Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ, ԲԱՅՑ «ՆԱԼՈԳԸ» ՏԱԼԻՍ ԵՆ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Գծատերերին անիծելով՝ գործի են դուրս գալիս

«Դարձել ենք ստրուկ դրանց ձեռքին»,- այսպիսի արտահայտություն գրեթե ամեն օր կարելի է լսել երթուղայինի վարորդների բերանից, հատկապես այն երթուղագծերում աշխատող վարորդների, որոնց գծի օրական պլանը կազմում է 20-25 հազար դրամ: Այս ծանր բեռն իրենց ուսերին կրող վարորդները երթեւեկում են նյարդայնացած ու ողջ օրը մտածելով՝ դուրս կգա՞ն արդյոք օրվա պլանի տակից, որ մի բան էլ իրենց մնա, տուն տանեն: Այս ստրկատիրական կարգերը գործում են մայրաքաղաքի գրեթե բոլոր երթուղագծերում, բացառությամբ մի քանիսի, որոնք համեմատաբար մարդկային պայմաններով են վարորդներին աշխատեցնում:

Որպես կանոն, գրեթե բոլոր երթուղագծերում վարորդները ստիպված են անգամ չաշխատած օրերի համար օրվա պլանը մուծել, հակառակ դեպքում՝ գծատերերի հետ լուրջ խնդիրներ կունենան: Իսկ օրվա պլանը տարբեր երթուղագծերում տարբեր գումար է՝ միջինը 15 հազար դրամ: Անկախ նրանից, վարորդը վատառողջ է կամ, ասենք՝ դեպք է պատահել եւ չի կարող այդ օրը գիծ դուրս գալ, միեւնույն է՝ գծատերերը պահանջում են վճարել գումարը: Օրերս թիվ 123 երթուղայինի վարորդներից մեկը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, բավականին սրտնեղած պատմում էր իրենց ստորացված կարգավիճակի մասին. «Ամսական ընդամենը 5 օր են տրամադրում հանգստանալու համար, ասում են՝ գործեր ունեք կամ հիվանդանում եք, ինչ եք անում՝ մեզ չի հետաքրքրում, էդ 5 օրվա մեջ տեղավորվեք: Մենք էլ ստիպված հիվանդ-հիվանդ գործի ենք դուրս գալիս: Բա եթե չաշխատենք, ո՞նց ենք պլանը տալու: Տանը նստած որտեղի՞ց այդքան գումար տանք»: Ճիշտ է, այս մասնավոր օրինակը վերաբերում էր կոնկրետ երթուղագծի, բայց այդ երեւույթը համատարած է եւ՝ ոչ միայն երթուղագծերում:

Նկատենք, որ նման իրավիճակ է նաեւ մայրաքաղաքի տոնավաճառներում: Անկախ նրանից, այդ օրը աշխատանքի գնում են, թե չէ, զբաղեցրած տաղավարի կամ տարածքի համար վաճառականները պարտավոր են վճարել: Այս հանգամանքը, թերեւս, կարելի է մի բանով բացատրել: Գրեթե բոլոր երթուղագծերն ու տոնավաճառները պատկանում են այնպիսի մեծահարուստների, որոնք մեր երկրում արտոնյալ պայմաններով են գործունեություն ծավալում: Հետեւաբար, իրենց բիզնեսը ինչպես կամենում՝ այնպես էլ կազմակերպում են, աշխատակիցների հետ էլ՝ ինչպես ուզում, այնպես էլ վարվում են:

«Առավոտը» փորձեց պարզել, թե ինչպես է քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը վերահսկում երթուղագծերի սեփականատերերին, որպեսզի վարորդների համար նման իրավիճակներ չստեղծվեն: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցրին, որ դա իրենց իրավասության ոլորտը չէ:

Իսկ ահա «Երեւան տրանսի» տնօրինությունը դեռ մի բան էլ արդարացրեց գծատերերին: «Ահավո՜ր, ահավո՜ր վատ վիճակում են գծատերերը: Նրանք ասում են, որ ձրի են մարդկանց տանում իրենց մեքենաներով: Տեղից էլ էդ 100 դրամը ծախսերն ու հարկերը չի փակում, յոլա են տանում»,- մեզ հետ զրույցում ասաց «Երեւան տրանսի» տնօրեն Միսակ Համբարձումյանը: Նրա ներկայացմամբ՝ հնարավոր բան չէ, որ վարորդները գործի դուրս չգան, բայց գծատերերը նրանցից օրավարձ պահանջեն. «Գծատերերը 22-23 օրվա գումար են վերցնում: Մնացած օրերը, երբ վարորդները կարող են հանգստանալ, լինում է, որ գիծ են դուրս գալիս ու էդ փողը տուն տանում»:

Ի տարբերություն պարոն Համբարձումյանի՝ Աշխատանքի պետական տեսչության մասնագետները վստահեցնում են, որ գծատերերն իսկապես վարորդների իրավունքները խախտում են: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության՝ Աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանի ներկայացմամբ, ճիշտ է, շատ բարդ է հայտնաբերել, որ գծատերերը ստիպում են չաշխատած օրերի համար վճարել կամ հասանելիք աշխատավարձերը չվճարելը, սակայն նման խախտումներ արդեն արձանագրել են. «Գծատերերն ու վարորդները ներքին կարգով պայմանավորվածություն են ունենում, ասենք՝ օրվա պլանը 25 հազար դրամ է, գծատիրոջը տան 20 հազարը, էն 5 հազարն էլ՝ վարորդին: Բայց դրա փոխարեն վարորդը աշխատավարձ չի ստանում, սակայն աշխատանքային պայմանագիր ունի կնքած, ֆիքսված աշխատավարձ, ստորագրում է, որ աշխատավարձ է ստացել, բայց իրականում չի ստացել»:

Ըստ Վ. Դանիելյանի, իրենք մոտ 8 մլն դրամով տուգանել են մի գծատիրոջ (անունը չցանկացավ բացահայտել)՝ 1,5 տարվա ժամանակաշրջանում արտաժամյա աշխատանքի համար հավելավճարներ չկատարելու համար: Ըստ բաժնի պետի, գծատերերը վարորդներին հիմնականում առանց բժշկական զննման են աշխատանքի ընդունում, ընդ որում՝ աշխատանքի ընթացքում էլ պետք է գործատուի հաշվին ուղարկեն զննման, ինչը չեն անում. «Իսկ վարորդների բժշկական զննումը շատ կարեւոր է, քանի որ նրանք մարդկանց են տեղափոխում»: Մյուս հաճախ հանդիպող խախտումներից մեկն էլ, ըստ պարոն Դանիելյանի, աշխատանքային ժամերի ոչ ստույգ սահմանումն է. «Նրանք աշխատանքային ժամ են ֆիքսում այն պահը, երբ վարորդը նստում է մեքենա ու շարժիչը միացնում: Այնինչ, աշխատանքային ժամի սկիզբ է համարվում, երբ վարորդը մտնում է գարաժ, ստուգում մեքենան եւ այլն»: Ինչ վերաբերում է տոնավաճառներին, ապա Վ. Դանիելյանն ասաց, որ այստեղ իրենք գործ չունեն անելու. «Տոնավաճառներում Ա/Ձ-ի եւ տոնավաճառի տնօրինության հետ է պայմանագիր կնքվում: Նրանք 2 առանձին սուբյեկտներ են, ոչ թե գործատու եւ աշխատակից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել