Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԼՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ԽԱՉԲԱ՞Ռ ԷԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Փետրվար 04,2011 00:00

Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը երեկ տված հարցազրույցում ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողովի նախագահ Ժորդի Խուկլա ի Կոստան ասել է, որ ծրագրում է փետրվարին ու մարտին հանգամանալից ուսումնասիրել իրավիճակը հակամարտության տարածաշրջանում, շփումներ հաստատել ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, քաղաքական որոշ գործիչների եւ դեսպանների հետ: Նաեւ հայտնել է, որ հանձնաժողովն իր գործունեությունը պաշտոնապես կսկսի ապրիլին, երբ նախատեսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ առաջին պաշտոնական շփումները: Ի դեպ, նշել է նաեւ, թե չի վկայի, որ Հայաստանի պատվիրակությունը չի ցանկացել այս հանձնաժողովի վերստեղծումը: Ըստ նրա՝ ՀՀ պատվիրակությունը կասկածանքով է վերաբերվել այս գաղափարին, սակայն դեմ հանդես չի եկել: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակ Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ ասաց «Առավոտին». «Եթե ադրբեջանական լրատվամիջոցը ճիշտ է մեջբերել նրա խոսքերը՝ չնայած ամեն ինչ խեղաթյուրելու նրանց գործելաոճին, ապա առնվազն տարակուսանք է առաջացնում պրն Կոստայի բացարձա՛կ անտեղյակությունը, ինչը կարող է մի քանի բացատրություն ունենալ:

Տարբերակ 1. Կոստային տեղեկացրել են, որ ինքը նշանակվել է ինչ-որ հանձնաժողովի նախագահ, բայց չեն տեղեկացրել, թե հատկապես որ մեկի:

Տարբերակ 2. ԵԽԽՎ բյուրոյի այն անդամները, որոնք մասնակցել էին հունվարի 28-ի նիստին ու լսել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի վերապահումները հանձնաժողովի վերստեղծման վերաբերյալ՝ երեւի նրա ելույթի ընթացքում խաչբառ են լուծել, ուշադիր չեն լսել նրա առարկությունները եւ բացարձակ ապատեղեկատվություն են փոխանցել պրն Կոստային:

Եվ ամենակարեւորը՝ պրն Կոստան նույնիսկ չէր բարեհաճել մասնակցել ոչ ALDE խմբակցությունում, ոչ էլ բյուրոյում այս հարցի քննարկմանը: Եվ եթե նրա հավաստի աղբյուրն, ասենք, պրն Չավուշօղլուն է, ուրեմն՝ վստահ եմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը չի կարող գործել անաչառ, այլ նաեւ այս անձը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել