-ն: Գործը 3 ամիս հետո ուղարկվեց ՀՔԾ»,- նշում է փաստաբանը:

Ի դեպ, դատաքննության ժամանակ փաստաբանը փորձել է ներկայացնել Աշոտի ցուցմունքն այն մասին, թե ինչպես է դատավորը մթերային խանութից ուշ ժամին առեւտուր անելիս հանդիպել Աշոտի հետ, վեճի բռնվել, ինչպես է «տարել» իր նստավայր, թե ինչպես է Աշոտի «հեսա կտեսնեք» բառից վախեցած՝ կարգադրիչների հետ գետնել նրան. «Չէին թողնում, որպեսզի հիմնավորեմ իմ վերաքննիչ բողոքը, վկայակոչեմ Սահմանադրությունը, որի ամենակարեւոր հոդվածը վերաբերում է մարդու արժանապատվությանն ու անձի ազատությանն ու անձեռնմխելիության իրավունքին: Եթե այսպես ոտնահարվում է անձի ազատության իրավունքը, ըստ էության ոտնահարվում է մարդու արժանապատվությունը՝ բարձրագույն արժեքը»,- ասում է փաստաբանը:

«Դատավորը նեղացավ, հետո զայրացավ, ապա բարկացավ, փորձում էր ճնշել, թե կոնվենցիան, Սահմանադրությունը իրենք լավ գիտեն: Եթե լավ գիտեք, ապա կալանքի հիմքում ինչո՞ւ ընտրեցիք քննիչի բանավոր հայտարարությունը»,- հարցնում է փաստաբան Հայրապետյանը:

Քննիչը հանդիմանել է Աշոտ Հարությունյանի կողմին, թե չի ներկայացվել որեւէ հիմք, հակափաստարկ: Այս կապակցությամբ Տ. Հայրապետյանն ասում է. «Ա. Հարությունյանին մեղադրանք են առաջադրել, թե բռնություն է գործադրել դատավորի նկատմամբ: Որոշման մեջ գրված է, որ Աշոտն ասել է. դուք դեռ կտեսնեք: Կարգադրիչը ցուցմունք է տվել, թե Աշոտն ասել է՝ դուք սա չեք մարսի: Այսինքն՝ Աշոտի հայտարարությունները դիտվել են որպես բռնություն կամ բռնության սպառնալիք: «Դուք դեռ կտեսնեքը» նշանակել է՝ կդիմի դատավորի վարքագծի վերաբերյալ պատկան մարմնին: Ով կարող է պնդել հակառակը: Ինչ պիտի աներ Աշոտը. հիվանդանոցի իր անձնակազմը պիտի վերցներ՝ դատավորի դեմ հանե՞ր: Չկա եւ չի եղել բռնություն: Աշոտի վնասվածքներն ինչի՞ մասին են վկայում»:

Փաստաբանի կարծիքով, այս գործում բազմաթիվ հարցականներ կան եւ դատավորի տղայական պահվածքը պաշտպանության տակ առնելը՝ մեղմ ասած, անընդունելի է:

Հ. Գ. Մենք պատրաստ ենք լսել նաեւ գլխավոր տուժողին՝ դատավոր Արման Թովմասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել