Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԷԼ ԿԱ»

Փետրվար 04,2011 00:00

\"\"ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահ է, որ պատերազմը կդառնա Ադրբեջանի ինքնաոչնչացման սկիզբը:

– Արդյոք չափազանցված չէ՞ հայաստանյան քաղաքական ուժերի հանդարտությունը, թե՝ ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը իր մեջ որեւէ վտանգ չի պարունակում եւ կարելի է այն «բանի տեղ չդնել»։

– Ոչ թե բանի տեղ չդնել, այլ այստեղ մենք ուղղակի վերցնում ենք եվրոպական տարբեր կառույցների ներուժը եւ նրանց ազդեցության մակարդակը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ: Իհարկե, այստեղ նրանք այդ ներուժը չունեն, հետեւաբար դա է պատճառը, որ որեւէ լուրջ վտանգ դրանում չենք տեսնում: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ նման ենթահանձնաժողովի ստեղծման հետ կապված՝ հենց հիմա Հայաստանը եթե սկզբունքային դիրքորոշում ցուցաբերի, որը եւ ցուցաբերել է, ապա կարելի է ակնկալել, որ այդ ենթահանձնաժողովը իր աշխատանքում այդ բոլորը հաշվի կառնի, եւ, գուցե, հետագայում հնարավոր կլինի այն ավելի կառուցողական հունի մեջ դնել:

– Չե՞ք գտնում, որ ենթահանձնաժողովը ստեղծվեց հայաստանյան պատվիրակության վատ աշխատանքի արդյունքում:

– Իհարկե, մարդիկ կան, որոնք գտնում են, որ դա վատ աշխատանքի արդյունքում եղավ: Ես կասեմ, որ ուրիշ բան՝ դա ամենից հեշտ մոտեցումն է, բայց պետք է հաշվի առնել մի շարք այլ հանգամանքներ: Այդ հանձնաժողովի ստեղծումը ինչ-որ տեղ գլոբալ-աշխարհաքաղաքական նշանակություն ունի եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներքո՝ ամենեւին: Այստեղ խնդիրը Թուրքիա-Արեւմուտք փոխհարաբերություններն են: Գիտենք, որ Թուրքիայում տեղի են ունենում մի շարք անցանկալի զարգացումներ, առաջին հերթին՝ Արեւմուտքի եւ Եվրոպայի համար: Այդ երկիրը աստիճանաբար գնում է դեպի մահմեդականացում, քաղաքական տեսանկյունից իսլամական արժեքները դառնում են գերիշխող, բացի դրանից՝ Թուրքիայում կամաց-կամաց թափ են առնում այլ գաղափարախոսություններ, ինչպիսին է, օրինակ, պանթուրքիզմը: Եվ Թուրքիան վատացրել է իր հարաբերությունները Իսրայելի, ԱՄՆ-ի հետ, չի զսպում իր դժգոհությունը Եվրոպայի տարբեր պետությունների հանդեպ: Հիմա այդ ենթահանձնաժողովի ստեղծումը ինչ-որ ձեւով հանդիսանում է նաեւ Թուրքիայի ճնշման արդյունք: Եվ Արեւմուտքը, մասնավորապես՝ Եվրոպան, որդեգրել է մի հետաքրքիր քաղաքականություն, այսինքն՝ փորձում է այդ դժգոհության դրսեւորման համար ստեղծել մի քաղաքակիրթ հարթակ, որտեղ նա պետք է լիցքաթափվի, եւ այդ ենթահանձնաժողովը այդ հարթակներից մեկն է: Այդ տեսանկյունից պետք է նայել, եւ այստեղ արդեն Հայաստանի պատվիրակության աշխատանքը որեւէ դեր չունի:

– Բայց դա մեզ համար մի՞թե վտանգավոր չէ, Թուրքիային անընդհատ տուրք տալով, հարթակ տրամադրելով՝ մի օր չե՞նք հասնի տխուր հանգրվանի:

– Չեմ կարծում, հայկական գործոնը շատ կարեւոր է Թուրքիային զսպելու համար, որովհետեւ ոչ միայն հարթակ է ստեղծվում զուտ խոսելու համար, այլեւ՝ քաղաքական գործիչները գիտեն, որ դրանից բացի՝ կա նաեւ քաղաքականություն, հետեւաբար հայկական գործոնը մեծ դերակատարություն է ստանում:

– ԵԱՀԿ գործող նախագահը՝ Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսը, օրերս հայտարարել է, թե «2011թ.-ին կկենտրոնանան կոնկրետ առաջնահերթությունների վրա, ինչպիսիք են՝ սառեցված հակամարտությունների լուծման գործում առաջընթացը առկա ձեւաչափում, օժանդակությունը մամուլի ազատությանը, էներգետիկ անվտանգության ոլորտում երկխոսությունը, աջակցությունը տարածաշրջանային համագործակցությանը», նաեւ, որ իրենք սատարում են Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ կողմերի միջեւ վստահության հաստատման ուղղությամբ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարիք կա նման հայտարարություն անելու հատկապես այս պահին:

– Ցանկացած նոր համանախագահող երկիր, իհարկե, պետք է նման հայտարարություն անի, որը չգրված օրենք է: Ինչ վերաբերում է կոնկրետ նրան, թե արդյոք Լիտվան կարո՞ղ է բեկում մտցնել, ապա՝ չեմ կարծում, նույնիսկ կարող եմ ասել, որ ի տարբերություն նախկին համանախագահող Ղազախստանի՝ Լիտվան ավելի զուսպ կեցվածք է դրսեւորել: Եվ սա բնական է, որովհետեւ հակամարտությունն այնքան է բարդ, այնքան խնդիրներ կան այստեղ լուծելու, որ նման կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել, հետեւաբար սա կարելի է ընդունել զուտ որպես արարողակարգային մի հայտարարություն, որն անպայման պետք է հնչի:

– Վերլուծություններում կարծիք է հնչում, որ վերջին շրջանում ՀՀ նախագահի հայտարարությունները շատ ավելի կոշտ են, եւ դա իբր նշանակում է, որ պատերազմի հավանականությունը ավելի մեծ է:

– Պատերազմի հավանականությունը միշտ էլ կա: Ուղղակի խնդիրը ուրիշ հարթության մեջ պետք է դիտարկել՝ պատերազմի վերսկսումը հիմա եւ պատերազմը 90-ականներին բոլորովին տարբեր են: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, տարածաշրջանում առաջացավ աշխարհաքաղաքական վակուում, հետեւաբար, ավելի հեշտ էր սկսել այդ պատերազմը: Որեւէ գերտերություն կամ տարածաշրջանային ուժ ներգրավված չէր Հարավային Կովկասում այդ գործընթացների մեջ: Հիմա բոլորովին ուրիշ է իրավիճակը, ժամանակ է անցել, արդեն կան բավականին հստակ աշխարհաքաղաքական վեկտորներ, մոտեցումներ: Եվ այս անգամ պատերազմի հետեւանքները կարող են լինել շատ անկանխատեսելի: Այս անգամ պատերազմը չի սահմանափակվելու Արցախով եւ Ադրբեջանով, այնքան բարդ իրավիճակներ կարող են ստեղծվել, որ նույնիսկ դժվար է պատկերացնել: Հարավային Սուդանում տեղի ունեցած զարգացումներից հետո երրորդ փուլ սկսվեց, ազգային փոքրամասնությունները էլ ավելի ոգեւորվեցին, որովհետեւ ոչ միայն Հարավային Սուդանն անկախացավ, այլեւ սրանից դուրս եւս տեղի ունեցան հանրաքվեներ, կոմպակտ ապրող ազգային փոքրամասնությունները ինքնորոշվելու հնարավորություն ստացան։

– Կարծում եք՝ այս հեռանկա՞րն է ետ պահում Ադրբեջանին:

– Եթե արդեն ինքնորոշման իրավունք են ստանում կոմպակտ ապրող ազգային փոքրամասնությունները, որոնք անգամ չունեին ինքնավարության կարգավիճակ, չէ՞ որ երրորդ փուլում անկախություն են ստանում նախկին ինքնավարությունները, առաջինը գաղութներն էին, երկրորդը՝ Խորհրդային Միության եւ Հարավսլավիաի, Չեխոսլովակիայի պետությունները, հանրապետությունները, եւ հիմա՝ նախկին ինքնավարությունները: Սուդանը ոչ միայն դա դարձրեց օրինաչափություն, այլ նաեւ բացեց մի նոր փոքր դուռ, եւ արդեն կոմպակտ ապրող փոքրամասնությունները հնարավորություն ստացան: Հիմա, ենթադրենք, Ադրբեջանը սկսում է պատերազմը, բնական է, որ նրա կողմից պատերազմական գործողությունների վերսկսումը եւ պարտությունները մարտի դաշտում կարող են ոգեւորել ազգային այլ փոքրամասնությունների, որոնք հոգնել են ադրբեջանական լծից, ուզում են թոթափել այդ լուծը: Իսկ ազգային փոքրամասնություններ ապրում են նաեւ հարեւան պետություններում, եւ սա արդեն կնշանակի, որ նրանց օգնության կգան իրենց եղբայրակիցները: Եվ այս ամենը կբերի բոլորովին այլ իրավիճակի եւ անկանխատեսելի հետեւանքների: Իսկ գերտերությունները չեն ուզում Ադրբեջանի քմահաճույքի պատճառով ընկնել տհաճ զարգացումների մեջ: Մյուս կողմից՝ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ նիշը խախտելու դեպքում ուժգին հակահարված կստանա, որովհետեւ մեր բանակը շատ լավ պատրաստված է ու ցանկացած ոտնձգություն կարող է կանխել եւ կարող է պատերազմական գործողությունները տեղափոխել ագրեսոր երկրի խորքերը՝ նրան պարտադրելով խաղաղություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել