Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները շատ են դժգոհում ընտանեկան նպաստների հաշվառման համակարգից, դժգոհությունները հիմնականում վերաբերում են անհրաժեշտ տեղեկանքների տրամադրման գործընթացին: Երեկ կառավարության նիստի ժամանակ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ 2010թ. հունվարին ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվել էր մոտ 11500 ընտանիք, որոնք նպաստի իրենց իրավունքը պահպանելու համար պետք է հաշվառվեին նաեւ այս տարեսկզբին, սակայն. «Հունվարի 31-ի դրությամբ փաստագրված ընտանիքների թիվը կազմում էր մոտ 1600, սա նշանակում է, որ փետրվարին նպաստառու ընտանիքների թիվը նվազելու էր ավելի քան 8000-ով»:
Կառավարությունը երեկ հաստատեց ընտանեկան նպաստի համակարգում հաշվառման համար փաստաթղթերի ներկայացման նոր կարգեր սահմանելու նախագիծը: Այսուհետեւ համակարգում հաշվառման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվելու է բնակչության տեղական ռեգիստրը վարող տարածքային մարմնին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նկատեց, որ այս միջոցառումներն ապահովելու են սոցիալական ծառայությունները, որ նպաստները հասնեն այն ընտանիքներին, որոնք դրանց կարիքն ունեն. «Հիմնվելով Վերահսկիչ պալատի ու ֆինանսների նախարարության ստուգումների վրա, ժամանակ առ ժամանակ բացահայտում էինք չարաշահումներ, կեղծված տեղեկանքներ եւ անհրաժեշտ պահանջներին չհամապատասխանող ընտանիքներ էին հայտնվում նպաստառուների ցուցակներում: Ցավոտ գործընթաց ենք սկսել, բայց հասնելու ենք նրան, որ առավել կարիքավոր ընտանիքների հաշվառումները լինելու են հստակ, կեղծարարության ռիսկերը կտրուկ նվազելու են»: Ինչ վերաբերում է թոշակներին, ապա պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ փետրվարի 2-ից արդեն սկսվել են կենսաթոշակների բաժանումները. «Հենց առաջին օրվանից վճարվել է մոտ 1 միլիարդ դրամ, այսինքն՝ Երեւանի թոշակառուների մոտ 25%-ը արդեն ստացել է թոշակները»: