Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակը գրված է միտումով, թե ինչպես անենք, որ IBO-ն դրական պատասխան չտա

Փետրվար 04,2011 00:00

Միջազգային Բակալավրիատ կազմակերպությանը (IBO) կրթության եւ գիտության նախարարի ուղարկած նամակի կապակցությամբ կուզենայի նշել հետեւյալը.

ա) նման նամակ IBO-ին պրն Աշոտյանը պետք է ուղարկեր 2009-ի մայիսին, երբ նոր էր ստանձնել ԿԳ նախարարի պաշտոնը, իսկ ավելի ճիշտ՝ դեռ 2008թ. Ազգային ժողովում կրթության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ լինելու ժամանակ: Արդեն այն ժամանակ նրան պետք է որ քաջ հայտնի լիներ, որ Հայաստանում կան դպրոցներ, որոնք նախատեսում են կիրառել Միջազգային Բակալավրիատի ծրագրերից մեկը՝ «Դիպլոմային ծրագիր» ավագ դպրոցների աշակերտների համար: Ծրագիրը նախատեսվում է իրագործել անգլերենով, այսինքն՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքների բացահայտ խախտմամբ: Ավելի՛ն, պրն Աշոտյանը պետք է տեղյակ լիներ, որ ԿԳՆ-ն ակտիվորեն աջակցել է IBO-ին՝ Հայաստանում հիմնել անգլերեն լեզվով դպրոցներ: Այսինքն, պրն Աշոտյանն ի պաշտոնե պարտավոր էր կասեցնել նման օտարալեզու դպրոցներ բացելու պլանները, պարզաբանելով, որ նրանք հակասում են օրենքին, եւ միակ ճանապարհը Հայաստան ներմուծելու միջազգային ծրագրեր նրանց թարգմանությունն է:

Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Արմեն Աշոտյանը կառավարությանը ներկայացրեց օտարալեզու դպրոցներ թույլատրող մի նախագիծ, իսկ հետագայում վարչապետի հետ միասին չխնայեց ոչ մի հնարք ու տրամաբանության աղավաղում՝ այն ԱԺ-ում անցկացնելու համար:

բ) Անցյալ տարվա հոկտեմբերին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը դիմեց պարոն Աշոտյանին՝ տեղեկանալ IBO-ից «Դիպլոմային ծրագիրը» հայերեն թարգմանելու համար անհրաժեշտ նախապայմանների մասին: Նախարարին ուղարկված նամակի նախագիծն ընդգրկում էր հարցեր այդ աշխատանքի մանրամասների մասին, այդ թվում՝ ժամանակամիջոցի ու մոտավոր արժեքի: Նամակում շեշտվում էր այն, որ ծրագիրն արդեն իսկ թարգմանվել է իսպաներեն ու գերմաներեն, եւ հետեւաբար՝ հատուկ հետաքրքրություն են ներկայացնում համապատասխան տեղեկություններն այդ աշխատանքների մասին:

Արմեն Աշոտյանը IBO-ից տեղեկանալու իր խոստումը կատարեց միայն 3 ամիս անց, բազմաթիվ հիշեցումներից հետո, որոնցից մեկը հնչել է նաեւ ԱԺ-ում: Այս ձգձգումը կարող եմ բացատրել միայն նրանով, որ օտարալեզու դպրոցների նախագծի արդարացման պարոն Աշոտյանի զինանոցում մնացել էր միայն մի «փաստարկ», որը նա բազմիցս կրկնել է օրինագծի ընդունման վերջին ամիսների ընթացքում: Այդ «փաստարկը» հետեւյալն է՝ օրենքները փոխվում, են եւ օտարալեզու դպրոցները բացվում են Հայաստանում միջազգային ծրագրեր իրականացնելու համար: Նախարարը հիշատակում էր Ռուբեն Վարդանյանի «Դիլիջանի միջազգային դպրոց» նախագիծը՝ որպես նման մի ծրագրի օրինակ:

Իհարկե, անպատասխան մնաց բազմիցս տրվող հարցը, թե ինչն է խանգարում թարգմանել այդ ծրագրերը հայերեն ու նոր կիրառել՝ առանց որեւէ օրենքի փոփոխության անհրաժեշտության, առանց վտանգելու հայոց լեզուն ու հայալեզու կրթությունը, առանց այս կամ այն քանակությամբ դպրոցներով սահմանափակելու, դրանով իսկ օտարալեզու էլիտա բուծելու եւ խտրականություն սերմանելու: Այս պարագայում ցանկացած հիշատակում, այն էլ նախարարի կողմից, թե միջազգային ծրագրերը կարող են տեղ գտնել Հայաստանում առանց օրենքի փոփոխությունների՝ կարող էր վտանգել օրինագծի ընդունումը:

գ) Արմեն Աշոտյանի ուղարկած նամակին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ նամակը գրված է մի միտումով, թե ինչպես անենք, որ IBO-ն հանկարծ ու դրական պատասխան չտա հարցին: Նամակում հարցը ձեւակերպվում է այսպես՝ «կարո՞ղ է հայերենը լինել դասավանդման լեզու»: Տեղեկանալու համար, որ այս պահին հայերենը չի կարող լինել Միջազգային Բակալավրիատի «Դիպլոմային ծրագրի» դասավանդման լեզու՝ կարիք չկար դիմել այդ կազմակերպությանը նամակով, այլ բավարար էր ուղղակի բացել նրա կայքը: Նամակը չի պարունակում ամենակարեւորը, թե որն է այն ճանապարհը, որով Հայաստանը կարող է հասնել «Դիպլոմային ծրագրում» հայերենը որպես դասավանդման լեզու ունենալուն, չի հիշատակվում արդեն իսկ կատարված թարգմանությունների փաստը, չի նշվում, որ Հայաստանը պատրաստ է մարդկային ու նյութական ներդրումներ կատարել այդ նպատակին հասնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել