Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ ազգը պետք է ղեկավարվի Հայաստանից

Փետրվար 04,2011 00:00

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը ողջունում է  Հրանուշ Հակոբյանի առաջարկը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ Հայաստանում երկպալատ խորհրդարան ունենալու հնարավորության մասին Կալիֆոռնիայում արած հայտարարությունը ոգեւորել է ծնունդով ջավախքեցի հանրապետական պատգամավոր Հայկ Սանոսյանին: Երեկ «Ազդակ» ակումբում նա վերահրապարակեց այդ առիթով դեռեւս 2009 թվականին Ազգային ժողովում հնչեցրած իր հայտարարությունը՝ շնորհակալություն հայտնելով իշխանություններին թեեւ ուշացած, բայց դրական արձագանքի համար: Հայկ Սանոսյանը տեղեկացրեց նաեւ, որ այդ գաղափարն, այսպես ասած, իրենց ընտանեկան գաղափարն է, քանի որ այն եղել է նաեւ իր հոր նախընտրական ծրագրում, երբ դեռ 1989-ին նա մասնակցում էր ՀՀ ԳԽ պատգամավորական մրցարշավին: Պատգամավորն առաջարկում է ՀՀ ԱԺ-ում ստեղծել խորհրդակցական կարգավիճակ ունեցող Սփյուռքահայերի պալատ, որը կլինի Սփյուռքի մեր հայրենակիցներից կազմված մարմին: Առաջարկի հեղինակը համոզված է. «Այն, Սփյուռքի համայնքները ՀՀ-ում ներկայացնելով, գործուն կերպով կնպաստի հայ ժողովրդի տարբեր հատվածների հայաստանակենտրոն սեւեռմանը: Այդ նույն սփյուռքահայերը կլինեն նաեւ հայ համայնքների դեսպանները Մայր հայրենիքում»: Նա գտնում է, որ եթե սփյուռքյան մեր հայրենակիցներին հորդորում ենք գալ հայրենիքում ներդրումներ անել, զարգացնել Հայաստանի տնտեսությունը, ապա մենք պարտավոր ենք նրանց համար ստեղծել վստահության եւ ներգրավվածության լայն դաշտ: «Սփյուռքահայությունը պետք է մասնակցություն ունենա մեր երկրի, մեր ժողովրդի համար բախտորոշ խնդիրների քննարկմանն ու լուծմանը: Իրենք էլ իրենց կողմից կներկայացնեն տվյալ երկրների օրենքներն ու փորձը: Հայաստանի խորհրդարանում ստեղծելով Սփյուռքահայերի պալատ՝ միաժամանակ կլուծվի եւս մի շատ կարեւոր հարց. կունենանք հնարավորինս ընդհանրական կարծիք մեր ազգային խնդիրների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ: Հանրապետական պատգամավորը կարծում է նաեւ, որ պետք է նպաստենք ՀՀ երկքաղաքացիության օրենքի, նմանատիպ օրենքների ընդունմանը հայահոծ երկրներում, մասնավորաբար՝ Վրաստանում: Հայկ Սանոսյանը վստահ է, որ վերջնարդյունքը կարդարացնի այս ուղղությամբ ներդրված բոլոր ջանքերը:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչն է խանգարում սփյուռքահայերին իրենց նպաստն առանց այդ խորհրդակցական մարմնի ներդնել հայկական պետության զարգացման համար: Պարոն Սանոսյանը պարզաբանեց, որ նախաձեռնությունը կհամախմբի նախ Սփյուռքին, ապա սփյուռքահայերին՝ Հայաստանի շուրջ: Հեռահար ծրագրերում կա նաեւ հայկական եկեղեցիների միավորումը մեկ եկեղեցում, որը նույնպես պետք է իրականացվի Սփյուռքահայերի պալատի գործունեության շրջանակներում: «Այստեղ ամենակարեւորը մարդկային հոգեբանությունն է: Սփյուռքահայը, որը կայացել է այլ պետության մեջ, եւ դու իրեն ասում ես, որ քո պետությանը պետք է օգտակար լինես՝ այս նախաձեռնությունը կօգնի նրա ինքնահաստատմանը: Ի՞նչ փոփոխություններով դա կիրականացվի՝ իրավաբանների քննարկելիք հարցն է: Պարզապես ես ցանկանում եմ, որ այս գաղափարը շրջանառության մեջ դրվի, եւ մենք կարողանանք ներգրավել հայ համայնքների ներկայացուցիչներին՝ ավելի լայն մասշտաբով: Պալատը պետք է լինի մի կառույց, որը պետք է պարբերական աշխատանք կատարի՝ ավելի համախմբված, ավելի կազմակերպված: Ամենակարեւոր շեշտադրումն այն պետք է լինի, որ մեր ազգը պետք է ղեկավարվի մեկ կենտրոնից, եւ դա պետք է լինի Հայաստանը: Մենք պետք է ունենանք համահայկական, հայաստանակենտրոն ուժեղ պետություն»,- եզրափակեց պատգամավորը՝ վստահություն հայտնելով, որ գաղափարի իրականացման համար առկա բոլոր խնդիրներն էլ կարող են օպտիմալ լուծումներ գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել