Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Միանգամից վեց նոր մոլորակ

Փետրվար 04,2011 00:00

\"\"Ինչպես տեղեկացանք Հայկական աստղագիտական միության նախագահ Արեգ Միքայելյանից՝ ՆԱՍԱ-ի Կեպլեր տիեզերանավը հայտնաբերել է նոր արտասովոր մոլորակային համակարգ: Օգտագործելով ՆԱՍԱ-ի Կեպլեր տիեզերական աստղադիտարանը՝ ամերիկացի աստղագետները հայտնաբերել են վեց մոլորակ, որոնք պտտվում են Արեգակի տիպի աստղի շուրջ, որն անվանվել է Կեպլեր-11 եւ գտնվում է Երկրից մոտ 2000 լուսատարի հեռավորության վրա: Բոլոր մոլորակները պտտվում են համարյա նույն հարթության մեջ եւ գտնվում են աստղից փոքր հեռավորությունների վրա: Աստղագետների համար այսպիսի համակարգի գոյությունը հայտնություն է: Առայժմ հայտնաբերված բոլոր մոլորակային համակարգերի մեջ Կեպլեր-11-ն ամենալիարժեքը եւ ամենակոմպակտն է: Չնայած արդեն հայտնի է 525 արտաարեգակնային մոլորակ, շատ քիչ աստղեր են հայտնի, որոնց մոտ հայտնաբերվել է մեկից ավելի մոլորակ, իսկ Կեպլեր-11-ն առաջին համակարգն է, որտեղ կա 3-ից ավելի մոլորակ: Բոլոր 6 մոլորակները Երկրից մեծ են, ամենամեծն իր չափերով համեմատելի է Ուրանի եւ Նեպտունի հետ: Ամենամոտ մոլորակը 10 անգամ ավելի մոտ է աստղին, քան Երկիրն՝ Արեգակին, եւ նույնիսկ ամենահեռուն (Կեպլեր-11g) 2 անգամ ավելի մոտ է, քան Երկիրն՝ Արեգակին, ընդ որում, 5 մոլորակն ավելի մոտ են իրենց աստղին, քան Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին, եւ ունեն 10-47 օրվա պտտման պարբերություններ, մինչդեռ Կեպլեր-11g-ն ունի մոտ 4 ամսվա (118 օրվա) պարբերություն: Ներքին 5 մոլորակները հայտնաբերված բոլոր արտաարեգակնային մոլորակների մեջ ամենափոքր զանգված ունեցողներից են: Հնարավոր է, որ այս համակարգում հայտնաբերվեն նաեւ այլ մոլորակներ: Կեպլեր աստղադիտարանի կողմից արտաարեգակնային մոլորակների հայտնաբերման սկզբունքը կայանում է նրանում, որ այն հայտնաբերում է աստղերի լույսի թեթեւակի անկումը, երբ մոլորակն անցնում է աստղի սկավառակի առջեւով, այսպես կոչված՝ տրանզիտի մեթոդ: Այնուհետեւ հայտնաբերված մոլորակներն ուսումնասիրվում են ԱՄՆ մայրցամաքում, Հավայան եւ Կանարյան կղզիներում տեղադրված աստղադիտակներով, ինչպես նաեւ Սպիտցերի տիեզերական ենթակարմիր դիտակով: Կեպլերը կաշխատի առնվազն մինչեւ 2012թ. նոյեմբեր: Որոնումները հատկապես ուղղված են Երկրի չափերի եւ հեղուկ ջուր ունեցող մոլորակների հայտնաբերմանը: Դիտումները կատարվում են Կարապի եւ Քնարի համաստեղություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել