Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրինականացնում են միայն ունեւորների՞ տները

Փետրվար 04,2011 00:00

Ապօրինի կառույցների օրինականացման գործընթացը  Գյումրիում թյուրընկալման ու կռվի թեմա է դարձել:

Օրերս Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում կենտրոնական փողոցներից մեկի՝ Շահումյանի բնակիչ Սոնա Մինասյանը համոզված պնդում էր, որ Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվում է առաջ տանել իր գործերը. ամեն կերպ խոչընդոտում է աճուրդով ձեռք բերած հողի վրա գտնվող քարե շինության օրինականացմանը: Տիկնոջ ներկայացմամբ, իր քարե կառույցը լիարժեք բավարարում է ինքնաշեն կառույցների օրինականացման մասին ԱԺ-ի կողմից ընդունած օրենքի պահանջներին, սակայն իր գործը «չլչլում» են այն պատճառով, որ ինքը «մուծվելու» գումար չունի: «Խիղճդ կտրի, ճարտարապետ, էդ օրենքը հո դո՞ւ չես ընդունել, մեր պատգամավորները՝ Հովհաննես Մարգարյանն ու Սամվել Բալասանյանն են ընդունել, որ գյումրեցու հոգսը թեթեւանա: Հո քո համա՞ր չէ օրենքը, չեն բերել-դրել գրպանդ, որ ում համար ուզես՝ օրենքը գործի, որին էլ չուզես՝ չգործի: Էդ ինչպե՞ս է՝ քաղաքապետը թույլ է տալիս իմ գործերն անելու, դու հրաժարվում ես»,- զայրացած ասում էր տիկինը:

Ըստ նրա, 150 քմ հողատարածքը, որը գտնվում է «Կումայրի» արգելոցի պահպանման գոտում, տիկին Մինասյանը ձեռք է բերել աճուրդով՝ քաղաքապետարանին մուծելով 60 քմ-ի գումարը՝ 75000 դրամը: Ի դեպ, տիկինը անդորրագիր էր ներկայացնում, որտեղ ֆիքսված էր ընդամենը գումարի չափը՝ անհայտ մնալով, թե ինչի համար է մուծել այն: Մի խոսքով, Սոնա Մինասյանը պնդում էր, որ Գյումրիի գլխավոր ճարտարապետը աչք ունի իր հողատարածքի վրա, այն կենտրոնական վայրում է, եւ արդեն իսկ գնորդ են գտել այն վաճառելու համար:

Տիկինը նաեւ վրդովվել էր, որ իր գործերը մերժելիս գրավոր չեն հիմնավորել, ավելին՝ Հենրիկ Գասպարյանը պատճառաբանել է, որ քարե ինքնաշեն կառույցը իրենից տնակ է ներկայացնում, որն օրինականացնելու իրավունք չունեն: «Բայց տնակը ընդամենը մեկ սենյականոց է՝ ներառված քարաշեն կառույցի մեջ, ամուսիննս էլ կույր է, էդ տնակի մեջ է, ես հիմա ո՞նց քանդեմ: Մի քիչ փող կլինի, էդ տնակը կառույցից կհեռացնեմ: Օրենքն ասում է՝ այն քարե շինությունը, որն իր ծավալով մեծ է տնակից եւ որը չի խանգարում քաղաքի կանաչ գոտիներին, ճարտարապետական տեսքին, ենթակա է օրինականացման: Եթե ճարտարապետը օրենքը լավ չի հասկացել, թող նորից բացի ու կարդա: Մեզ չի հասնո՞ւմ, մենք էս երկրի՞ց չենք, Գասպարյան, դու քանի՞ տուն ու հողատարածք ունես, ես արդեն դիմել եմ երկրի նախագահին, մի հատ էլ կդիմեմ»,- բորբոքված պատմում էր տիկինը: Մենք Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են մերժում տիկնոջը: Ճարտարապետն իր հերթին լուսանկարներ ներկայացրեց՝ ցույց տալով, որ Սոնա Մինասյանի պատկերացրած քարաշեն տան գերակշռող մասը պարզապես տնակ է, որի օրինականացումը հակասում է օրենքի պահանջներին: Ավելին, Հենրիկ Գասպարյանի խոսքերով, տիկինը հողի նկատմամբ ոչ մի իրավունք չունի, քանի որ տվյալ տարածքը քաղաքապետարանի կողմից երբեւէ աճուրդի հանված չի եղել, եւ անհասկանալի է, թե ինչի համար է նա 75000 դրամ մուծել: «Եթե աճուրդի դրվի եւ ինքը ցանկանա այն գնել, որպես փաստացի օգտագործող՝ նա որոշակի առավելություններ ունի, նախապատվությունը նրան կտրվի եւ կարող է ձեռք բերել, հավաստիացնում եմ, որ ոչ մեկը այդ հողատարածքի վրա աչք չունի: Ես չեմ կարծում, թե նա մեծ կալիբրի անձնավորություն է, որ նրան հալածենք, նա ընդամենը շանտաժիստ է, կլյաուզնիկ, լրագրողների մոտ գալիս է ձեռնափայտը ձեռքին, բայց երբ դուրս է գալիս՝ վազելով նստում է ավտոբուս: Կլյաուզայով ուզում է հասնել անօրինական ինչ-որ բանի, բայց քաղաքապետարանը չի կարող ապօրինություն թույլ տալ»,- իր հերթին տիկնոջը քննադատեց ճարտարապետը: Իսկ այն մեղադրանքներին, թե քաղաքապետարանը օրինականացնում է ունեւորների ինքնաշեն կառույցները, Հենրիկ Գասպարյանի վստահեցմամբ՝ իրենք քաղաքացիներին անգամ աշխատասենյակ չեն հրավիրում, վերցնում են փաստաթղթերը, ուսումնասիրում են եւ եթե դրանք համապատասխանում են օրենքի պահանջներին, միանգամից նրանց սեփականության իրավունքը ճանաչում են: Ճարտարապետի ներկայացրած տվյալներով, օրենքի ընդունումից հետո քաղաքապետարանը 3 ամսվա ընթացքում ստացել է մոտավորապես 4500 դիմում, որից 450-ի գործերը չափագրված են, դրանց կեսից ավելիի վերաբերյալ որոշումներ են կայացված:

Պաշտոնյայի խոսքերով, մնացած դիմումներն ուսումնասիրելու համար կազմել են հստակ ժամանակացույց, թեեւ դրանց մեջ կան բավականին մեծ թվով դիմումներ, որոնք օրինականացման ենթակա չեն:

Ըստ ճարտարապետի, օրինականացման ենթակա են այն անհատական բնակելի տները, որոնք կառուցված են քաղաքաշինական նորմերի համաձայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել