Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԽՈՐՏԱՆՔԸ ԴԵՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Փետրվար 04,2011 00:00

\"\"Խոսքն Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների հնարավոր խորացման մասին է, ինչը նյարդայնացնում է ադրբեջանցի խորհրդարանականներին:

Վերջին օրերին Ադրբեջանի խորհրդարանականների բուռն քննարկումների առարկա են դարձել հայ-իրանական հարաբերությունները: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեքշաբթի օրը Միլլի մեջլիսում մեկնարկած գարնանային նստաշրջանում նման հայտարարություններով են հանդես եկել եւ իշխանամետ, եւ մի շարք անկախ պատգամավորներ: Հարեւան Իրանը քննադատվում է Հայաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու համար: Դա այն աստիճան դուր չի եկել ադրբեջանցի խորհրդարանականներին, որ կոչ են արել իրենց երկրի իշխանություններին վերանայել կապերը պաշտոնական Թեհրանի հետ:

Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն, ըստ «Նովոստի-Ազերբայջան» գործակալության, ադրբեջանցի օրենսդիրները համարել են «Իրանի իշխանությունների կողմից իրականացվող հակաադրբեջանական քաղաքականություն»: Ադրբեջանցի մեր հարեւաններին դուր չի եկել հատկապես Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմիի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նավթամթերքներ տեղափոխող խողովակաշար կառուցել։ Իրանական աղբյուրների հաղորդմամբ, նոր խողովակաշարը սկիզբ է առնելու հյուսիս-արեւմտյան Թավրիզ քաղաքից եւ շարունակվելու է մինչեւ Հայաստանի հետ սահմանը՝ հնարավորություն տալով պաշտոնական Երեւանին բավարարել նավթային պահանջների մի մասը: Ադրբեջանցի խորհրդարանականները գտնում են, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված այդ համաձայնությունը ուղղակիորեն սպառնում է Ադրբեջանի շահերին, որ իրանական կողմը հաշվի չի առնում Ադրբեջանի շահերը եւ դասում է Հայաստանն իր բարեկամների շարքում։ Իրանի այդ քաղաքականությունը որակվել է «երկդիմի»։

Հայկական կողմը դեռեւս չի հրապարակայնացնում եւ մեկնաբանում Իրանի իշխանությունների հետ խողովակաշար կառուցելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղարն ի պատասխան «Առավոտի» հարցման՝ ասաց, որ պատվիրակությունը դեռեւս ամփոփում է այցի արդյունքները, իսկ մանրամասները կներկայացվեն հաջորդ շաբաթ կայանալիք մամուլի ասուլիսում: Նախարարության «Առավոտի» աղբյուրների հավաստմամբ, սակայն, ադրբեջանցիների անհանգստությունն անտեղի է, քանի որ այդ ծրագիրը նոր չէ, եւ դրա վերաբերյալ էական պայմանավորվածություններ այս այցի ընթացքում ձեռք չեն բերվել: «Բա որ երկաթգծի ծրագիրը սկսենք, որն ավելի ռեալ է՝ ի՞նչ կանեն»,- հեգնեց մեր աղբյուրը: Խոսքն Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին է, որի անհրաժեշտության մասին վերջին շրջանում շատ են խոսում հայ պաշտոնյաները:

Ադրբեջանցի քաղաքական գործիչների մտահոգությունների ֆոնին նկատենք, որ հայաստանյան գործիչներն էլ, հատկապես վերջին շրջանում, մեղադրում են Հայաստանի իշխանություններին Իրանի հետ ոչ բավարար մակարդակի հարաբերություններ ունենալու մեջ: Այդ առիթով պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, մի շարք քաղաքական վերլուծաբաններ: Իրենց քննարկումներում «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները նույնպես դժգոհություններ են հայտնում ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունից, մասնավորաբար՝ Իրանի հետ հարաբերություններից՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նման թշնամի, Վրաստանի նման անկանխատեսելի հարեւանների պարագայում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Սարդարապատը» ներկայացնող Հայկ Բալանյանը նկատեց, որ խոսելով Հայաստանի արտաքին հարաբերությունների մասին՝ ընդհանրապես հարկ չկա հիմք ընդունել մեր թշնամիների կարծիքը: Նրա կարծիքով, արտաքին հարաբերությունների հարցերում պետք է ելնել մեր իրական հնարավորություններից եւ պահանջմունքներից: Այս տեսանկյունից մեր զրուցակիցը բավարարված չէ ոչ միայն Իրան-Հայաստան, այլեւ Արաբական աշխարհի, ՌԴ-ի եւ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակից ու դրանց սկզբունքներից: Նա գտնում է, որ իր՝ հատկապես անմիջական հարեւաններ Իրանի եւ Արաբական աշխարհի երկրների հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ Հայաստանը դեռ շատ անելիքներ ունի: Իսկ ադրբեջանցի խորհրդարանականների խուճապի մասով էլ ասում է. «Ադրբեջանը փորձում է իրականացնել իր համար մեկ գերնպատակ՝ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով ու ասպարեզներում մեկուսացնել Հայաստանին, առավել եւս, երբ խոսքը գնում է քաղաքական եւ տնտեսական շփումների մասին, որպեսզի կարողանա իր քաղաքական կամքը թելադրել Հայաստանին: Քանի որ ՌԴ-ի հետ իր հարաբերություններում Ադրբեջանը հոխորտալու տեղ չունի, Վրաստանի հետ հավանաբար իր հարաբերություններն էլ արդեն կարգավորել է վերջին տնտեսական հարաբերություններով, իսկ Թուրքիայի հետ ընդհանրապես խնդիր չունի, Հայաստանի դեմ օգտագործվող միակ հարեւան-թիրախը մնացել է Իրանը՝ օգտագործելով նաեւ Իրանի՝ որոշ իմաստով խոցելի դիրքերը միջազգային հանրության հետ հարաբերություններում: Առիթից օգտվում են, խորամանկություն են անում. կստացվի՝ լավ, չէ՝ ոչինչ: Բայց Իրանը լուրջ երկիր է, եւ ես չեմ կարծում, որ Ադրբեջանի հոխորտանքն այստեղ դեր կունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել