Կառավարության նիստում քննարկեցին արտահանման խթանմանը վերաբերող հարցեր
Երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի անհամաձայնությունը վիճաբանության վերածվեց: Պարոն Հակոբյանին դուր չեկավ նախարարի ներկայացրած նախագծերի փաթեթը, որով կանոնակարգվում են հանրահավաքների ու ցույցերի անցկացման կարգը եւ իրավապահների գործունեությունն այդ ընթացքում: Արդարադատության նախարարությունն առաջարկում էր փոփոխություններ անել «Հավաքների ազատության մասին» ու վարչական իրավախախտումների եւ քրեական օրենսգրքերում, ինչպես նաեւ «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում:
«Այդ եվրոպացի փորձագետնե՞րը մեզ պետք է հուշեն, թե հանրահավաքների ժամանակ ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- նման հարցադրումով ընդմիջեց նախարարին Գ. Հակոբյանը: Պարոն Թովմասյանն էլ խորհուրդ տվեց նայել օրենքներն ու հարցնել իրավաբանների կարծիքները: Այս պատասխանը չգոհացրեց ԱԱԾ պետին, նա շարունակում էր դժգոհ խոսել, միայն միկրոֆոններն արդեն անջատել էին, ու պարզ չէր, թե ինչ է խոսում:
Լրագրողների համար «անլսելի» զրույցին խառնվեց վարչապետը: Նրա բարձրախոսն անջատված չէր, եւ լսվեց, որ նա ասաց, թե այդ նախագիծն ունի լուրջ քաղաքական նշանակություն, որի վրա աշխատել են նաեւ միջազգային փորձագետները: Ապա երկու նախարարներին խորհուրդ տվեց միասին քննարկել նախագիծը:
Նիստի ընթացքում կառավարությունը որոշեց «Սպայկա» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով մինչեւ 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել երեք տարի ժամկետով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, ընկերությունն արտահանում է թարմ մրգեր, որոնց նախնական արագ սառեցման, տեսակավորման, փաթեթավորման եւ պահեստավորման համար ներմուծել են $11 միլիոնի չափով ժամանակակից սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսել են Հայաստանում մոտ 24 հեկտարի հասնող ջերմոցային համալիրի, մրգի-բանջարեղենի վերամշակման արտադրամասի կառուցումը. «Ինչի շնորհիվ կխթանենք արտահանումը՝ այն հասցնելով 70000 տոննայի»: Այս ծրագրի շրջանակներում կավելանա եւս 500 աշխատատեղ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, «ՎԿՍ Արմենիա» ընկերության կողմից ապրանքների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարվա ապրիլը: Այս ընկերությունում ներկայումս աշխատում է 335 մարդ: Առաջիկայում ընկերությունը կներկրի նոր ու ժամանակակից տեխնոլոգիաներ:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը չարժանացավ կառավարության հավանությանը: Ներքին արտադրողին պաշտպանելու նպատակով պատգամավորներն առաջարկում էին Հայաստանի մաքսային սահմանին մի շարք ապրանքների համար գանձվող դրույքաչափերը բարձրացնել, եւ ներկայումս գործող 10%-ի փոխարեն մաքսային արժեքի նկատմամբ սահմանել 15%: Կառավարությունն էլ համոզված է՝ սա հարցի լուծման լավ եղանակ չէ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, պատգամավորները այս փոփոխությունների առաջարկով բարի նպատակ են հետապնդել, բայց. «Իրականում կարող է հակառակ արդյունքը ստացվել, քանի որ մաքսատուրքերի ավելացումը անխուսափելիորեն կհանգեցնի գնաճի: Առանց այն էլ կառավարության այս տարվա հիմնական մարտահրավերը հենց գնաճն է»: Վարչապետի խոսքով, գնաճը զսպելու համար պետք է գործուն միջոցառումներ ձեռնարկվեն. «Գնաճի խնդիրը մարտահրավեր է ոչ միայն մեր երկրի, այլեւ բոլոր զարգացող երկրների համար»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ հաստատվեցին Հայաստանում արտադրվող կամ ներմուծվող սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի, սննդային հավելումների, կենդանական ծագման հումքի, կերերի, կերային խառնուրդների, բուսական արտադրանքի մասին տեղեկատվության տրամադրման էլեկտրոնային ձեւերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրեց, որ այդ բնագավառը ժամանակավորապես կվերահսկվի Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի տնօրինությամբ. «Ընդունված որոշումներով նպատակ ունենք ներդնել եվրոպական չափորոշիչներ, որ մեր արտադրանքը հնարավորություն ունենանք արտահանել Եվրոպա»: Վարչապետի խոսքով, արդեն իսկ համանման խնդիրներ են լուծվել ձկնաբուծության եւ ձկան արտահանման ոլորտում, ինչի շնորհիվ անցած տարի Ռուսաստան է արտահանվել 500 տոննա ձուկ: